Դեկտեմբերի 7-ին Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում, երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ Սերժ ու Տիգրան Սարգսյաններին երկար սպասելուց, սակայն նրանց այդպես էլ չհանդիպելուց հետո, մեզ մոտեցավ դողացող, սառած ձեռքերով ու քրքրված շորերով 70-ամյա մի տատիկ`Գեղեցիկ Գևորգյանը, խնդրելով իր խնդրանք-բողոքը գոնե մեր միջոցով հասցնել նախագահին ու վարչապետին: «Թող մի հատ ինձ հյուր գան էլի, աղաչում եմ, ապրում եմ Սավոյան փողոցի ամենավերջին հատվածում, մեզանից այն կողմ միայն դաշտերն են: 25 տարի ապրում եմ դաշտի կենտրոնում, անգամ տնակ չեմ ստացել, բարեգործներից մեկն է տնակը գնել ու տվել, երեք որբ մանկահասակ էրեխեք եմ պահում, մահացած տղայիս էրեխեքն են, տղաս 33 տարեկան հասակում մահացավ հիվանդությունից, չկարողացանք դեղերը գնել: Երկրաշարժից հետո էլ վախից մյուս տղայիս հոգեկանը խանգարվեց, երրորդ տղաս էլ գնաց Ռուսաստան, որ աշխատեր, գար, մեզ պահեր, բայց 10 տարի է` դատապարտված է:
70 տարեկան կնիկ եմ, սպասում եմ գարունը երբ պիտի բացվի, որ գնամ դաշտերը քաղհան անեմ, էրեխեքիս պահեմ, ջուրն էլ ուրիշների դռներից եմ կրում, ոչ մի հարմարություն չկա: Ախր դաշտի մեջ մենակ իմ տնակս է դրած, անգամ մարդկանց կարոտ ենք, մեն-մենակ մկների հետ ենք լեզու թրջում…այ քեզ երկիր», -հոնգուր-հոնգուր լացեց տատիկը:
Նա երկու սենյականոց բնակարան է կորցրել, ասաց, որ գրանցված է անօթևանների հերթացուցակում, սակայն դեռ բնակարան չեն ստացել:
Ի դեպ, տիկին Գեղեցիկը խնդրեց իրեն չլուսանկարել` պատճառաբանելով, որ անհարմար է զգում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Սավոյան փողոցից: