Ամանորյա հյուրասիրության սեղանի համար չամաչելու եւ պատվով դուրս գալու համար անհրաժեշտ կլինի 150-220 հազար դրամ: Պատվով սեղան գցելու հաշվարկները կատարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, որն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, ասաց, որ իր հաշվարկած 150-220 հազար դրամը 30 հյուրերի հաշվով է կատարել: Պարոն Պիպոյանի փոխանցմամբ` այդ գումարը կբավականացնի սեղանին ունենալ մսամթերք, հնդկահավ, ձուկ, հյութ, ոգելից խմիչքներ, ընդեղեն, քաղցրավենիք, և, իհարկե, այդ գումարի մեջ ներառված են նաեւ աղցանների համար նախատեսված մթերքները:
Ըստ Պիպոյանի՝ հյութեր գնելու համար 15 հազար դրամ է հարկավոր, իսկ օրինակ` տավարի մսի համար 25 հազար դրամ, քաղցրավենիքի եւ չրերի տեսականիի համար` 30 հազար դրամ, երշիկեղենի` 15-20 հազար դրամ, ընդեղենի` 20 հազար դրամ:
Սպառողների պաշտպանը հորդորում է շատ շուտ չկատարել գնումները` մտավախություն ունենալով, որ վերջին օրերին թանկացում կլինի: Պիպոյանը վստահ է, որ միսը չի թանկանա, քանի որ գյուղացիները մորթում են իրենց անասուններին ու շուկայում առաջարկը շատ է: Սակայն բարձր մակարդակի առաջարկն իր վատ կողմն ունի, ըստ Պիպոյանի գյուղացիք պարզապես չեն կարողանում պահել անասուններին` անասնակեր չունենալու պատճառով, ուստի գրեթե բոլորը մորթում են: Մորթի պատճառով որոշ ժամանակ հետո մսի դեֆիցիտ կլինի և, իհարկե, գները կտրուկ կաճեն:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ն ուսումնասիրություն է կատարել նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում, որտեղ կան որոշ խանութներ, որոնց հայտարարած զեղչերը խաբկանք են: Ուստի, պարոն Պիպոյանը հորդորում է սպառողներին` զգույշ լինել. «Սեպտեմբերին հեռուստացույցը մի խանութում վաճառվում էր 240 հազար դրամով,հիմա հայտարարվել է զեղչ 30%, բայց վաճառվում է 243 հազար դրամով: Նման բան կա նաեւ հագուստների խանութներում, օրինակ` վերարկուն 80 % զեղչ ունի, գինը` 30 հազար դրամ, բայց այդ վերարկուն դժվար թե արժենար 300 հազար դրամ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ