Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Նիկոլին փչացնելու քայլեր են արվում»

Դեկտեմբեր 10,2013 16:07

«Նիկոլին փչացնելու քայլեր են արվում, քանի որ նա այսօր խորհրդարանում այն գործիչներից է, այն եզակի դեմքերից է, որն իսկապես չի ուղղորդվում, որին կառավարել հնարավոր չէ»,-Aravot.-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը և արդյոք այդ նախաձեռնության հետևում ինչ-ինչ ուժե՞ր են կանգնած, այսպես պատասխանեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Մեր դիտարկմանը` ՀՀԿ-ն առաջիններից էր, որ ողջունեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ն դիմում է տարբեր խորամանկությունների, որ ցույց տա, թե իր դեմ խաղ չկա: Այդ հիմքերն ունեն, քանի որ բոլորին դրել են կրկնի տակ և վերցրել վերահսկողության տակ ու փորձում են ճնշել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը պարոն Հովհաննիսյանը հորդորեց այն չանձնավորել ու նշեց. «Ես նրա էներգիան, նրա պասիոնար ունակությունները արժեւորում եմ, բայց դա մի խումբ մարդկանց նախաձեռնություն է, այդ թվում նաև Սասուն Միքայելյանի: Նիկոլին շատ լավ եմ վերաբերվում , իմ վերաբերմունքը նրա հանդեպ ցուցաբերել եմ մի քանի տարի առաջ, երբ ինքը բանտարկյալ էր»:

Հստակեցմանը, թե այնուամենայնիվ ինչ որ ուժեր կա՞ն նշված նախաձեռնության հետևում` ասենք Բաղրամյան 26-ը, պարոն Հովհանիսյանը պատասխանեց. «Բաղրամյան 26-ը ամենուրեք է`սեղանի տակ, աթոռի տակ, դիվանի հետևում, պահարանում»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին գումարներ տրամադրվելուն, պարոն Հովհաննիսյանը փոխանցեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ դեռ մարտի 1-ի, 2012, 2008, 2013 թվականների ընտրությունների էջն է վերաբացվելու եվրոպական կառույցներում:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերություններին: Պատասխանելով ռուսական կողմից հնչող այն հայտարարություններին, թե ՀՀ-ն Ռուսաստանի ֆորպոստն է Կովկասում, պարոն Հովհաննիսյանն այսպիսի հայտարարություն արեց. «Նույն ժամանակահատվածում, երբ Վիլնյուսում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կողմնակից է, որ Եվրոպան լինի առանց բաժանանար գծերի, Կազանում Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ղարաբաղը և Հայաստանը աշխարհաքաղաքական պատերազմի կամ հակամարտության ճակատային զոնա են: Հիմա ո՞րն է լավը` ֆորպո՞ստը, թե՞ ճակատային գոտին: Եթե սա ասում է այսօրվա վարչակազմի առանցքային դեմքերից մեկը, սա նշանակում, է որ մեր վարչախումբը արևմուտքին մի բան է ասում, Ռուսաստանին մի բան, մի երրորդ բան էլ ստացվում է, որը դուր չի գալիս ոչ նրան, ոչ էլ մյուսին»:

Քաղաքագետը զուգահեռներ տարավ Նիկոլ Փաշինյանի և ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի գործունեության միջև, նշելով, որ երկուսն էլ, չկիսելով ՀԱԿ-ի գաղափարախոսությունը, «պոկվել են այդ կառույցից»:

Aravot.am-ը պարոն Զուրաբյանից հետաքրքրվեց` կարելի՞ է ընդհանրություններ տեսնել իր և Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ, որպես, ինչպես Հմայակ Հովհաննիսյանն է բնութագրում, «ՀԱԿ-ից պոկված»: Պարոն Զուրաբյանը չհամաձայնելով այս կարծիքին նշեց, թե այդ Հմայակ Հովհաննիսյանն է ինչ-որ տեղից պոկված:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031