Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն երկուշաբթի. Հեռակա զրույց Վարդան Պետրոսյանի հետ

Դեկտեմբեր 11,2013 11:00

Մէկ ամիս Երեւանում  մնալուց յետոյ, Հոկտեմբեր 18-ին վերադառնում ենք Լոս Անճելէս: Մինչ այդ Մարիետան տենդագին փորձում էր տոմսակ հայթայթել քո ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ներկայացման համար: Եւ միայն վերջին պահին յայտնի դարձաւ, որ մենք հրաւէր ունենք: Ի՞նչ բախտաւորութիւն. ինձ տանում նստեցնում են  սրահի առաջին կարգի ճիշդ մէջտեղի աթոռին, բեմից մէկ-երկու մետր հեռաւորութեան վրայ, ուր, սովորաբար «ընտրովի» մարդիկ են բազմում…Դու`Վարդան, ինձ մագնիսացրել էիր: Չգիտեմ, թէ իմ ետեւում նստած  հանդիսատեսները ինչ էին զգում, բայց ես «խաղում էի» քեզ հետ, ապրում, շնչում քո ամէն մի բառի, նախադասութեան հետ: Միայն թէ չէի կարողանում քեզ նման «ատլետաւարի» թռչել բեմի մի ծայրից միւսը: Եւ ո՞րտեղից քեզ այդքան թեթեւութիւն, եւ այն էլ յիսունն անց տարիքում:

– Աստուած իմ,- մտածում էի ես,- ո՞րտեղից այս արուեստագէտին այդքան շռայլ, բազմակողմանի տաղանդ. մնջախաղ, պար, բալետ, մարմնամարզութիւն, գրող, դրամատուրգ, բեմադրիչ,  երաժշտութեան հեղինակ եւ ձեւաւորող: Լինում են վայրկեաններ, որ քո միայն դիմախաղով  ու աչքերի արտայայտութեամբ, ինձ ֆրանսիացի դիմախաղի ականաւոր վարպետ  Մարսել Մարսոյին (MARCEL MARCEAU) ես յիշեցնում: Կա՛, անշուշտ կայ քո արուեստում ֆրանսիական թատրոնի եւ կոմեդիայի (Comedie Francaise) բարեբաստիկ ազդեցութիւնը: Բայց քոնը, քոնը` իսկական հայկական կոմեդին է, որի մէջ ցաւն աւելի շատ է, քան խնդուքը: Դու մարդկանց, հանդիսատեսին «զուարճացնում ես» լացի, շատ յաճախ սգոյ լացի միջոցով: Նման արուեստը եւս յեղափոխութեան մարտահրաւէրի իւրօրինակ մի նմուշ է:

Գիտե՞ս, թող քեզ  չը թուայ, թէ ես քեզ առաջին անգամ եմ տեսնում բեմի վրայ: Ես քո բոլո~ր նեկայացումները նայել եմ, ու գիտե՞ս որտեղ` իմ տանը, ԵՐԵՒԱՆՈՒՄ: Ստացուել է այնպէս, որ ամէն տարի, լինելով Երեւանում, իմ այնտեղ եղած ժամանակը համընկել է քո ներկայացման օրերին:

Դու քո ամէն մի նոր ներկայացումը բերում ես Լոս Անճելէս: Այստեղ էլ են քեզ սիրում ու գնահատում: Դու միշտ ասելիք ունես, յորդոր, պատգամ: Բայց միեւնոյնն է, Սփիւռքը այնպես չի զգում, հասկանում, թէ ինչե~ր կան քո տողերի տակ թաքնուած, չի հասկանայ քեզ այնպէս, ինչպէս հասկանում է հայաստանաբնակ հայը, որովհետեւ նա իր սեփական մաշկի վրայ է զգում, էապէս ապրում ու շնչում այն ամէնով, ինչով որ դու: Թէեւ ասեմ, որ Սփիւռքն էլ, գնալով, է՛լ աւելի է ՀԱՅԱՍՏԱՆԱՆՈՒՄ, որովհետեւ ամէն ինչ գիտի Հայաստանի մասին, ապրում, շնչում է Հայաստանով: Հասկանում է, թէ ինչպիսին է Հայաստանի վիճակը եւ ուր է գնում: Աւելին` նա մշտապէս հոգու ցաւով է ապրում, հաց ունի, բայց աղը պակաս է այդ հացի մէջ: Նա թոնրի կողքին ծալապատիկ նստած, թոնրից լաւաշ հանող պառաւ նանի հացին է կարօտ:

… Քո ներկայացման օրը Հոկտեմբերի 21-ն էր, եւ 20-ին գնացել էիր Եղվարդ, ներկայացումից առաջ փոքր-ինչ հանգստանալու, մտքերդ ի մի բերելու, գուցէ եւ ինչ-որ բան շտկելու: Ւ՞նչ իմանաս: Անցեալ եւ նախանցեալ տարի ես երկու-երեք ամիս  գնացել-եկել եմ Եղվարդ, եւ այն էլ իւրաքանչիւր Շաբաթ օր:

Շնորհալի բանաստեղծ Արամայիս Սահակեանի առողջական վիճակը գնալով սրանում էր: Եւ նա վերջին մի քանի տարին մշտապէս մարդ-ընկեր էր փնտրում իր կողքին, մանաւանդ ամառ ժամանակ, երբ ինքը հանգստանում էր Եղվարդում: Մտերիմ ընկերոջ իրաւունքով, եւ իրեն տուած խոստման համաձայն, երեք ընկերներով անմոռանալի եւ յիշատակելի օրեր ենք անցկացրել բանաստեղծի ամարանոցում:

Այս տարուայ Մարտին Արամայիսն արդէն չկար: Մահուան քառասունքի արարողութեանը ես եւ Մարիետան ներկայ էինք: Հոգեճաշին դու էլ կայիր, սիրելիդ իմ Վարդան: Որքան գիտեմ, իր տղան`Վահրամը,  քո ընկերներից է: Դուք, ընկերներով հարեւան սեղանին էիք: Ես փորձեցի մօտենալ քեզ ու մի քանի «քաղցր խօսք» ասել, բայց դուք շատ էիք տարուած ձեր խօսակցութեամբ…

Ինչեւէ, ինչպէս ասում են. «Եղվարդը քո վրայ չեկաւ»: Ափսո~ս, շատ ափսոս: Դժուար է հաւատալ, որ, ո՞վ գիտէ, ո՞րքան ժամանակով ես բացակայելու հասարակութիւնից, քո ժողովրդից, քո հանդիսատեսից, որը քեզ իսկապէս արժանիօրէն սիրում ու գնահատում է թէ Մայր Հայրենիքում եւ թէ նրա սահմաններից դուրս:

Այս մէկ ամսուայ ընթացքին շատ ջրեր հոսեցին, կապուած` նախաքննութիւնը դեռ չաւարտած քեզ արգելափակելու վերաբերեալ: Ի պաշտպանութիւն քեզ ահագին ստորագրութիւններ հաւաքուեցին, մամուլում ելոյթներ ունեցան անուանի մարդիկ, անուանի արուեստագետներ: Բայց նրանցից ոչ ոք չիմացաւ թէ ինչ ապրումների մէջ էի ես Հոկտեմբեր 14-ի` քո ժամանակաւոր ՎԵՐՋԻՆ ներկայացման ժամանակ:

Դու հուր էիր այդ օրը, չմարող, անդադրում բոցավառուող կրակ: Ճիշդ է, դու մասնագէտ երգիչ չես, բայց քեզ համար մեղեդին  միջոց էր քո բանաստեղծութեան միտք բանին (ինչպէս միշդ) տեղ հասցնել հանդիսատեսի երեւակայութեանը եւ բորբոքել նրա երակներում յուսահատութիւնից տակաւ առ տակաւ մարելու պատրաստ կրակը:

Ես ինձ կորցրել էի, թաշկինակ էլ չկար գրպանումս, որպէսզի կարողանայի չորացնել յուզմունքից թրջուող աչքերս:

Հիանալի մտայղացմամբ աւարտեցիր քո յօրինած ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ սիրելի Վարդան, եւ, ամէնակարեւորը, մի պայծառ, լուսաւոր էջ աւելացրիր իմ կենսագրութեանը: Չգիտեմ, դու հասկացա՞ր, թէ ինչ հոգեկան ահռելի բեռան տակ թողեցիր դու ինձ, երբ բեմից իջար ներքեւ, մօտեցար, ձախ ձեռքդ մեկնեցիր ինձ` հասկացնելով, որ բարձրանամ աթոռից, իսկ աջով վերցրիր միջանցքի ձախ կողմի առաջին կարգի հանդիսատեսի ձեռքը եւ երեքս շրջուած հանդիսատեսի կողմը, ամբողջ սրահի հետ միասին լսում էինք քո երգ-մարտակոչը.

ԹՈՂ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԳԸ ԼԻՆԻ

ՄԵՐ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

ԱՀԱ ԱՅՍՊԷՍ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ

ՁԵՌՔ-ՁԵՌՔԻ ՏՈՒԱԾ ԿԵՐԳԵՆՔ ԱՅՍՊԷՍ…

Այնուհետեւ, ամբողջ սրահը անսալով քո կոչ-հրամանին` մէկ մարդու պէս , ոտքի ելած, ձեռք-ձեռքի բռնած սկսեցին մեզ հետ միասին երգել.

ՈՎ ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ, ԻՆՉՈ՞Ւ ՄՕՏԵՑԱՐ,

ՍՐՏԻՍ ԳԱՂՏՆԻՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ԻՄԱՑԱՐ

ՄԻ ԱՆՄԵՂ ՍԻՐՈՎ ԵՍ ՔԵԶ ՍԻՐԵՑԻ,

ԻՍԿ ԴՈՒ ԱՆԻՐԱՒ, ԴԱՒԱՃԱՆԵՑԻՐ:

… Դու այնքան ամուր էիր բռնել ձեռքս, կարծես թէ մտավախութիւն ունէիր, թէ ձեռքդ բաց կը թողնեմ: Բայց ո՞վ կը թողնէր սառոյցից էլ սառը, աներեւակայելի յուզմունքից  սառած քո ձեռքը: Ամբողջ երգեցողութեան ընթացքին ես գլուխս հայրաբար դրել էի քո կրծքին եւ աչքերիցս հոսում էին արցունքները:

Այնուհետեւ` ողջ ներկայացման ասելիքը ամփոփող մէկ ուրիշ երգ: Դա` անցեալ դարի 60-ականնների սկզբներին Հայրիկ Մուրատեանի կատարմամբ շատ յաճախ հնչող, հայրիկիս ամէնասիրած երգերից մէկն էր, որ երգել տուիր ողջ սրահին ու մեր «չերգող» ժողովուրդը երգեց միաձոյլ, միասնական, ինչպէս մի փառահեղ  երգչախումբ.

ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

ՀՈԳՍԵՐԴ ՇԱՏ, ՅՈՅՍԴ ՄԵԾ,

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐ

Մի՛ վհատուիր տղաս: Այսքան տարի դու ասել ես այն` ինչ մտածել ես, այն` ինչը գտել ես ճիշդ: Իսկ Ճշմարտութիւնը, պատահում է, ուշանում է, բայց ի վերջոյ նա է յաղթողը:

Դու ճշմարտութեան  ամէնաառաջաւոր ջահակիրներից ես:

Մենք հաւատում եւ սիրում ենք քեզ: Ամուր մնա՛, Վարդան:

 

ՀԵՆՐՒԿ ԱՆԱՍԵԱՆ

Լուսանկարը` ARMENPRESS-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Լավ, մի սրբագրիչ չկա՞ր՝ էսքան հուզական, գեղեցիկ նյութը սրբագրեր։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031