Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրոպացի մեր գործընկերները ըմբռնում են ՀՀ նախագահի դիրքորոշումը»

Դեկտեմբեր 10,2013 15:15

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ամփոփում է վիլնյուսյան գագաթնաժողովն ու ՌԴ նախագահի այցը

– Տիկին Նաղդալյան, ամփոփելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները` վիլնյուսյան գագաթնաժողովը, ՌԴ նախագահի այցը Հայաստան, արդեն կարող ենք փաստել, որ դրանք կարեւորվեցին, մասնավորապես, Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի հստակեցմամբ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ այլ կարեւոր շեշտադրումներ եւ գործառույթներ ունեցան այդ հանդիպումները:

– Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները՝ Վիլնյուսի գագաթնաժողովը, որին ուղղված էին գրեթե ամբողջ Եվրոպայի ու նաեւ ողջ Հայաստանի հայացքները, եւ ՌԴ նախագահի այցը ՀՀ վերջապես վերջակետ դրեցին քաղաքական դաշտի տարբեր դիրքերում գտնվող ուժերի տարաբնույթ սպասումներին: Եվ քանի որ տասը դժգոհն ավելի բարձր աղմուկ է ստեղծում, քան հարյուր գոհը, կարող ենք արձանագրել, որ վերջին ամիսներին մեզ չորս կողմից պարուրած՝ «ինչ կլինի Վիլնյուսում» թեմային առնչվող ընդդիմության զգալի մասի եւ ընդդիմադիր մամուլի՝ հոռետեսությամբ, չարախոսությամբ, չարախնդությամբ եւ թույնով լեցուն հույսերը ի դերեւ եղան: Չարդարացան ոմանց սպասելիքները առ այն, թե Եվրոպայից Հայաստանին ի՞նչ «մեսիջներ» են գալու, ի՞նչ պրոբլեմներ եւ նոր դժվարություններ պետք է առաջանան` «ինչքան վատ, այնքան լավ» բանաձեւով, եւ, արի ու տես, որ, ինչպես մենք դեռ ամիսներ առաջ ընդգծում էինք՝ ազնիվ գործընկերության մեր վարքագիծը չէր կարող չգնահատվել: Իսկապես, ակներեւ է, որ եվրոպացի մեր գործընկերները խորապես ըմբռնում են ՀՀ նախագահի դիրքորոշումը, խորին հարգանքով են վերաբերվում նրան եւ նրա որոշումներին՝ որպես սուվերեն երկրի լեգիտիմ ղեկավարի որոշումներ, որոնք բխում են մեր երկրի առանձնահատկություններից: Անգամ այն դեպքում, երբ այդ որոշումները բացարձակապես իրենց սրտով չեն, չեն արձագանքում եւ որեւէ ակնարկ չեն անում մեր որոշ ընդդիմադիրների սրտին այդքան հաճո՝ «ռուսական ճնշման» կամ «3-4 տարվա կորցրած բանակցությունների», կամ «անսպասելի, մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշումների» թեմաների շրջանակներում: Բացարձակ ֆիասկո ոմանց համար:
Խորին շնորհակալության են արժանի Հայաստանի եվրոպացի գործընկերների դիրքորոշումները այն մասին, որ անվտանգության բաղադրիչը, անկասկած, առաջնահերթ է Եվրոպայի վերջին փակ սահմանների, ներկայիս շարունակվող շրջափակման եւ «նիրհող» պատերազմի պայմաններում գոյատեւող երկրի համար: «Կորցրած 3-4 տարվա բանակցություններ» նույնպես չկան՝ մենք բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ մեր բանակցությունների նպատակը եղել եւ մնում են մեր հանրային կյանքի բարեփոխումները, քաղաքական, տնտեսական, դատաիրավական եւ այլ համակարգերի բազմաթիվ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մեզ «քաղաքակիրթ» երկիր դառնալու համար:

Եվ վիլնյուսյան գագաթնաժողովում հենց այս մոտեցումը ընդունվեց հարգանքով եւ վստահությամբ, քանզի համատեղ հայտարարությամբ արձանագրվեց, որ մենք հանձնառու ենք եւ շարունակում ենք մեր թիրախը համարել հենց այս խնդիրները, որոնց ուղղությամբ լրջագույն աշխատանքներ կատարվեցին եւ շարունակվելու են կատարվել: Շարունակվելու են սկզբունքորեն եւ հետեւողականորեն, որովհետեւ սա իսկապես համազգային խնդիր է եւ միակ ճանապարհն է դեպի զարգացող երկիր:
Առավել մանրամասն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ նշեմ, որ դրանում ընկած են կարեւորագույն շեշտադրումներ՝ արձանագրված են ԵՄ-ի եւ Հայաստանի համապարփակ համագործակցությունը, այն շարունակելու հանձնառությունը, ընդհանուր արժեքները, նպատակները եւ թիրախները, որոնք ընտրված են եղել ի սկզբանե, եւ որոնց շուրջ շարունակվում են բարեփոխումները, դրանք են՝ ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարելավում, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանում, արդյունավետ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում եւ այլն: Այսինքն՝ ուղղություններ, որոնց շուրջ համատեղ աշխատանքները եղել եւ գերակա են մնում Հայաստանի համար: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այդ բարեփոխումները մեր գերակայություններն են, դրանք անհրաժեշտ են մեր հասարակության համար, եւ մենք շարունակելու ենք հետեւողական գործունեություն այդ ուղղություններով: ԵՄ-ն այս իմաստով իր պատրաստակամությունն է հայտնել մեզ՝ աջակցելու Եվրոպական հարեւանության քաղաքականության նոր արդիականացված գործողությունների ծրագրի շրջանակներում:

– Ի՞նչ գնահատականներ կհնչեցնեք ՌԴ նախագահի այցի վերաբերյալ: Այն նույնպես տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց:

– Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա եւս մեկ անգամ, ի հեճուկս հոռետեսների եւ չարախոսների, ի տես տարածաշրջանի եւ միջազգային հանրության՝ արձանագրվեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաստատված են եւ զարգանում են բարձր աստիճանի դաշնակցային հարաբերություններ: Իսկապես, ՌԴ նախագահի պետական այցը աննախադեպ էր թե՛ բովանդակային իմաստով եւ թե՛ իր ներկայացուցչական կազմով՝ ՌԴ փոխվարչապետ, նախարարներ՝ արտաքին գործերի, կրթության, ռեգիոնալ զարգացման, ֆինանսների, էներգետիկայի, պաշտպանության նախարարի տեղակալը, դաշնային գործակալությունների ղեկավարներ, դաշնության սուբյեկտների ղեկավարներ, առաջատար նշանակություն ունեցող ձեռնարկությունների ղեկավարներ եւ այլք, քննարկվեց ռազմավարական նշանակության հարցերի լայն շրջանակ, ստորագրվեց 12 պայմանագիր եւ համաձայնագիր, որոնք արմատական ազդեցություն կունենան հարաբերությունների եւ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումների իմաստով:

Այդ համատեքստում առաջին հերթին, թերեւս, արժե ընդգծել անվտանգային բաղադրիչը, որը մեր պարագայում ցանկացած պայմաններում գերակա է: Հանրապետության նախագահը իր ելույթներից մեկում դա բնութագրեց որպես «շատ ավելի սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում», իսկ լայն հանրության համար՝ ի դեմս առավել արդիականացված եւ մարտունակ ռազմաբազայի, թերեւս պետք է տեսնել տարածաշրջանի միլիտարիզացման գործընթացից եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում հաճախակիացած սադրիչ գործողությունների պատճառով ահագնացող վտանգների, Հայոց բանակի հետ զուգահեռ՝ չեզոքացման ճանապարհը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031