pastinfo. «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ու նրա պաշտպաններն այսօր միջնորդություն են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա.Կիվիրյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Փոխարենը պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործ հարուցել ու քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր Ա.Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ապօրինի բերման են ենթարկել նրան ոստիկանություն: Միջնորդությունը ներկայացվել է մեկ հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալուց հետո:
Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության` ստացվում է, որ Ա. Կիվիրյանը հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ: Ա.Կիվիրյանի գնահատմամբ` մեղադրանքի առաջադրումը քաղաքական հետապնդում ու հալածանք է իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ գործելաոճով փորձ է արվում նաև հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին:
Լուսինե Սահակյանն էլ իր հերթին նշել էր, որ իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն, այդ թվում՝ տեսագրություններ, որոնք վկայում են, որ Կիվիրյանի նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ pastinfo-ի կայքում