Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատում վերընտրվեցին գործող գյուղապետերը

Դեկտեմբեր 10,2013 15:05

Արարատի մարզի Այնթապ եւ Ջրահովիտ համայնքներում կիրակի օրը ղեկավար էին ընտրում: Ջրահովիտը մարզի փոքր գյուղերից է, ունի ընդամենը 940 ընտրող: Այստեղ ընտրապայքարի մեջ էին նախկին գյուղապետ Վարդան Գեւորգյանը եւ գործողը՝ Համլետ Ղազարյանը: Հիշեցնենք, որ այս համայնքում պայքարում էին Գառնիից եւ Գինալարից եկած եւ այստեղ հաստատված բնակիչները՝ իրենց առաջնորդներով: «Առավոտն» ընտրության օրը եղավ Ջրահովիտում: Գյուղում ընդամենը մեկ ընտրատեղամաս է, որը գտնվում է գյուղապետարանի հարեւանությամբ: Իսկ գյուղապետարանը, ինչպես գյուղական շատ համայնքներում, ծառայում էր որպես գործող գյուղապետի նախընտրական շտաբ, այստեղից է գործող գյուղապետն ու միաժամանակ գյուղապետի թեկնածուն կազմակերպում ու ուղղորդում իր նախընտրական թիմի աշխատանքները, թեեւ, ըստ Ընտրական օրենսգրքի, դա անթույլատրելի է: Մեր այցելության պահին՝ դեռեւս ժամը 18.00-ի դրությամբ, գյուղապետարան-շտաբում արդեն եփվում էր Համլետ Ղազարյանի «հաղթանակի» խաշլաման, որի շուրջն էին հավաքվել եւ անհամբեր քվեարկության ավարտին էին սպասում նրա թիմակիցներն ու համագյուղացիները: Ու քանի որ խաշլամայի հոտն արդեն տարածվել էր, գյուղի ծայրերից էլի մարդիկ էին գալիս՝ մասնակցելու «մաղարիչի» արարողությանը:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են շտապում շնորհավորել, միգուցե Ղազարյանը չի հաղթում, ջրահովտցիներից մեկը պատասխանեց. «Բա ինչ է անելու, որ չի հաղթելու: Հազիվ մի կարգին գյուղապետ ունեցանք, որ գյուղում սկսեց նորմալ աշխատել: Նախորդներին չեմ ուզում վատաբանել, բայց Համլետը լավ գյուղապետ է, մենք բոլորս համախմբված նրան ենք ընտրելու: Բացի այդ, Համլետը ուտող-խմող տղա է, որ չընտրվի էլ, էլի պատիվ կտա իրա գյուղացիներին, ոչ թե սուգ կանի»:

Այս համայնքում մարդիկ չեն սիրում իրենց կողմից չնախընտրած թեկնածուի մասին վատ արտահայտվել: Սակայն մեզ հաջողվեց գտնել նրանցից մեկին, որը չցանկացավ հրապարակել իր անունը՝ ասելով, որ գառնեցի է, բայց այս անգամ ընտրելու է գինալարցուն. «Վարդանը անցած անգամ չընտրվելով՝ սխալ բաներ արեց գյուղի նկատմամբ, պարի խումբը, որ իր նախաձեռնությամբ դրսից էին հովանավորում, հանեց տարավ հարեւան Արեւաբույր գյուղ, իր հետ հանեց տարավ ինչ հնարավոր էր՝ անգամ գյուղապետարանի «լամպուշկեքն» ու մնացած գույքը: Էժան բաներ արեց, բա չգիտե՞ր, որ էլի ընտրություն է լինելու, երեսատեղ թողնի»:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է շտապել քեֆ-ուրախություն սկսել, Համլետ Ղազարյանը պատասխանեց. «Ընտրության արդյունքը կապ չունի, ես իմ համագյուղացիներին հյուրասիրում եմ. եթե անգամ մրցակիցս հաղթի, նրան կհրավիրեմ, կնստեցնեմ սեղանի պատվավոր տեղում ու կշնորհավորեմ»: Ջրահովիտում քվեարկության արդյունքները հետեւյալն էին. 960 ընտրողից ընտրությանը մասնակցել է 661-ը, որից 168-ը ընտրել է Վարդան Գեւորգյանին, 476-ը՝ Համլետ Ղազարյանին: Փաստորեն այս անգամ, ի տարբերություն նախորդի, Ջրահովիտում համայնքի ղեկավարի ընտրությունը դադարեց գառնեցիների եւ գինալարցիների առաջնորդի ընտրություն լինելուց, քանի որ, փաստորեն, գառնեցիներից շատերն էլ այս անգամ իրենց քվեն տվել են ծագումով գինալարցի Համլետին:

Այնթապում նույնպես վերընտրվեց գործող համայնքապետը՝ այն էլ ձայների զգալի տարբերությամբ: Կարեն Սարգսյանը ստացավ 3021 քվե, նախկին համայնքապետ, համայնքը մոտ տասը տարի ղեկավարած թեկնածու Լեւոն Թարվերդյանը՝ 487 քվե: Ընդհանուր առմամբ, կիրակի օրը Արարատում ընտրողներն առանձնապես ակտիվ չէին: Դա պայմանավորված էր ցուրտ եղանակով ու տեղացող ձյան առատությամբ: Այնթապում այս ընտրությունները աննախադեպ էին մի քանի առումով. նախ՝ որքան էլ որոշ ուժեր փորձում էին սադրանքի գնալ, միջադեպեր ստեղծել ու կռիվներ հրահրել, դա նրանց չհաջողվեց, ինչը բացառիկ դեպք է այս համայնքում: Հանձնաժողովի անդամները, կարելի է ասել, հավասարաչափ էին «բաշխված» թեկնածուների միջեւ: ԲՀԿ-ականները, ՀԱԿ-ականները հիմնականում Թարվերդյանի գաղտնի եւ բացահայտ կողմնակիցներն էին, ՀՀԿ-ականները՝ գործող գյուղապետ եւ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի: Մեր հարցումներին ի պատասխան՝ երկու թեկնածուների վստահված անձինք էլ ընտրությունը գնահատում էին որպես արդար, հանգիստ եւ առանց խախտումների: Եղավ մի միջադեպ, երբ Թարվերդյանի որդին հեռուստաընկերություններից մեկի լրագրողի կեղծ վկայականով եկել ու ներկայացել էր որպես լրագրող: Միջադեպի մասին անդրադարձել ենք երեկ Aravot.am կայքում:

Հարկ է նշել, որ այս ընտրությունները վերջին տարիներին կայացած ընտրություններից տարբերվում էին նրանով, որ այս անգամ ընտրակաշառք չբաժանվեց, թեեւ դրան շատերն էին սպասում: Վերջին տարիներին Այնթապում առանց ընտրակաշառքի որեւէ ընտրություն չէր եղել, անգամ վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ մարդիկ մի քանի կուսակցությունից էին գումար վերցնում եւ ընտրում բոլորովին այլ քաղաքական ուժի: Սա, կարելի է ասել, ինչպես մեր եվրոպացի նախկին «բարեկամներն» էին ասում՝ քայլ առաջ էր այս համայնքի ընտրական պատմության մեջ:

Ելնելով Թարվերդյանի ստացած քվեների փոքր թվից՝ կարելի է ենթադրել, որ կամ կեղծ էին գյուղում շրջանառվող լուրերը, թե շատ հեղինակություններ են կանգնած նրա կողքին եւ սատարում են, կամ պարզապես հենց այդ մարդիկ են Թարվերդյանի գլխի տակ «փափուկ բարձ դրել» եւ դրդել՝ դուրս գալ ընտրապայքարի, վերջում, սակայն, նախկին գյուղապետին թողել մենակ:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani-Gabe says:

    Ապշել կարելի է:
    Ինչպե՞ս կարելի է 1013 քվեի փոխարեն 3021 քվե գրել: Լավ էլի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031