Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյանի որդու ցուցմունքը «ֆինանսական բուրգի»-ի գործով. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2013 11:57

Բացի Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուց՝ Արմեն Նազարյանից, սույն գործով ցուցմունք է տվել նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդին՝ Ռուբեն Բաբակեխյանը։ Նա էլ իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության 2-րդ բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։

Ինչպես նաեւ նշել է, որ բացի պետական աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձից, իր եկամուտի աղբյուրն են կազմում նաեւ իրեն եւ կնոջը պատկանող մթերային խանութը, որը գտնվում է Էրեբունի ԲԿ շենքի 2-րդ հարկում։ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հանդիսանում է իր մորեղբայրը, իսկ մորեղբոր որդու՝ Արմեն Նազարյանի բիզնեսից ընդամենը տեղյակ է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցից եւ «Վերանդա» ռեստորանից։ Արմեն Նազարյանի մյուս բիզնեսները Ռուբեն Բաբակեխյանին այդքան էլ չեն հետաքրքրել։

Գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանին ճանաչում է մանկուց եւ վերջինիս հետ գործարք է կատարել մեկ անգամ. «Բաղրամյան 77/8 հասցեում Արթուրը աշխատեցնում էր «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական գրասենյակ եւ սպորտ կաֆե։ 2012թ.–ի աշնանը Արթուրը ասեց, որ այդ տարածքը ինքը գնել է հիփոթեքով, բանկից վարկ է վերցրել, որը չի կարողանում մարել։ Արթուրը առաջարկեց, որ ես գնեմ տարածքը 100 հազար ԱՄՆ դոլարով, որպեսզի նա մի բան էլ իր կողմից ավելացներ գումար ու մարեր բանկի վարկերը։ Ես մտածեցի առաջարկի մասին եւ ունեի գումար, որը ոչ մի տեղ շրջանառության մեջ դրված չէր։ Համաձայնվեցի գնել տարածքը։ 2012թ. նոյեմբերին 100 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվեցի Արթուրին, նա պետք է տաներ լուծեր բանկի հետ իր հարցերը, գրավից ազատեր տարածքը։ Դրանից մի քանի օր հետո մայրս Արթուրի հետ գնացել է նոտար եւ կնքել առքուվաճառքի պայմանագիր։ Տարածքը գրանցվել է եւ մինչ օրս էլ կա մորս անունով»,- իր ցուցմունքում նշել է Ռուբեն Բաբակեխյանը։

Քննիչի հարցին, թե ե՞րբ, ի՞նչ պայմաններով, որքա՞ն գումար է նա տվել Արթուր Անդրեասյանին, ի՞նչ գրավի դիմաց, քանի՞ տոկոսով, Շիրակի մարզի ոստիկանապետի որդին պատասխանել է, թե երբեւիցե նման բան չի եղել, որ ինքը պարտքով գումար տա Արթուրին, առավելեւս տոկոսով։

Քրգործի նախաքննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ Արթուր Անդրեասյանը բարձր տոկոսներով, փոխառությամբ խոշոր գումարներ է վերցրել Ռուբեն Բաբակեխյանից, Արմեն Նազարյանից, Կարեն Մանուկյանից, Սարգիս Սարգսյանից ու մյուսներից, ապա այդ գումարների բարձր տոկոսները մարելու պատճառով ձախողել է ձեռնարկատիրությունը, ինչի արդյունքում «կորցրել է» ինչպես Ռուբեն Բաբակեխյանի, այնպես էլ մյուս պարտքատերերի գումարները։ Նշվածի վերաբերյալ Ռուբեն Բաբակեխյանը նշել է, թե դա հերյուրանք է եւ մոտավոր գիտի, թե ում կողմից է դա արտահայտված. «Վստահ եմ, որ դա Վանոյի Արտակ (Արտակ Գալստյան- հեղ.) կոչեցյալ, նախկինում մի քանի անգամ դատված մի մարդու արտահայտած մտքեր են, նա այդ սուտ տեղեկությունները տարածել էր սկզբում մամուլով, իսկ հետո էլ արդեն այս քննության ժամանակ»,- քննիչի հարցին պատասխանել է Ռուբեն Բաբակեխյանը։

Նախաքննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ռուբեն Բաբակեխյանը եւ իր հայրը՝ Կարեն Բաբակեխյանը, 2012թ.-ին Արթուր Անդրեասյանից ստիպողաբար, պարտքի դիմաց Ռուբեն Բաբակեխյանի անվամբ է ձեւակերպել Բաղրամյան պողոտա 77-8 հասցեում գտնվող տարածքը։ Քննիչը հորդորել է Ռուբեն Բաբակեխյանին պատմել իրականությունը, ինչին ի պատասխան, վերջինս նշել է, թե նման բան չկա, ինքը օրինական ճանապարհով ձեռք է բերել այդ տարածքը առքուվաճառքի պայմանագրով եւ վճարել է 100 հազար ԱՄՆ դոլար։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031