Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Դեկտեմբեր 11,2013 13:27
Mheri-hayry

Մհերի հայրը:

Mhery-mor-het

Մհերը՝ մոր հետ:

«Աշխատասեր, ստեղծող երիտասարդ էր»

Արարատի Արմաշ գյուղում Մհեր Շահնազարյանին բոլորը հիշում են տրակտորի ղեկին նստած՝ աշխատելիս:

«Դպրոցից գալիս էր տուն, տրակտոր ունեի, վերցնում էր ու աշխատացնում: Մեր Արմաշի ալրաղացի հիմքի քարն իր ընկերների հետ միասին տեղափոխեցին: Բոլորը զարմացել էին, որ 13 տարեկան երեխուն տենց պատասխանատու գործ են տվել. հա՛մ դաշտերն էր մաքրում ու օգնում ժողովրդին, հա՛մ էլ այլ գործեր էր անում: Ամեն տեղ հարգանք էր վայելում»,- պատմում է Մհերի հայրը՝ 51-ամյա Սամվելը:

Շահնազարյանների ընտանիքն Իրանից ներգաղթել է Հայաստան 1946թ., սկզբում բնակվել են Գորիսում, այնուհետեւ տեղափոխվել են Արմաշ գյուղ: Մհերն էլ այստեղ է ծնվել՝ 1985-ի հոկտեմբերի 30-ին: Գյուղում Մհերենց ընտանիքին բնութագրում են որպես աշխատասեր եւ հարգանք վայելող ընտանիք:

«Մհերը լրիվ ուրիշ տեսակի տղա էր՝ շատ ջերմ, ուժեղ, աշխատասեր եւ հասկացող: Միասին ծառ էլ ենք տնկել, ուտել-խմելու էլ ենք գնացել: Ծառ տնկելուց առաջինն ինքն ա եկել, եթե պետք էր լինում ջրատար առուները մաքրել՝ էլի առաջինն ինքն էր, եթե քեֆի էինք գնում՝ էլի առաջինն ինքն էր: Մի խոսքով, ստեղծող, աշխատասեր երիտասարդ էր»,- պատմում է գյուղապետը՝ Հակոբ Զեյնալյանը:

«Դպրոցում միջակ էր սովորում, բայց, որ ուզենար, ավելի լավ կարող էր սովորել, պարզապես շատ աշխույժ էր, ամեն մի խոսքը հումոր էր»,- հիշում է Մհերի մայրը՝ Կիման: Նրա խոսքերով՝ տղան շատ էր սիրում բանաստեղծություններ կարդալ, ժողովրդական երգեր ունկնդրել:
Դպրոցի տնօրենն էլ նշում է, որ, չնայած, Մհերը լավ առաջադիմություն չուներ, բայց միշտ մեծ ուրախությամբ եւ պատրաստակամորեն կատարում էր բոլոր հանձնարարությունները, կարողանում էր ընկերներին իր շուրջ հավաքել:

Հարազատները պատմում են, որ գրեթե ամեն օր դասերից հետո Մհերն իր հորը պատկանող տրակտորով գնում էր համագյուղացիներին օգնելու եւ շատ հաճախ գումար չէր վերցնում իր աշխատանքի համար, կամ ստացած գումարը տալիս էր գյուղի կարիքավոր մարդկանց:
«Մի օր դաշտից շատ հոգնած եկա, տեսնեմ՝ հեծանիվի ինչ-որ մաս ա սարքում, ասեցի՝ էս ի՞նչ գործի ես, ասեց՝ պա՛պ ջան, երկու հատ հավ են խոստացել հեծանիվը սարքելու համար: Հեծանիվի անիվը հավաքեց, ամրացրեց, տվեց տիրոջը: Հավերը վերցրեց, մեկը տվեց ընկերոջը, մյուսն էլ՝ տեղում մորթեցին, խորոված արեցին»,- պատմում է Մհերի հայրն ու հավելում, որ որդին երբեք իր ունեցած գումարը մենակ չէր ծախսում:

Մհերի մայրը հիշում է, որ որդին շատ էր սիրում տոներ, եւ մշտապես նվերներ էր մատուցում մորը: «Նոր տարուն, եթե տանը չլինեի, տուն եկած հյուրերին էնպես էր հյուրասիրում ու ճանապարհում, որ բոլորը զարմանում էին: Շատ մաքրասեր էր, տունն էնպես էր հավաքում, որ, նույնիսկ, աղջիկները տենց չէին հավաքի: Սիրում էր գեղեցիկ, կոկիկ հագնվել, երբեմն ինքն էր իր շորերը լվանում, արդուկում: Շատ ուշադիր էր իր արտաքին տեսքի նկատմամբ»,- հիշում է մայրը:

Մհերն ընտանիքի միջնեկ որդին է: Կրտսեր եւ ավագ եղբայրները Մհերի մասին դժվարանում են խոսել:
«Մենք շատ մտերիմ էինք եղբայրներով: Ճիշտ ա, հաճախ վիճում էինք, բայց իրար շատ էինք սիրում: Մհերը փոքրուց էլ շատ չարաճճի էր, իր խոսքի տերն էր, միշտ ասում էր մարդու երեսին այն, ինչ մտածում էր»,- հուզմունքը զսպելով՝ ասում է Մհերի ավագ եղբայրը՝ 29-ամյա Միհրանը:

2003-ին Մհերն անցնում է զինվորական ծառայության: Հայրն իր ծննդյան օրը՝ մարտի 22-ին, սպասում էր, որ որդին կզանգի իրեն, որպեսզի շնորհավորի, սակայն որդին այդպես էլ չզանգեց…
«Մենք իրանահայ ժողովուրդ ենք, դարեր շարունակ մեր նախնիներն ապրել են պարսկական լծի տակ, ոչ մեկին ոչ մի բան չի եղել, եկել հասել ենք Հայաստան: 1990-ականներին՝ պատերազմի տարիներին, կրակոցների ժամանակ երեխաներին մի կերպ փախցնում, պահում էինք նկուղներում, բայց, տարիներ անց, մեր տղան զոհվեց հրադադարի պայմաններում»,- հուզված ասում է Մհերի հայրը:

Մհեր Շահնազարյանը զոհվել է 2005թ. մարտի 22-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031