Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը արժեք է նույնիսկ կալանավայրում

Դեկտեմբեր 10,2013 16:12

ՀՀ ՔԿ հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանված լինելու աստիճանն ու իրավիճակն այնպիսին է, ինչպիսին մեր կյանքի մյուս ոլորտներում. գործում են նույն սկզբունքներն ու մոտեցումները՝ այն տարբերությամբ, որ փակ տիպի հաստատություններում, պայմանավորված որոշ առանձնահատկություններով, մարդու իրավունքների պաշտպանվածությունը սանդղակի վրա ավելի ցածր աստիճանով է արտահայտվում:

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեծապես առնչվում է մարդու և հասարակության մտածողությանը: Քանի դեռ մեր մտածողության մեջ տիրապետող են «Ուժն է ծնում իրավունքը» և «Ով վճարում է, նա էլ իրավունք ունի» սկզբունքները, մարդու իրավունքների ոլորտում խնդիրները շարունակական են լինելու և առաջընթացը՝ չափազանց դանդաղ:

ՔԿ հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին խոսելիս մենք նախ այդ հիմնարկները պետք է դիտարկենք երկրի ամբողջ արդարադատության համակարգի ներսում:

Կալանավորման պահից սկսած, երբ ենթադրյալ իրավախախտը հայտնվում է մեկուսարանում, առանձնահատուկ պայմաններում, առանձնահատուկ հարաբերությունների ու գրված ու չգրված օրենքների շրջանակում, նա շարունակում է մնալ քննչական ու դատական մարմինների հետ հարաբերության մեջ՝ կապված նախաքննական ու դատավարական գործընթացի հետ:

Եվ քանի դեռ մենք չենք հաղթահարել Խորհրդային Միության շրջանից ժառանգություն ստացած այն թյուր պատկերացումը, համաձայն որի՝ դատարանն ընկալվում է որպես պատժիչ հաստատություն, ՔԿ հիմնարկներն էլ կշարունակեն մեր ընկալման մեջ մնալ որպես պատժվածին մեկուսացնելու և պահելու վայրեր: Քանի դեռ արդարադատություն իրացնողների մտածելակերպում հաստատուն է մնում այն կարծիքը, թե ինչքան շատ ու խիստ լինեն ընդունված մեղադրական վճիռները, այնքան նրանք ավելի են համապատասխանում իրենց կոչմանը, ՔԿ հիմնարկների աշխատողների մտածելակերպի ու գործելակերպի մեջ էլ կշարունակեն մնալ պատժվածի նկատմամբ սահմանափակումների ու իրավունքների ոտնահարման դրսևորումները:

Այսօր մենք դատարանի վճռով իրավախախտ հռչակվածներին ընդամենը մեկուսացնում ենք հասարակությունից՝ մեր մարդկային ու ֆինանսական ռեսուրսներն ուղղելով հիմնականում անվտանգության ու պահպանման հարցերի լուծմանը: Մենք պատժվածների պահակներն ենք՝ մարդու իրավունքների ու արժանապատվության շրջագծից ներս բխող հետևանքներով: Խարդախին վերաբերվում ենք ինչպես խարդախին է վայել, կավատին վերաբերվում ենք, ինչպես կավատին է վայել… ՔԿ հիմնարկի ներքին կանոնակարգը խախտելու համար որպես պատիժ հնարավոր են նաև ծեծն ու խոշտանգումը, քանի որ արդարադատություն իրացնելու պրակտիկայում գործածելի է խոստովանություն կորզելու նաև այդ տարբերակը և այսպես շարունակ, նույն տրամաբանությամբ, մի բացառությամբ, որ այս պայմաններում իր իրավունքները կարողանում է հիմնականում իրացնել նա, ով ուժ ունի կամ ով վճարում է:

Մինչդեռ երբ արդարադատության համակարգը, մասնավորապես դատական մարմինը, ընկալվի որպես ճշմարտությունը բացահայտող մարմին, որպես հասարակության մաքրման միջոց, որպես երկրում բարու ամրապնդման երաշխիք, այդ պարագայում էլ մեր ՔԿ հիմնարկները կվերածվեն ուղղիչ հաստատությունների, վերափոխման հիմնարկների: Մտածողության ու դրանից բխող համապատասխան քաղաքականության պարագայում արդեն կպաշտպանվեն իրավախախտների իրավունքները և կհարգվի նրանց արժանապատվությունը՝ կապված նրանց պահելու պայմաններին (տարածք, հիգիենիկ վիճակ, սնունդ, լուսավորություն, օդափոխություն, առողջապահական հարցեր, կարճաժամկետ և երկարաժամկետ հանդիպումներ հարազատների հետ և այլն): Երբ արդարադատության համակարգն առաջնորդվում է իրավախախտների վերափոխման հստակ ու նպատակաուղղված քաղաքականությամբ, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ շատ հարցեր իրենց բնականոն լուծումն են գտնում: Այս պարագայում հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում իրավախախտի համար իրացնելու, օրինակ, իր բնական իրավունքներից մեկը, աշխատելու, ստեղծագործելու իրավունքը՝ իհարկե փակ հաստատությունների առանձնահատկություններից բխող սահմանափակումներով: Մենք չենք կարող պարտադրել մարդուն աշխատել, բայց գոնե պայմաններ պետք է ստեղծենք աշխատելու: Աշխատանքը մարդու վերափոխման, վերասոցիալիզացման, ինչպես նաև մարդու մեջ սպառողի հոգեբանության ձևավորման ու խորացման կանխարգելման լավագույն կերպերից մեկն է: Մինչդեռ այսօր մեր ՔԿ հիմնարկներում գրեթե բացակայում են աշխատելու և ստեղծագործելու պայմանները:

Հետևաբար, այս իրավիճակում, երբ իրավախախտներին վերափոխելու փոխարեն ընդամենը մեկուսացնում և պահակություն ենք անում՝ վերափոխումը թողնելով իրավախախտի սեփական նախաձեռնության վրա, այն էլ իրավախախտների միասնական միջավայրում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդիրը ստանում է կնճռոտ բնույթ: Մերժե՛լ՝ վաղաժամ ազատվելուն պատրաստ չլինելու հիմնավորմամբ:

 

Ռուբեն աբեղա Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԿՀ հոգևոր ծառայության բաժնի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031