Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը կարեւորում է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի գործունեությունը

Դեկտեմբեր 10,2013 15:15

Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը 5 տարեկան է։ ԱՊՀ տարածաշրջանում այն միակ նման կառույցն է, որը, ի դեպ, սկսել է գործել որպես տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոն։ Մեկ տարի անց, սակայն, ընդլայնելով աշխատանքային ծավալները՝ այն վերակազմավորվեց ՀԱՊԿ ինստիտուտի։

ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանը նշում է, որ տարիներ առաջ ՀԱՊԿ գործունեության մասին ավելին իմանալու հասարակական պահանջ կար, ուստի այդ խնդիրը լուծելու համար հայկական կողմի առաջարկով ստեղծվեց նշված կառույցը։ ՀԱՊԿ ինստիտուտը Եվրասիական տարածաշրջանում եւ ժամանակակից աշխարհում իրականացնում է ուսումնասիրություններ ՀԱՊԿ-ի դերի եւ տեղի վերաբերյալ, անցկացնում է տարածաշրջանում եւ աշխարհում առկա ռիսկերի ամենամսյա գնահատում եւ վերլուծություն, ՀԱՊԿ խնդիրների վերաբերյալ կազմակերպում է գիտական սեմինարներ, համաժողովներ, այլ միջոցառումներ։ Բացի այդ, ինստիտուտի շարժական խմբերն այցելում են ՀՀ մարզեր, ունենում հանդիպումներ մարզային բնակչության հետ՝ վերջիններիս ծանոթացնելով ՀԱՊԿ-ի գործունեությանը։

Նվեր Թորոսյանն ընդգծում է, որ իրենց ուսումնասիրություններն ու տարբեր կառույցների կողմից արված վերլուծությունները համադրում-համեմատում են եւ ներկայացնում ՀԱՊԿ քարտուղարություն։ «Դրանք օգտագործվում են նաեւ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովների, հատկապես անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովների արտագնա նիստերի ընթացքում։ Վառ օրինակներից մեկը սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջխորհրդարանական հանձնաժողովի արտագնա նիստում մեր վերլուծությունների ներկայացումն էր եւ ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի աշխատանքին տրված բարձր գնահատականը»,- նշում է Նվեր Թորոսյանը։ Նա նաեւ նկատում է, որ բավականին լայն է իր ղեկավարած ինստիտուտի գործունեության աշխարհագրությունը։ ՀԱՊԿ ինստիտուտը 5 տարիների ընթացքում մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանի, ԱՊՀ սահմաններից դուրս։ Այն համագործակցում է մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ, միջազգային գիտաժողովների մասնակցության բազմաթիվ հրավերներ է ստանում։

ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի, ապա ինստիտուտի դինամիկ զարգացումն այսօր բոլորովին նոր խնդիրներ է առաջադրում, որոնք լուծելու համար նոր ձեւաչափ է անհրաժեշտ։ Այդ իսկ պատճառով ինստիտուտի ղեկավարությունն առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ քարտուղարությանը՝ ՀԱՊԿ ակադեմիա հիմնելու համար։ «Մեզ դիմում են ուսանողներ, որոնց օգնում ենք մագիստրոսական թեզեր պաշտպանելու հարցում։ Կազմակերպել ենք 2 միջազգային գիտաժողով՝ «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում եւ տեղեկատվական վերահսկում» խորագրով, որին մասնակցել են ճանաչված գիտնականներ՝ աշխարհի 14 երկրից։ Նրանք նաեւ առաջարկել են իրականացնել գիտակրթական ծրագրեր։ Կան ուսանողներ, մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնում վերապատրաստվել, աշխատել անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ գործունեության այլ ճյուղերում։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք առաջարկեցինք հիմնել ՀԱՊԿ ակադեմիա, որը, բացի վերլուծական աշխատանքներից, կունենա նաեւ գիտակրթական ուղղվածության ծրագրեր, կզբաղվի կադրերի կրթմամբ ու վերապատրաստմամբ։ Այսօր արդեն ստորագրվել է հուշագիր ՀԱՊԿ եւ Ազգային անվտանգության քարտուղարությունների միջեւ, համաձայն որի՝ ստեղծվել է «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամ»,- տեղեկացնում է Նվեր Թորոսյանը։

Մաքսային միությանը ՀՀ անդամակցման պարագայում, ամենայն հավանականությամբ, կմեծանա ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի դերը։ Նվեր Թորոսյանը կարծում է, որ իրենց մասնագետների ռազմաքաղաքական վերլուծություններն ունեն նաեւ տնտեսական բաղադրիչ։ «ՀԱՊԿ-ը բազմաֆունկցիոնալ կառույց է՝ ոչ միայն քաղաքական, ռազմական բաղադրիչներով, այլեւ ռազմարդյունաբերությամբ, եւ այդ ռազմարդյունաբերական համալիրի համատեքստում մեր աշխատանքներում կընդգրկենք ճանաչված տնտեսագետների, որոնք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում առավել արդյունավետ կդարձնեն ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Համոզված եմ, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական վերլուծություններն օգտակար կլինեն»,- ամփոփեց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031