Արդեն մեկ տարի է, ինչ պայքարում ենք երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը կործանումից փրկելու համար:
Բայց մինչ այժմ էական տեղաշարժ չի գրանցվել, ու շարունակում ենք բախվել հետեւողական դարձած անտարբերությանը, որ դրսեւորվում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ժառանգների կողմից: Չմոռանանք սակայն, որ խնդրի գոյության փաստի անտեսումը այն մոռացության տալու գրավական չէ: Պայքարը պիտի շարունակվի մինչ հիմնահարցի ընդունելի եւ արդարացի լուծումը:
Ցանկանում եմ հիշեցնել. 2012 թվականի նոյեմբերի 26-ին «Lusine Zakaryan. Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան էջի հիմնադիր եւ վարող Վարդուհի Սուքիասյանը ի լուր հանրությանն ահազանգեց երգչուհու բնակարանի՝ հերթական անգամ կեղտաջրերով հեղեղվելու մասին, ներկայացրեց սույն փաստն ապացուցող լուսանկարներ եւ կոչ արեց բոլորին՝ անհապաղ զբաղվել ծագած խնդրի շուտափույթ լուծմամբ:
Ինչպես եւ սպասելի էր, բարձրացված խնդրով մտահոգ արվեստասերներիս կողմից կոչն արձագանք գտավ, ու միահամուռ ուժերով սկսվեց պայքարը: Հանդես եկանք բազմաթիվ հոդվածներով, կոչերով, հեռուստատեսությամբ, համացանցում եւ մամուլում, բայց եւ այնպես մեկ տարի անց էլ ստիպված ենք անդրադառնալ անտարբերության ճիրաններում ծվատվող նույն հարցին: Բարձրացված խնդիրն ունեցավ նաեւ հակադարձ արձագանք. Վարդուհի Սուքիասյանը հետաքրքիր զուգադիպությամբ զրկվեց աշխատանքից…
Կարդացեք նաև
Խնդրանքներ, կոչեր, դիմումներ ուղղվեցին նաեւ ՀՀ եւ սփյուռքի տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների: Եզակի արձագանքը եղավ ՀԿԿ-ի կողմից, մասնավորապես՝ ի դեմս պարոն Ռուբեն Թովմասյանի, որը պաշտոնապես եւ հրապարակորեն դիմեց ՀՀ կառավարությանն ու մշակույթի նախարարությանը: Ի ցավ մեզ, լռության թանձր խծուծը շարունակում է խցանված պահել լսելիքը: Իսկ ժամանակի սրընթաց հոսքը զրկում է մշակույթի նախարարությանը Կողբացու 42 հասցեում մի երկվայրկյան կանգ առնելու եւ հայացքը ոչ հեռավոր անցյալին ուղղելու հնարավորությունից…
Մինչդեռ ոչ հեռավոր անցյալում նշված հասցեում ապրում էր փխրուն մի կին, որ խիզախել էր մարտահրավեր նետել մի ողջ իշխանության ու գաղափարախոսության եւ հայ հոգեւոր երգը հնչեցրել էր մեծ բեմերից, ավելին, ընդունվել էր այդ իշխանությունների կողմից ու նրանցից էլ իբրեւ պարգեւ ստացել հիշյալ բնակարանը: Վանդակված հավատքի տարիներին այդ բնակարանում իշխում էր քաղցրածոր հոգեւոր երգը, այսօր՝ ազատությունից թեւեր առած քայքայումն ու նեխումը, որ գուրգուրվում է իշխանական սրտացավությամբ ու թանձրանում մեր խղճի վրա: «Շղթայասեր» իշխանությունները Լուսինեին պսակեցին դափնիներով եւ շնորհեցին Ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչումը: Այսօր ազատասիրական ողջամտությունը դեն է նետում հանձնաժողով կազմելու եւ տաղանդաշատ երգչուհու երկրային մասունքները փրկելու պատասխանատվության լուծը:
Նպատակ չենք հետապնդում փնտրել մեղավոր կամ անմեղ ժառանգներ, բայց ունենք իրավունք մեր՝ Լուսինեի որդիների անունից պահանջելու պետական հովանավորություն երգչուհուց ժառանգված մասունքների պահպանության եւ հաջորդ սերունդներին փոխանցելու հարցում, քանզի իբրեւ հարկատու քաղաքացի՝ սնում ենք պետությունը եւ հայացքն էլ ուղղում պետությանը:
Մեր պահանջն է՝ պետական հանձնաժողովի կազմում փաստաբանի, նոտարի առկայությամբ, երգչուհուն պատկանող տանը մնացած իրերի հաշվառում ու պահպանում պետական որեւէ թանգարանում մինչեւ տան հիմնախնդրի լուծումը: Վերստին հիշեցնում ենք, որ 1968թ. այդ բնակարանը ստանալիս Լուսինե Զաքարյանն արդեն այն Լուսինեն էր, որն իր անունը վաստակել էր տաղանդով եւ թերեւս իր հռչակով էլ փարատեց Խորեն Պալյանին սպառնացող ստվերը: Բայց եւ այնպես բնակարանն իբրեւ ժառանգություն մնում է ոչ թե Լուսինեի արյունակիցներին (ինչպես քրոջը, որ համոզմունք ենք հայտնում, կգնահատեր սիրելի քրոջ վաստակն ու բարձիթողի չէր մատնի նրա ժառանգությունը), այլ Խ. Պալյանի եղբորորդիներին, որոնց արվեստ գնահատելու «նախանձելի» կարողությունն ու «ձեռներեցությունը» սկանդալներով ողողեց Լուսինեի սուրբ ու լուսավոր անունը եւ ուտիճներով բնակեցրեց տունը…
Ինչո՞ւ են լռում Լուսինեի համագործակիցները, բարեկամներն ու ընկերները: Վերջապես դեպի ո՞ւր է հառել հայացքն այսօր հայ մտավորականը, ե՞րբ է անտարբերությունը քարը շարժել տեղից, եւ ի՞նչ է տալիս լռությունը դիտորդին: Մի՞թե այսօր մենք այն հայի սերունդը չենք, որ, իր ունեցվածքը թողնելով նվաճողներին, շալակով մագաղաթ ու մատյան էր փրկում, ինչպե՞ս ենք հանգիստ նայում ազգային մշակույթի ամենալուսավոր հանճարներից մեկի անձնական իրերի կորստյանն ու կողոպուտին: Գուցե այսպես կրտսեր սերնդին ազգային մշակույթ, ինքնություն պահել-պահպանելու դասե՞րն ենք տալիս…
Կարծում ենք՝ ժամանակն է նայելու վաղվա աչքերին եւ ամաչելու այսօրվա անհոգության համար, որովհետեւ մեր դատավորը վա՛ղն է լինելու, որը մեզ նայելու է պահանջատիրոջ անխորտակ հայացքով մեր թողածի ու կորցրածի դիմաց:
Իսկ Սուրբ Էջմիածի՞նը…այդքան շո՞ւտ մոռացավ Լուսինեի անձնվեր վաստակը 21 տարվա ազատության խրախճանքներում: Ի՞նչ մնաց Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինի պատվիրանից. «…ուխտենք հավատարիմ մնալ Լուսինեի առաքելության ոգուն ամեն մեկս մեր չափով եւ մեր միջոցներով: Եվ այս ձեւով սուրբ պահենք նրա հիշատակը մեր կյանքում: Մենք մանավանդ ամեն կիրակի գալիս ենք աղոթելու այս կամարների տակ, ինչպե՞ս կարող ենք մոռանալ Լուսինեին: Ոչ միայն մենք, այլեւ այս սրբացած հազարամյա քարերը պիտի հիշեն նրան: Ներծծված են նրանք Լուսինեի քաղցր ձայնով»: Ի՞նչ պատասխան ունենք այսօր Վեհափառի պատգամի դիմաց, ո՞րն է մեր սերն ու խոստումը: Ի վերջո, անտարբերությունը քող դարձրած՝ շղարշե՞լ ենք ուզում մեր ճչացող խիղճը, թե՞ թաքնվում ենք ոգիացած Լուսինեի աչքերից, որոնց մեջ ծվարել է անկատար իղձը: Այսպիսի սերը սուտ է եւ մերկապարանոց:
Արդ, միավորենք մեր ուժերն ու պայքարենք Լուսինեի խնկաբույր հիշատակը վառ պահելու, նրա երկրային մասունքների պահպանման եւ կորցրած ժամանակը վերագտնելու համար:
ՊԵՐՃ ԴՈԼԻՆՅԱՆ (ՀՈՒՆԱՍՏԱՆ)
«Առավոտ» օրաթերթ