Գեղանկարիչ Շոթա Խաչատրյանն անելանելի վիճակում է, կարող է իր 500 եւ ավելի աշխատանքներով հանդերձ հայտնվել բաց երկնքի տակ: Քիչ անց նկարչի աշակերտները հանդես կգան ասուլիսով:
Aravot.am-ի հետ զրույցում նրա աշակերտներից Էմմա Հարությունյանը նշեց. «Շատ եմ ցավում եմ, որ տաղանդավոր նկարիչը՝ Շոթա Խաչատրյանը, որն իր ողջ կյանքը նվիրել է նման գործեր ստեղծելով, մեր ազգի արժեքը բարձրացնելով, այսօր ողբերգական վիճակում է: Հնարավորություն չկա նրա նկարները փրկելու՝ մի ծածկի տակ, մի ցուցասրահում: Կամ գոնե դրանք վաճառվեն մի բարերարի: Ընդ որում, այն բարերարը, որը կգնի Շոթա Խաչատրյանի աշխատանքները, խոշոր շահումով դուրս կգա: Շոթա Խաչատրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է աշակերտներին: Նա ունի բազմաթիվ աշակերտներ, որոնք անգամ վրձին բռնել չգիտեին, սակայն այսօր ունեն հրաշալի յուղաներկ աշխատանքներ: Այս սաներից մեկն էլ ես եմ: Նկարելը բոլորիս դեպրեսիայից դուրս գալու, ինքնադրսեւորվելու յուրատեսակ միջոցն է: Այժմ իմ ողջ շրջապատը հիանում է իմ աշխատանքներով՝ Շոթա Խաչատրյանի շնորհիվ»
Հիշեցնենք, որ Շոթա Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր , թե ստիպված է ազատել այն տարածքը, որտեղ շուրջ 10 տարի ստեղծագործել է: Այժմ գեղանկարիչը չգիտի, ինչպես վարվել մոտ 200 գեղանկարչական եւ շուրջ 300 գրաֆիկական աշխատանքների հետ: Նա պատրաստ է իրեն տարածք տրամադրելու դեպքում փոխհատուցել գեղանկարներով, որոնք, ըստ հեղինակի, թանգարանային գործեր են:
Ի դեպ, Aravot.am-ի հրապարակումից հետո արձագանքել էր միայն Պտղնիի գյուղապետը եւ ցանկություն հայտնել տարածք տրամադրել: Շոթա Խաչատրյանին, սակայն, տարբեր առումներով, մայրաքաղաքից դուրս ստեղծագործելը հարմար չէ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ