Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային սեմինար

Դեկտեմբեր 10,2013 18:14

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին Անի պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացման խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հատկանշական համարեց, որ միջոցառումը, որը հանձնաժողովը կազմակերպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ, տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը: Նրա գնահատմամբ՝ զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը գերակա խնդիր է, եւ ԶՈՒ անձնակազմի նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն բարոյական ու իրավական, այլեւ ժողովրդավարական նշանակություն ունի, իսկ զինվորական համազգեստով քաղաքացու իրավական կարգավիճակի ճիշտ ընկալման խնդիրը արժանի է առանձնակի ուշադրության: Ըստ նրա՝ զինվորի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոչ միայն օրենսդրական մակարդակով պետք է կարգավորվեն, այլեւ օրենքի իրականացումը պետք է հետեւողականորեն վերահսկվի իրավասու մարմինների ու կազմակերպությունների կողմից: Այս առումով նա կարեւորեց օրենսդիր մարմին-պաշտպանության նախարարություն- քաղաքացիական հասարակության կազմակերպություններ- մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ ակտիվ համագործակցությունը: Նա տեղեկացրեց, որ սեմինարի ընթացքում այդ հարցերին կանդրադառնան ոլորտում մեծ փորձ ու գիտելիք ունեցող միջազգային փորձագետները:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին արատավոր համարեց այն երեւույթը, երբ գիտակցելով զինված ուժերում մարդու իրավունքների կարեւորությունը, ոմանք հաճախ ոչ միայն չեն կանխարգելում ոլորտում առկա արատավոր երեւույթները, այլեւ անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում եւ անուշադրության մատնում: Նա կարեւորեց ժողովրդավարական վերահսկողության ակտիվացումը, ինչը հնարավորություն կտա, որ զինվորական կառույցները համապատասխանեն մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին: Ֆիլիպ Ֆլուրիի գնահատմամբ՝ զինվորը համազգեստավոր քաղաքացի է՝ իր ծառայողական առանձնահատկություններով, եւ նրա իրավունքները պետք է պաշտպանված լինեն այնպես, ինչպես մյուս քաղաքացիներինը: Այս առումով նա կարեւորեց միջազգային պարտավորությունների եւ միջազգային փորձի հաշվառմամբ օրենսդրական դաշտի կատարելագործումը, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ օմբուդսմենի դերի մեծացումն ու նրանց կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունավետությունը: Նա պատրաստակամություն հայտնեց՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար Վիլհելմ Վան Էէկելեն անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների մշտադիտարկման գործում խորհրդարանի ու նրա հանձնաժողովների դերին ու պատասխանատվությանը, գործադիր մարմինների հետ նրանց համագործակցությանը, խորհրդարանական վերահսկողական աշխատանքներին քաղաքացիական հասարակությանը ներգրավելու անհրաժեշտությանը, մշտադիտարկման գործիքներին, զինակոչի վրա հիմնված եւ կամավոր պրոֆեսիոնալ համակարգերի տարբերությանն ու պահանջներին՝ ներկայացնելով աստիճանաբար կամավոր համակարգին անցած Նիդեռլանդների փորձը: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը պետք է հստակ ներկայացնի իր անելիքները, որպեսզի խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը արդյունավետ իրականացնեն իրենց գործառույթները: Զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրների լուծման առումով նա կարեւորեց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի խորհրդատու Բունաֆշա Գուլակովան անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների մշտադիտարկման գործում մարդու իրավունքների պաշտպանի դերին, վերահսկողության շրջանակներին, օմբուդսմենի եւ ռազմական տեսուչների, ինչպես նաեւ զինված ուժերի եւ քաղաքացիական հասարակության փոխհարաբերություններին:

Մարդու իրավունքների հարցերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Անդրեա Վեսան խոսեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դերի մասին եւ ներկայացրեց ԺՀՄԻԳ-ի նախաձեռնությունները զինված ուժերում մարդու իրավունքներին աջակցման գործում, ԵԱՀԿ շրջանակներում առկա լավագույն փորձը եւ աջակցությունը պետական, պաշտպանական եւ ժողովրդավարական հաստատություններին:

ԱՄՆ-ի պաշտոնաթող դատավոր Շեքլի Ռաֆֆետոն անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների մարտահրավերներին ու ԱՄՆ-ի փորձին՝ ունկնդիրների ուշադրությունը հրավիրելով առկա խնդիրների, օրենսդրական դաշտի կարգավորման անընդհատականության անհրաժեշտության, մշտադիտարկման ընթացակարգերի ու իրավական շրջանակների վրա:

Բանախոսները պատասխանեցին նաեւ սեմինարի մասնակիցների հարցերին:

Ամփոփիչ խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար՝ համոզմունք հայտնելով, որ քննարկումները օգտակար էին ինչպես օրենսդիր մարմնի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը առավել արդյունավետ կազմակերպելու առումով: Նա տեղեկացրեց նաեւ, որ գալիք երկու օրերի ընթացքում հանձնաժողովը նույն թեմայով մշտադիտարկում է իրականացնելու ՀՀ ռազմական ոստիկանությունում, Երեւանի կայազորի կարգապահական վաշտում եւ կազմակերպելու է խորհրդարանական լսումներ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031