Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավանակա՞ն է, արդյոք, Նիկոլ Փաշինյան-Արարատ Զուրաբյան համագործակցությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2013 17:37
zurabyan

«Այս երկիրը գողերից, ավազակներից, տականքներից, ավերողներից ազատվելու գաղափարը կարող է միավորել ընդդիմությանը»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը`խոսելով ընդդիմադիր ուժերի համախմբման հավանական պլատֆորմի մասին:

Պարոն Զուրաբյանը շարունակեց. «Մի բան նաև ակնհայտ է, որ ընդդիմությունը անկախ նրանից միավորվում է, թե`ոչ, պետք է իր հետևից կարողանա տանել: Երբ դա հաջողվի, ինչ-որ բան մեր երկրում կփոխվի, եթե ոչ` կարծում եմ դատապարտված ենք մշտապես այս վիճակում լինել»:

Պարոն Զուրաբյանը կարծում է, որ իրենք պատրաստ են համագործակցել անգամ ՀՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության համագործակցությանը, պարոն Զուրաբյանն ասաց. «Կարծում եմ՝ նրանք ճիշտ են վարվել, քաղաքականության մեջ են և որոշակի կազմակերպական ձեւ պիտի ընտրվեր գործունեության համար: Ինչ վերաբերում է, թե որ սեկտորում է հայտնվելու այդ ուժը, ապա դա դեռ ինձ համար ամբողջությամբ որոշակի չէ: Համագործակցության փայլուն օրինակներ ունենք անցյալում, ուստի առանձին հարցերի և պլատֆորմի շուրջ համագործակցությունը հնարավոր է, բայց լինել միասնական մեկ քաղաքական ուժի մեջ և ունենալ գաղափարախոսական տարբերություններ, կարծում եմ՝ ճիշտ չէ»:

Պարոն Զուրաբյանը խոսելով ներկայիս իշխանության մասին` ասաց հետևյալը. «Դա այն իշխանությունն է, որ ունենք, որը գտնում է, որ Բելառուսի, Ղազախստանի հետ հարաբերությունները պիտի շարունակի և մերժում է Գերմանիան, կամ Ֆրանսիան ու քաղաքակիրթ աշխարհը»:

Հասարակության շրջանում գոյություն ունեցող բողոքական տրամադրությունների հետ կապված Արարատ Զուրաբյանն ասաց. «Հայաստանում լյուստրացիա չի եղել, Հայաստանի պետական ու քաղաքական դաշտում գործում են խորհրդային միության ագենտներ, որ սիստեմատիկ կերպով վարկաբեկում են քաղաքական ուժերին: Մեզ մոտ իշխող քաղաքական ուժն ու պետությունը նույնացված է»:

Ռուսաստանի պահվածքի և Պուտինի այցի կապակցությամբ պարոն Զուրաբյանն ասաց. «Ռուսաստանն այն երկիրն է, որը իր ծայրամասերը կոչում է Վլադիկովկաս, Վլադիմիր և այլն: Ուստի Պուտինը եկել է Վլադիլենինական, Վլադիգյումրի, տեսնում է, որ այստեղ իշխանություն, քաղաքական ուժ, հասարակություն` որպես այդպիսին չկա, իրեն ընդունում են այնպես, ինչպես ստրուկը տիրոջը, նա էլ տիրոջ կարգավիճակում անում է հայտարարություն: Մտածում է, որ 15 րոպեով կարելի է պետական այցի գալ, չի պահպանում պետական այցի ատրիբուտները: Դա մեզ մոտ պետք չէ, քանի որ մերոնք տրված են ամեն ինչում, իսկ տրվածին ոչ ոք այլ ձևով չի կարող մոտենալ»:

Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց` հնարավոր համարո՞ւմ է ՀՀՇ-ի և Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ նախաձեռնության համագործակցություն մեկ քաղաքական պլատֆորմի շուրջ: Պարոն Բոզոյանն ասաց, թե նախ պետք է այդ ուժերի կարգախոսները հասկանալ: Դառնալով ՀՀՇ-ին` նա ասաց. «Չեմ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչ մեսիջով պիտի հանդես գան հասարակությանը, որ համոզեն նրան, քանի որ մարդիկ առավելապես հավատում են այն անձերին, որոնց շուրջ կարող են որոշակի խնդիրներ լուծել: Իսկ այնտեղ չկա վառ անհատականություն, որը կարող է կոնսոլիդացնել ինչ-որ խնդիրներ լուծելու շուրջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031