«Շավարշ Քոչարյանի պատասխանն իմ տպավորությամբ այնքան էլ դրական չէ: Ես նման բան չէի ասի, առաջ չէի ընկնի, քանի որ դիվանագիտությունն ավելի շատ լսել, քան ասել է սիրում»,-Aravot.am-ի հարցին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցին ընդառաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն ինչպե՞ս է գնահատում, այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը ասաց. «Երևում է, որ Դավութօղլուի նախնական հայտարարությունները սրանց խելքի են բերել ու նախապես Շավարշի միջոցով սթափեցնում են, թե գիտենք՝ ինչու ես գալու ու ինչ ես խոսելու: Փաստորեն պատասխան են տալիս»:
Պարոն Ալեքսանյանը խորհուրդ է տալիս «այդքան մեծ տեղ չտալ Դավութօղլուի ասածներին»: Հակադարձելով Գուրգեն Եղիազարյանի այն պնդումներին, թե տարիներ շարունակ բանակցել ենք եվրոպացիների հետ, հիմա ռուսների հետ ենք միության մեջ մտնում, պարոն Ալեքսանյանն ասաց. «Համաձայն չեմ այն դիրքորոշմանը, թե երեք տարի ոչ մի բան Ռուսաստանի հետ չէինք անում: Բա ո՞վ էր քառասուն տարի ՌԴ-ի հետ պայմանագիր կնքում: Նաև անցած իշխանությունները ՌԴ-ի հետ հարաբերություններում միշտ եղել են հստակ ու կոմպակտ: ՌԴ հարաբերությունները նոր են, ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել»:
Այս առիթով պարոն Եղիազարյանը հորդորեց. «Էդ ձեր վարչապետին կարգի հրավիրեք, նա քիթը թող չխոթի արտաքին քաղաքականության մեջ: Նա մեկ շաբաթ առաջ հայտարարում է, թե Մաքսային միությանը կարող է անդամակցել միայն խեղկատակը, քանի որ ընդհանուր սահման չունենք, դրանից հետո պարզվում է, որ մտնելու ենք: Վարչապետի ձեռը կրա՞կն եք ընկել: Ասեք, որ այն կղզիներում, որ տերտերի հետ գնում-պտտվում է, չգնա»:
Լեռնիկ Ալեքսանյանն արձագանքեց. «ՀՀ նախագահ կա, որն ի վիճակի և ընդունակ է նման հայտարարություններ անել: Իսկ վարչապետի հայտարարությունները ճիշտ չեք մեկնաբանում: Արտաքին քաղաքականությունը վարչապետը չի վարում»:
Գուրգեն Եղիազարյանը հարցրեց, թե երկրի բյուջեից հազարավոր դոլարներ են ծախսվել ու մարդիկ գործուղվել Կիպրոս, որ այնտեղից ստորագրություն բերեն, հիմա ի՞նչ է պարզվել ստորագրությունը Տիգրան Սարգսյանի՞նն էր: Պարոն Ալեքսանյանը պատասխանեց, որ այդ հարցերը պիտի պարզվեն, նոր պատասխան տան:
Անդրադարձ կատարվեց նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Լեռնիկ Ալեքսանյանը ասաց. «Փորձում են ձևավորել քաղաքական ուժ: Իմ կարծիքն է այն, որ անունը ինչ դնենք, կարևորը գործողությունն է: Եթե այսօր ընդդիմությունն իր գործունեությունը պիտի ծավալի ինչպես մինչև այսօր եղել է, լավ լինի, վատ լինի, միայն վատն են ասում, դա չի աշխատի: Եթե կարծում եք, որ այդ նախաձեռնության մեջ միայն Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն են, սխալվում եք: Այդտեղ կան ուժեր, ընդդիմությունն իր անունն է ուզում փոխել»:
Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ չի անդամակցելու այդ նախաձեռնությանը, ոչ էլ Լյուդմիլա Սարգսյանի նորաստեղծ կուսակցությանը, սակայն ողջունում է նախաձեռնությունը:Հարցին՝ կո՞ղմ է նախաձեռնությանը, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ցանկացած մարդ՝ ով դեմ է Սերժ Սարգսյանին, նա իմ բարեկամն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ