Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը տեղեկացրել էր, թե մշակույթի նախարարությունը խոստացել էր աջակցել, սակայն ուշացնում է գումար տրամադրել ամերիկաբնակ ռեժիսոր Արտակ Սեւադայի «Ջենեքս» ֆիլմի համար, եւ սա այն դեպքում, երբ պրեմիերան նախատեսված էր 2015թ. ապրիլի 24-ին:
Մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին խոստացան հանգամանալից մեկնաբանություն անել առաջիկայում, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը մասնավորապես հայտնեց. «Հինգ-վեց պրոյեկտ անցել է նախնական փուլով, որոնցից կընտրվի միայն մեկը: Պետությունը, որին կտա առաջնահերթություն, այն էլ կֆինանսավորվի ու կնկարվի: Բայց դա չի նշանակում, որ հենց Արտակ Սեւադայի ֆիլմը կանցնի: Այս պահին դեռ քննարկումներ են գնում, հնարավոր է իր պրոյեկտն անցնի, հնարավոր է՝ ուրիշինը: Եթե այդ տրամաբանությամբ վերցնենք, հիմա 37 պրոյեկտ կա, բոլորն էլ կարող են կանգնել ու ասել՝ փողը չեն տալիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ