Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել հայտարարությամբ` դեկտեմբերի 9-ին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստի ավարտի արդյունքներով, հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը: Ֆյուլեն իր հայտարարությունում կոչ է արել Հայաստանի կառավարությանը չահաբեկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստներին:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Համագործակցության խորհրդի նախորդ նիստի համեմատ` անկասկած, մեր քննարկումների բովանդակությունը փոխվել է` կապված Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների հետ: Սակայն նույնն են մնացել ձեռք բերվածի հիման վրա սերտ հարաբերություններ պահպանելու և զարգացնելու մեր ցանկությունն ու վճռականությունը:
Այս ֆոնին մենք վերահաստատել ենք անհրաժեշտությունը` վերանայելու երկկողմ հարաբերությունների հիմքերը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Գործողություների ծրագրի թարմացումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում` համապատասխանեցնելու այն հետագա համագործակցության մասշտաբներին:
Մենք ողջունել ենք Հայաստանի առաջընթացը Շարժունակության գործընկերության ոլորտում, որի շրջանակում վավերացվել են Այցագրային ռեժիմի պարզեցման և հետընդունման համաձայնագրերը: Սա մեզ թույլ կտա ընդլայնել կոնտակտները մարդկանց շրջանում, ինչը մեր հետագա համագործակցության համար կարևորագույն տարր է:
Կարդացեք նաև
Մենք նաև ողջունել ենք Հայաստանի կատարած բարեփոխումներն ու այդ ճանապարհով շարժվելու նրա պատրաստակամությունը: Միաժամանակ` մենք մշտապես կոչ ենք անում երկրի ղեկավարությանն արագացնելու կոնկրետ ոլորտներում աշխատանքը, այդ թվում` ժողովրդավարության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև դատական իշխանության բարեփոխումների ոլորտում:
Նոր համատեքստում նախանշվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման փուլերը: Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի անփոփոխ աջակցության վրա` քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների բարելավման հարցում:
Այսօրվա հանդիպումը հնարավորություն է ընձեռել ընդգծել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում: Մենք ամրապնդել ենք քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը ու նրան տրամադրվող աջակցությունը: Մենք լիահույս ենք, որ նրանց աշխատանքը ևս կհիմնվի այս ոլորտում նախորդ 3,5 տարիների ձեռքբերումների վրա: Մենք հուսով ենք, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես` խոսքի և հավաքների ազատությունները, հետագայում ևս կամրապնդվեն:
Առանձնահատուկ աջակցություն կտրամադրվի Հայաստանում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակին` ամրապնդելու նրա դերն ու բարեփոխումների գործընթացի դիտարկումը` կառավարության հետ կառուցվածքային երկխոսության միջոցով:
Մենք կոչ ենք անում կառավարությանը չահաբեկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստներին, մասնավորապես` կանանց իրավունքների համար պայքարողներին: Միաժամանակ` կոչ ենք անում կառավարությանը հետաքննել նախկինում տեղ գտած համանման դեպքերը և երաշխավորել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:
Թարգմանությունը՝ «Սիվիլնեթի»