Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսի

Դեկտեմբեր 10,2013 15:03

Եթե հիմա սկսեք ինձ համոզել, թե աշխարհի բոլոր տաքսիստները վատն են՝ 100 դրամ ավելի են ձեզնից վերցրել, այնպիսի օրինակներ կբերեմ իմ սեփական փորձից, որ կկարկամեք ու դժվար թե շարունակեք փորձել ինձ համոզել, որ տաքսիստները աշխարհի ամենավատ մարդիկ են: Կեսկիլոմետր ինձ բերեց՝ Թումոյից մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ… 1000 դրամ տվեցի, սպասում եմ… Ինքն էլ սպասում է, որ ես իջնեմ… Չեմ իջնում, ասում եմ՝ բա զդաչի՞ն… Ասաց՝ ԱԽՊԵՐ ՋԱՆ, ԱՌ ՔՈՒ 1000-ը, ԻՋԻ…

Ինքը հոգեբան է՝ գիտի երեւանցու հոգեբանությունը՝ որ հետ չեմ վերցնի իմ 1000-ը… Դուռը կչխկացնեմ, հետո գործընկերներիս մոտ կլացեմ, կհանգստանամ, կասեմ՝ «Էդ սրիկայից պիտի վերցնեի հազարանոցը», բայց իրականում 100 տոկոսով ինքը որպես տաքսիստ հոգեբան համոզված է, որ կյանքում հետ չեմ վերցնի հազարանոցը…

Այդ հոգեբան վարորդը սրիկա է… Ինքն էլ շատ լավ գիտի, որ սրիկա է… Մի օր սրիկաների մասին առանձին կգրեմ՝ սրիկա հոգեբանների մասին ընդհանրապես… Տաքսիստները գիտեն, որ իրենց շարքերում այդպիսի սրիկաներ կան:
Իշխանություններն ավելի լավ գիտեն, որ իրենց շարքերում էլ այդպիսի սրիկա հոգեբաններ կան…

Բայց տաքսիստները հանրապետական իշխանություններից ավելի հետաքրքիր են: Ավելի ինտելիգենտ են:

Երբ Վլադիմիր Պուտինը եկավ, չգիտես ինչու, Սիրահարների այգին էլ փակեցին, չնայած ես այնտեղ հակակառավարական սիրահարվելու ոչ մի մտադրություն էլ չունեի, այլ պարզապես զուգարան էի ուզում գնալ: Հետո չթողեցին նախագահականի մոտով անգամ անցնել… Արդյոք գիտեին, որ իրոք չեմ սիրում նախկին կագեբեականներին … Ախր նախկին կոմունիստական ու կոմերիտական ֆունկցիոներներին էլ երբեք չեմ սիրել, բայց ամեն օր նախագահականի մոտով հանգիստ՝ առանց խոչընդոտվելու անցնում եմ…

Դուք Մորիս Ռավելի «Բոլերոն» լսե՞լ եք… Չէ, չէ, մեքենայում չէ, համերգային դահլիճում լսե՞լ եք, երբ սկզբից շատ դանդաղ է, միայն ջութակներն են, հետո լարային այլ գործիքներն են միջամտում, հետո էլ այն գործիքները, որի անունն էլ նույնիսկ չգիտեմ, ու ձայների իսկական մի տոնախմբություն է սկսվում, իսկական «Բոլերո»…

Ասաց՝ «Բոլերոյի» ձայնը իջեցնե՞մ:
Ձեզ հետ երբեւէ նման բան կատարվե՞լ է: Երբեւէ տաքսու վարորդը ձեզ ասել է՝ «Իջեցնե՞մ Ռավելի «Բոլերոյի» ձայնը»…

Բայց հետագա մեր խոսակցության թեման շատ ավելի զարմանալի էր: Եթե ձայնը իջեցնում ես, առանձին գործիքների ձայնը չի լսվում, ասաց վարորդը: Ես էլ՝ բայց ախր կներեք՝ տաքսին երեւի, այնուամենայնիվ, այն վայրը չէ, որտեղ պետք է նվագախմբի բոլոր գործիքների ձայնը լսվի: Ինքը՝ բա ես էլ դժվար թե հնարավորություն ունենամ այդ մարդկանց համերգային դահլիճում լսել: Միայն Ջեթրո Թալին եմ լսել Երեւանում՝ բախտս բերեց՝ 5-հազարանոց տոմս ճարեցի: Այդ հինգ հազարը փողկապավոր մեկն էր տվել, որ իրեն ընտրեմ: Իրեն էլ ընտրեցի, Ջեթրո Թալին էլ գնացի…

Բա տեսնում եք՝ բոլոր հայտնիներին հիմա հնարավորություն ունենք Երեւանում լսելու, պարբերաբար Յան Գիլանն է գալիս «Դիփ փարփլից»: Մի օր էլ Փոլ Մքարթնին կգա: Ես սկսեցի Յան Գիլանի համար ոչ շահեկան համեմատություններ անել՝ չի կարողանում այլեւս այնպես երգել, ինչպես Քրիստոսի մասին մյուզիքլում էր երգում, իսկ Փոլ Մքարթնին «Եսթերդեյը» հիմա էլ երգում է ճիշտ նույն կերպ, ինչպես լոնդոնյան Էբի Ռոուդի իրենց ստուդիայում էին չորսով երգում…

Կիեւյան կամուրջը չհասած՝ տաքսին արգելակեց, որովհետեւ 4 հոգի երիտասարդներ՝ երկար մազերով դեղին զեբրով անցնում էին…

-Դե Փոլ Մքարթնին երբեք էլ իրեն մեծ նեղություն չի տվել, ձայնալարերը պահպանել է, իսկ Յան Գիլանն ամեն օր մի շիշ կոնյակ է խմում…
Հաջորդ խաչմերուկում՝ դեպի Չերյոմուշկա թեքվելուց համաձայնության եկանք, որ չի կարելի ընդհանրապես տաքը կլորի հետ համեմատել, ինչպես չի կարելի ասել, թե ով է 20-րդ դարի ամենահայը՝ Հովհաննես Թումանյա՞նը, թե՞ Մարշալ Բաղրամյանը…
Բայց երբ Թումոյի մոտ ասաց, որ Լերմոնտովն ավելի մեծ բանաստեղծ է, քան Պուշկինը, չդիմացա… Ախր այդ Պուշկինը այնքան անկեղծ մարդ է եղել, որ գրել է՝

«Мой дядя самых честных правил,
Когда не в шутку занемог,
Он уважать себя заставил
И лучше выдумать не мог.
Его пример другим наука;
Но, боже мой, какая скука
С больным сидеть и день и ночь,
Не отходя ни шагу прочь!
Какое низкое коварство
Полуживого забавлять,
Ему подушки поправлять,
Печально подносить лекарство,
Вздыхать и думать про себя:
Когда же черт возьмет тебя!»

Հլա թող փորձեր մեր բանաստեղծներից մեկը գրեր իր հիվանդ քեռու մասին՝ «Արա, դե երբ ես վերջապես մեռնելու, պրծնենք քեզնից»: Հում- հում կուտեին, պատառ -պատառ կանեին, ոչ միայն Կոմիտասի այգում, այլեւ Թոխմախում չէին թաղի…

Բայց տաքսու վարորդը ինձ ամաչեցրեց՝ ասաց Լերմոնտովի նամակները կարդացե՞լ եք…
Հալաբյան փողոցում՝ Հանրապետական հիվանդանոցի խաչմերուկին չհասած, կա մի ոչ հայտնի փողոց, որով կարող ես շրջանցել այդ խաչմերուկը: Տաքսու վարորդն ասաց՝ գիտեմ, երիտասարդ տարիների յարս էր այստեղ ապրում՝ լողի բարձրացատկի Հայաստանի չեմպիոնն էր…

Այդ կարճ ճանապարհով էլ գնալիս հասցրինք հիշել «Աննա Կարենինա» ֆիլմը, բայց Սամոյլովայի կինոյի մարդու անունը երկուսս էլ չհիշեցինք, թեեւ հիշում էինք, որ այդ նույն դերասանը «Կարամազով եղբայրներում» էլ էր խաղում:
Չգիտեմ՝ ինձ թվում է այս մարդը իսկական երեւանցի էր, իսկ այն սրիկան բոլորովին էլ երեւանցի չէր…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zara says:

    Մի անգամ ես էլ մի օրիգինալ տաքսիստի հանդիպեցի, նենց լավ ջազ էր մեքենայում միացրած, շեփոր, “վայ” հարցրեցի, “էս ով ա նվագում??” մի նենց թարս նայեց վրաս, իբր էս անկապը ոնց խցկվեց մեքենաս?, հետո մի ՍԴ ցույց տվեց` Քռիստոֆեր Բոտի, անունը բան չասեց, իհարկե: Օրերս Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախումբը ու աշխարհահռչակ ջազային շեփորահար Քրիս Բոտին համերգ էին տալիս Սան Ֆրանցիսկոում, գնացի ու մեծ հաճույք ստացա համերգից, տաքսիստի արհամարական հայացքը հիշեցի:)))) հեյ գիտի, դու չլինեիր ես էս շեփորի տեղը չէի իմանա:))))))))))

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031