«Նման հայտարարություն անողն ինքը երեկ է ծնվել և չի կարող տիրապետել իրավիճակին»,-Aravot.am-ի հարցին` որպես ընդդիմադիր ուժ` վիրավորված չե՞ն արդյոք ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունից, թե «ընդդիմադիր ուժերը թիթեռնիկի կյանք ունեն» այսպես պատասխանեց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը:
Մեր այն դիտարկմանը, գուցե իրո՞ք ընդդիմադիր ուժերը թերացել են և տեղ են թողել, որ իշխանական դաշտից նման հայտարարություններ հնչեն, պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Բնականաբար խնդիրներ առաջացել են և դա առաջացնողը նույն իշխանական քաղաքական ուժերն են, որոնք փոխարենը փորձեին զարգացնել և կայացնել ՀՀ քաղաքական դաշտը, ամեն ինչ արել են, որ այն անկատար լինի, որ իրենք իրենց իշխանությունը պահպանեն: Ժամանակ առ ժամանակ լսում ենք չմտածված այսպիսի խոսքեր, բայց կարծում եմ, որ դրանք խոսքեր են, որոնք մեկնաբանել չարժե: Իր իրավունքն է ունենալ նման տեսակետ, բայց ինչ- որ ժամանակ անցնի, մի օր ոնց ուզում է իշխանությունը կփոխվի և այսօր այս իշխանության մեջ այսպես խոսող մարդկանց դրանից հետո կտեսնենք»:
Պարոն Զուրաբյանը հիշեցրեց այն ժամանակները, երբ ՀՀ նախագահը Ռուբերտ Քոչարյանն էր ու շարունակեց. «Գնացեք Էդուարդ Շարմազանովին հարցրեք` ո՞վ է ամենամեծը, գեղեցիկը, ինքը մոռացած կլինի, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, հիմա Սերժ Սարգսյանը: Այս արժեքային համակարգը կրող մարդիկ երկիր են պահում, երկիր տանում առաջ: Շատ ավելի ճիշտ կանի, որ Շարմազանովը, ԱԺ փոխխոսնակի ամբիոնից խոսող մարդու կարգավիճակ ունենալով, զերծ մնա նման արտահայտություններից, ինչն առաջին հերթին իրեն է պետք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ