Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ դիմումը համարյա պատրաստ է

Դեկտեմբեր 10,2013 17:20

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նախաձեռնել են դիմել Սահմանադրական դատարան: Խնդիրը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, որը կառավարությունը նախատեսում է գալիք տարվա հունվարի մեկից: Պատգամավորները եւ ակտիվիստները հայտարարել էին, որ հարցը նաեւ ՍԴ-ում են վիճարկելու: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, պատգամավորներն արդեն իսկ 40 ստորագրություն են հավաքել: Առաջիկա օրերի ընթացքում դիմումը կներկայացվի Սահմանադրական դատարան:

Aravot.am-ի եւ Panaroma.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որն աշխատում է Սահմանադրական դատարանի դիմումի վրա, կարևոր է համարում այն, որպեսզի դիմումը լինի անխոցելի. «Իհարկե, ես անձամբ հրաշալի գիտակցում եմ, թե ինչ բախտի է արժանանալու այս դիմումը, ինչպես և Սահմանադրական դատարան դիմած բազմաթիվ դիմումներ…նախադեպեր ունեցել ենք: Բայց սա է ճանապարհը և մենք պետք է առաջ շարժվենք դրանով՝ Սահմանադրական դատարանում վիճարկելով որոշ դրույթներ»:

Հետագա հնարավոր անելիքները կհստակեցվեն ՍԴ-ի պատասխանից հետո:

«Մեկ բան հստակ է, այս օրենքի կիրարկումը ուղղակիորեն ունենալու է կործանարար հետևանքներ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ կառավարության կողմից ձեռնարկվող կարճաժամկետ լուծումները, երբ տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաեւ բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո հայտարարություններ են անում, որ տոկոսները վերցնում են իրենց վրա, միտված են բողոքի ալիքը լռեցնելուն: «Նրանք, ովքեր կհավատան սրան և կհրաժարվեն պայքարից, թող իմանան, որ այդ գործատուն չի վճարելու տաս, քսան, երեսուն կամ քառասուն տարի իրենց փոխարեն: Դա լինելու է մեկ կամ երկու ամսվա ակցիա՝ բողոքի ձայնը լռեցնելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031