Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Պետական նպաստների մասին» նոր օրենքը

Դեկտեմբեր 10,2013 15:27
npast

Ազգային ժողովում այսօր սկսվեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում 20 հրատապ հարցեր են: Մի շարք հարցեր հենց նիստի սկզբում քվեարկվեցին եւ ընդունվեցին: Նիստի առաջին մասում՝ մինչեւ առաջին ընդմիջումը, կայացավ «Պետական նպաստների մասին օրենքի» քննարկումը:

Այս օրենքը եկել է փոխարինելու «Պետական նպաստների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականին ընդունված օրենքին: Օրենքով կարգավորվում են պետական նպաստի տեսակները:

Ի դեպ, նախատեսվում է, որ այս օրենքը պիտի ուժի մեջ մտնի արդեն հունվարի 1-ից: Դրանից հետո ընտանեկան նպաստ ստանալու են միայն անապահովության գնահատման համակարգում  հաշվառված այն ընտանիքները, որտեղ երեխա կա, իսկ եթե ընտանիքը անապահովության համակարգում է, բայց բաղկացած է միայն չափահաս մարդկանցից, կարող են ստանալ «սոցիալական նպաստ»:

Նախատեսված է նաեւ «հրատապ օգնություն» տեսակի նպաստը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք այս նոր օրենքը եւ պետական նպաստների համակարգի փոփոխությունը որեւէ ձեւով նպաստելո՞ւ է աղքատության հաղթահարմանը: Նա առաջարկում էր, որ օրենքով կառավարությանը պարտադրվի՝ սոցիալական նպաստների չափը սահմանել այնպես, որ աղքատության շեմից ցածր չլինի:

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ այս համակարգով կարգավորվում են նաեւ հաշմանդամության նպաստ, ծերության նպաստ եւ կերակրողին կորցնողի նպաստները, առանձին հոդվածով խոսք է գնում մինչեւ երկու տարեկան երեխային խնամելու նպաստի եւ երեխայի ծննդյան պարագայում միանվագ նպաստի տրամադրման մասին:

Ի դեպ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի պարագայում նախատեսված է չտրամադրել նպաստ, եթե երեխան ծնվում է մահացած: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, գտնելով, որ անհնար է հստակ պարզել՝ երեխան մահացա՞ծ է ծնվել, թե՞ ծնվել է, հետո մահացել, առաջարկեց բացառության կարգով նաեւ այդ դեպքում նպաստ տալ: Նախարարն ասաց, որ նպաստը տրվում է ծննդյան վկայականի հիման վրա, իսկ եթե երեխան մահացած է ծնվում՝ ծննդյան վկայական բնականաբար չի ստանում:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը տեղեկություններ ուներ, որ որոշ համայնքներում հետաձգել են մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված 18 հազար դրամների վճարումը, մարդկանց ասում են՝ տոներից հետո եկեք, որովհետեւ օրենքը փոխվելու է, գուցե ինչ-որ բան փոխվի: Նախարարը տեղյակ չէր նման բանից, ասաց, որ իրենց կողմից ոչ մի նման հրահանգ չկա, եւ հիմա հաշվարկվում են դեկտեմբերին տրվելիք գումարները, որոնք շուտով կհատկացվեն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031