Քաղաքացի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ն. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի հուլիսի 24-ին Իջևան քաղաքի` իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով Ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով պարտադրված՝ գրել է, որ հաշտվել է Ա. Պ.-ի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պարտք ու պահանջ չունի:
Միաժամանակ, Ն. Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ վերը նշված դեպքից հետո իր բնակարանից անհետացել են իրեն պատկանող 150.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 90.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, 3000 ՀՀ դրամը, և կարծում է, որ նշված իրերը, ինչպես նաև` գումարը վերցրել է Ա. Պ.-ն: Վերջինս իր կասկածի մասին բազմիցս հայտնել է քննիչ Ա. Ղ.-ին, սակայն նա այդ հանգամանքը չի արձանագրել և քննության առարկա չի դարձել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն