Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստը հաճախորդներ գտնելու համար «սպասարկել» էր «Ծղոտներ» հյուրանոցի այցելող մարմնավաճառներին

Դեկտեմբեր 10,2013 16:22

«Առհասարակ տվյալ բնույթի հանցագործություններով պետությանը գույքային վնաս չի պատճառվում, բացի այդ, սույն գործով որևէ մարմնավաճառուհի տուժող չի ճանաչվել, քաղաքացիական հայց չի ներկայացրել, հետևաբար` վերոնշյալ պայմաններում ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ լրացուցիչ այդ պատիժը դատարանը չի նշանակում»,-ասված է դատավճռում:

Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից ձերբակալվել էր Արամայիս Հարությունյանը: Նա փետրվարի 28-ին բերման էր ենթարկվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ էլ լսվել է այն:

Արամայիս Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկումը: Գործը բողոքարկվել է եւ գտնվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մանուչար Մարտիրոսյանը Ա.Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2011 թվականից իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով։

Ըստ գործի նյութերի, նա հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել համալիր այցելող մարմնավաճառներին։

Մեղադրանքի կողմի փաստարկների համաձայն, տաքսիստը ծանոթացել է մարմնավաճառներ Վ. Մ.-ի, Ա. Հ.-ի, Է. Մ.-ի, Է. Օ.-ի և այլոց հետ: Նա 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը «գույքային օգուտ ստանալով» մարմնավաճառների կողմից, «պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ», պարբերաբար, «գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ տղամարդկանց հետ», յուրաքանչյուր դեպքով հաճախորդ է ապահովել: Հաճախորդ ապահովելու դիմաց տաքսիստը նրանցից որպես միջնորդավճար ստացել էր 3.000-ական ՀՀ դրամ:

Ի դեպ, դատական գործընթացն անցել է արագացված ընթացակարգով: Ամբաստանյալը հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատարանը հաշվի էր առել այն, որ նախկինում ամբաստանյալը դատված չի եղել, ունի երեք երեխա, բարձրագույն կրթություն, զղջում է կատարվածի համար, ինչը «նվազեցնում է ամբաստանյալ Ա.Հարությունյանի հանրային վտանգավորությունը»:

Ամբաստանյալ Ա.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել։

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այս գործով մեղադրող կողմը դեռևս մինչդատական վարույթում մեկ շարունակվող հանցագործության կազմում ընդգրկված դրվագների վաղեմության և բազմաթվության պատճառով չի կարողացել տարանջատել և հստակորեն պարզել յուրաքանչյուր մարմնավաճառից ամբաստանյալ Ա.Հարությունյանի ստացած գույքային օգուտի իրական չափը, փաստ, որն ըստ դատավճռի պատճառաբանական մասի, նշվել էր Ա.Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, ինչպես նաև նրա նկատմամբ կազմված մեղադրական եզրակացության մեջ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ www.nydailynews.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031