Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը

Դեկտեմբեր 10,2013 18:58

Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել  Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաև 2014թ. միամյա ծրագրերը, որոնց հիմնական նպատակը, ինչպես այն ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները նախանշելն է՝ հաշվի առնելով առկա  հիմնախնդիրները, որոնք փաստաթղթերում ներկայացված են ըստ առանձին ոլորտների: Ծրագրերի նախագծերը, ինչպես նշել է հիմնական զեկուցողը, անցել են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, քննարկվել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդում, լրամշակվել են խորհրդի անդամների կողմից արված առաջարկություններով և ստացել խորհրդի դրական եզրակացությունը: Կազմակերպվել են  նաև ծրագրերի նախագծերի   հանրային քննարկումներ, այդ թվում՝  շահագրգիռ անձանց հետ  հանրային բաց լսումների եղանակով: Ծրագրերի նախագծերը նաև ավագանու գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությանն են արժանացել: Քննարկման արդյունքում Երևանի ավագանին գրանցված 56 անդամների քվեարկությամբ՝ ձայների 50 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, հաստատեց Երևանի զարգացման քառամյա և  գրանցված 55 անդամների քվեարկությամբ՝ ձայների 49 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, Երևանի զարգացման 2014թ. ծրագրերը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան  և  Աֆղանստանի պատերազմներում  զոհվածների,  ինչպես  նաև Հայաստանի Հանրապետության  և  Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության  մարտական գործողությունների  ընթացքում  վիրավորված  և  ստացած  վնասվածքներից  հաջորդող տարիների ընթացքում  մահացածների ընտանիքների, ինչպես նաև Արցախյան  և  Աֆղանստանի  պատերազմների  1-ին  և  2-րդ  խմբի  զինհաշմանդամների համար,  որոնք  գույքահարկով  հարկվող  օբյեկտ  համարվող  բնակելի  նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:

Երևանի ավագանին գույքահարկի արտոնություն է սահմանել նաև Հայաստանի  նկարիչների  միության  անամ  նկարիչներին  սեփականության  իրավունքով պատկանող`  գույքահարկով  հարկվող  օբյեկտ  համարվող,  Երևան  քաղաքի  վարչական տարածքում  գտնվող  շինությունների՝  ստեղծագործական  արվեստանոցների մասով:

Երևանի ավագանին սահմանել է նաև Երևանի  քաղաքային համայնքում տեղական տուրքերի  և  վճարների 2014 թվականի դրույքաչափերը:

Ավագանին սահմանել  է նաև Երևանի  քաղաքային  համայնքի  վարչական  տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը: Ծառայողական ավտոկայանատեղիների համար կսահմանվի ցուցանակի միասնական ձև, որտեղ նշված կլինեն կայանման պայմանները: Ծառայողական ավտոկայանատեղիների համար վճարվող գումարն ամբողջությամբ մուտքագրվելու է համայնքային բյուջե:

Երևանի ավագանին նաև որոշել է Երևան  քաղաքի  Փավստոս  Բուզանդի  13-21 հասցեներում գտնվող` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.42 հեկտար  հողամասը՝  դրա  վրա  գտնվող  անավարտ  շինարարության  օբյեկտի  հետ  միասին, ներդնել  «Դի  Ընդ  Էյջ  գրուպ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերության կանոնադրական կապիտալում` կնքելով անշարժ գույքի ներդրման և բաժնեմասերի շնորհի պայմանագրեր՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  համապատասխան որոշմամբ  նախատեսված  «Երևան  քաղաքի  Փավստոս Բուզանդի  13-21  հասցեներում  ձախողված  կառուցապատման  ծրագրից  տուժած  անձանց գույքային  կորուստների  վերականգնման»  ծրագրով սահմանված  հիմնական պայմաններով: Նշված  պայմանագրերի  կնքման  արդյունքում, ինչպես նշել է հիմնական զեկուցողը,  կկարգավորվի  Երևան  քաղաքի Փավստոս  Բուզանդի  13-21  հասցեներում  ձախողված  կառուցապատման  ծրագրից  տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման հարցը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031