Սակայն պաշտոնական Երեւանը Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հստակ օրակարգ պետք է ունենա
«Առավոտ»-ը երեկ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով փոխանցվել է Ահմեդ Դավութօղլուին: Ըստ ԱԳՆ-ի «Առավոտ»-ի աղբյուրների՝ Հայաստանը գաղտնի խողովակներով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին է փոխանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ՝ երեք կետերով. Թուրքիան պետք է հրապարակավ ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, անհապաղ պետք է բացի Հայաստան-Թուրքիա սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, ինչից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կկարողանա հանդես գալ խաղաղարար ջանքերով եւ իրավունք կստանա հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման եւ հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին Երեւանում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Թուրքական լրատվամիջոցները տեւական ժամանակ է՝ դեռ Սարգսյան-Ալիեւ վերջին բանակցություններից առաջ, անընդմեջ ներկայացնում են Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: Պաշտոնական Անկարայի ակնկալիքը մոտավորապես հետեւյալն է՝ Հայաստանը «պետք է ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից առնվազն երկու շրջան», ինչի դիմաց Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը:
Պարզ է, որ Դավութօղլուն երեւանյան այցի շրջանակներում ՀՀ իշխանություններին մեկ անգամ եւս կներկայացնի պաշտոնական Անկարայի դիրքորոշումը: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դավութօղլուն ծրագրել է երեւանյան այցի ընթացքում հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, այժմ փոխարտգործնախարար Ալի Բաբաջանը ՍՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով 2009-ին ժամանեց Երեւան, ապա մի քանի ամիս անց Շվեյցարիայում Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:
Կարդացեք նաև
Վերջին ամիսներին պաշտոնական Թուրքիայի աննախադեպ ակտիվության ֆոնին պաշտոնական Երեւանը, հավանաբար, որոշել է տեղեկատվական, դիվանագիտական քարոզչության գործիքներից օգտվել: Եթե իսկապես Հայաստանի կողմից Անկարային է ներկայացվում ճանապարհային քարտեզ, ապա այն կարելի է հակակշիռ համարել Թուրքիայի իշխանությունների վերջին շրջանի պահանջներին ի պատասխան:
Առհասարակ, վաղուց պիտի պաշտոնական Երեւանը Թուրքիայի իշխանությունների հետ խոսեր ավելի «առարկայական», մանավանդ, երբ Թուրքիան, ըստ էության, տապալել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը, եւ դրանք մի կողմ դնելով՝ տեւական ժամանակ է՝ անվերջ պահանջում է Լեռնային Ղարաբաղի խնդրի արագ կարգավորում՝ ներկայացնելով ադրբեջանանպաստ պահանջներ:
Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում երկու կողմ ունի՝ Ադրբեջան-Թուրքիա տանդեմով: Պաշտոնական Անկարան վերջին շրջանում այնքան է ակտիվացել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների վերաբերյալ տարածած հաղորդագրություններում բաց, անթաքույց նշվում է այն մասին, թե Թուրքիան այս կամ այն ակնկալիքներն ունի ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացից: Սա իսկապես անընդունելի է, քանի որ Թուրքիան, լինելով կարգավորման շահագրգիռ կողմ, հանդես է գալիս Ադրբեջանի շահերից եւ ԼՂ խնդրի պատճառով Հայաստանը շրջափակման է ենթարկում, ինչը իրականում թշնամական գործողություն է հարեւան երկրի նկատմամբ:
Առաջիկա օրերին Ահմեդ Դավութօղլուի այցով հազիվ թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բեկում արձանագրվի: Անկարայի հաշվարկներն ու հույսերը՝ կապված ԼՂ խնդրի կարգավորման հետ, կարող են սին մնալ, սակայն պաշտոնական Երեւանը կարող է փոքր-ինչ դիրքերն ամրացնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ճակատում՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հստակ հանդես գալով թե՛ պաշտոնական Անկարային, թե՛ միջազգային հանրությանն ուղղված պահանջով նախեւառաջ Թուրքիայի կողմից Հայաստանը շրջափակման մեջ պահելու փաստի կապակցությամբ:
Միջազգային հանրությունը, իհարկե, ընկալում է, որ Թուրքիան է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արգելակողը, բայց դա ամենեւին էլ չպետք է պաշտոնական Երեւանի համար մխիթարանք լինի, առավել եւս՝ ձեռքերը ծալած նստելու հարմար առիթ դառնա: Ընդհակառակը՝ պաշտոնական Երեւանը Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հստակ օրակարգ պետք է ունենա, որը պետք է նպաստի Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի շուրջ հնարավորինս չեզոք դիրք բռնելու, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսքից գործի անցնելու հարցում կոնկրետ քայլեր իրականացնելու առումով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ