Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Մեր պետությունն այնքան ներուժ չունի, որ մենք մեծ երկնաքերներ կառուցենք ու զարմացնենք աշխարհին»

Դեկտեմբեր 10,2013 19:21

«Ճարտարապետությունը բավականին թանկ հաճույք է յուրաքանչյուր երկրի համար: Եվ մեր պետությունն այնքան ներուժ չունի, որ մենք կարողանանք մեծ երկնաքերներ կառուցել ու զարմացնել աշխարհին»,- այսօր «Մենք» մշակութային մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ դրա կարիքը բոլորովին չկա էլ, որովհետև աշխարհի տարբեր երկրներ միշտ էլ  կառուցել են հզոր, մեծ, ծավալուն կառույցներ, բայց մեր ճարտարապետներն իրենց փոքր, կամերային ստեղծագործություններով ցույց են տվել, որ մենք ընդունակ ենք համընթաց քայլելու համաշխարհային ճարտարապետությանը՝ չստեղծելով շատ մեծ ծավալի գործեր: «Խնդիրը ծավալը չէ, խնդիրը մոտեցումն է»,- ասում է ճարտարապետը:

«Շենքի գեղեցիկ կամ տգեղ լինելը դեռ չափանիշ չէ. եթե անգամ շենքը գեղեցիկ է, բայց ճիշտ տեղում չի կառուցված, այսինքն՝ ներդաշնակ չէ իր միջավայրի հետ, նա աչք է ծակում»,- ասաց Մ. Մինասյանը և նկատեց, որ ընդհանրապես կորել է մեր վերաբերմունքը ճարտարապետության նկատմամբ. «Բոլոր շենքերը մի տեսակ այնպիսի ոճ են ձեռք բերել, որ նույնիսկ խորհրդային տարիների տիպարային շենքերն իրենց մեջ ավելի մեծ գրավչություն ունեն: Համենայն դեպս, դրանք դրված են իրենց մասշտաբով և իրենց միջավայրին համապատասխան լուծումներով»,- ընդգծեց բանախոսը:

Նա գտնում է, որ հայկական ճարտարապետության ներկայիս դիմանկարի կերտման գործում ճարտարապետները, երբեմն, այնքան էլ մեղավոր չեն: «Մեղավոր են պատվիրատուները, որոնք ցանկանում են յուրաքանչյուր տարածքից իրենց համար առավելագույն շահութամաս ունենալ, հենց այդտեղից էլ սկսվում են աղճատումները»,- նշեց Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ դաշտն այս առումով կանոնակարգված, կազմակերպված չէ այսօր: «Հիմա, եթե սեփականատերը ձեռք է բերում ինչ-որ տարածք, նրան թվում է, թե այդ տարածքում ինքը կարող է անել ամեն ինչ, կարող է կառուցել ինչ ուզում է: Դրա համար էլ հստակ ասել, թե մեր ճարտարապետությունն այս կամ այն ուղղությամբ է գնում, ճիշտ չի լինի, և ժամանակակից ասելն էլ է շատ տարօրինակ, որովհետև մենք պարզապես շենքեր ենք նախագծում: Սակայն, իմ կարծիքով, քաղաքի կենտրոնում որևէ տարածք ձեռք բերելիս պետք է նախապես հստակեցվի, թե սեփականատերն այդ տարածքը, որպես ինչ կարող է օգտագործել»,- ասում է ճարտարապետը՝ համոզմամբ, որ դա կօգնի խուսափել բազմաթիվ սխալներից: Ըստ նրա՝ մենք կարող էինք շատ սխալներից խուսափել նաև, եթե այդպես հապճեպորեն չկառուցեինք հենց քաղաքի կենտրոնը. «Այդ փորձերը կարելի էր կատարել քաղաքի արվարձաններում»,- եզրափակեց ճարտարապետը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031