Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կհիմնվի ներառական պարային խումբ

Դեկտեմբեր 10,2013 14:44

656_RUDOLFՀամաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային տեղեկագրի՝ Հայաստանի բնակչության 4,6%-ը գրանցված է որպես հաշմանդամություն ունեցող: Մեզանում նման անձանց միայն 8%-ն է ապահովված աշխատանքով: Մեծ Բրիտանիայում պարը, թատրոնը հաշմանդամություն ունեցող անձանց ոգեշնչելու, նրանց ներուժի օգտագործման միջոց է եւ հիանալի օրինակ Հայաստանի համար: Բրիտանական խորհուրդը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Միացյալ Թագավորությունում հայկական սփյուռքը եւ Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիան համատեղ հեռանկարային նպատակ ունեն՝ մինչեւ 2015թ. Հայաստանում հիմնել առաջին ներառական պարային խումբը: Բրիտանական խորհրդից «Առավոտին» հայտնեցին, որ ներկայումս իրականացվում է «Առանց սահմանափակումների» խորագրով ծրագիր, որի հիմքում կլինեն բրիտանացի հաշմանդամություն ունեցող արվեստագետների փորձառությունն ու տաղանդը: Ընդ որում, հենց այս արվեստագետներն էին, որ 2012թ. Լոնդոնում ներկայացումներ էին բեմադրել ու մասնակցել Մշակութային օլիմպիադային: Հայաստանում բրիտանական նախագծի նպատակն է արվեստի միջոցով փոխել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական կարծիքը եւ հանրային քաղաքականությունը, այդպիսով հնարավորություն ստեղծելով նրանց դրսեւորվել ու իրականացնել իրենց ստեղծագործական նպատակները, լինել տեսանելի հասարակական կյանքում: Իսկ հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել միասնական կառույց, մասնագիտացված մի կազմակերպություն՝ բաղկացած հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող արվեստագետներից: Առաջին քայլն արված է. վերջերս Հայաստանում Բրիտանական խորհուրդը Լոնդոնում կազմակերպել էր երիտասարդ պարող Հայկ Հոբոսյանի մասնակցությունը վարպետության դասերի:

Ժամանակին՝ 2010-11թթ. «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի առաջին եթերաշրջանում ականատեսը եղանք Հայկ Հոբոսյանի հաղթանակին: Լսողության բացակայությունն ու խոսքի խնդիրը նրան չխանգարեց 20 լավագույն մասնակիցների թվում գրավելու առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ երիտասարդ պարողը շուրջ 15 տարի մասնագիտացել է հիփ-հոփ ոճում, ունի սեփական պարի խումբ եւ աշխատում է նաեւ լսողության խնդիր ունեցող երեխաների հետ: Նշենք, որ Հայկի նպատակներից եւ երազանքներից ամենանվիրականը սեփական ընդարձակ տարածք ունենալն է, որտեղ կկարողանա ավելի մեծ թվով երեխաների հետ աշխատել:

«Առավոտը» հանդիպեց «Պարիր, թե կարող ես» հայաստանյան նախագծի առաջին եթերաշրջանի գեղարվեստական ղեկավար, Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ: Խոսելով Հայկի մասին, նա հավաստիացրեց, որ ժյուրին երիտասարդին չի «դատել» իբրեւ հաշմանդամություն ունեցողի: «Հայկը շշմելու աստիճանի ներքին լսողություն ունի եւ ճկուն մարմին»,- ասաց պարոն Խառատյանը: Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում Հայաստանում ներառական պարային խումբ հիմնելը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ դա հիանալի գաղափար է, ինչը Արեւմուտքում վաղուց գոյություն ունի: «Իհարկե, ԱՄՆ-ում աշխատելու տարիներին ես նման խնդիր ունեցող արտիստների հետ չեմ շփվել, սակայն ականատես եմ եղել հաշմանդամություն ունեցող արտիստներից կազմված պարային խմբի բարձրարվեստ կատարումների»,- հայտնեց Ռուդոլֆ Խառատյանը:

«Շանթ» հեռուստաընկերությամբ առաջին «Պարիր, թե կարող ես»-ից հետո շրջանառվում էին խոսակցություններ, թե ունենալով հիանալի երիտասարդներ, չունենք ժամանակակից բալետ: Այս առիթով Խառատյանը նշեց. «Ժամանակակից պարը պետք չէ շփոթել ժամանակակից բալետի հետ: Վեջինում կարող են օգտագործվել միայն ժամանակակից պարի էլեմենտներ, բալետը այլ արվեստ է»: Իսկ թե ինչու իրեն չենք տեսնում «Պարիր, թե կարող ես» նախագծում, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Ազգային օպերային թատրոնում զբաղվածությունս թույլ չի տալիս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ARAI DANCE SHOW says:

    Խոսքս հղում եմ հոդվածգրին.Միգուցե մոտաորապես գրելուց առաջ նորմալ հետաքրքրվեիք և տեղեկանայիք ավելի ստուգ տվյալների???? Ավելի ճիշտ կլիներ գտնել մարդկանց ովքեր Հայկի հետ 15 տարի աշխատել են, ու շատ բարդ ճանապարհ անցել. Հայկին դարձրել են պարող, որի հետևանքով էլ բոլորը այդ թվում “Պարիր թե կարող ես” նախագիծը և նրա ղեկավարները իրենց համար բացահայտել են Հայկին. Շատ մեծ ուղի է անցել ու բազմաթիվ հաղթանակներ ունեցել այն խմբում որտեղ 15 երկար ու ձիգ տարիներ է անցկացրել. Ի ԴԵՊ ԽՄԲԻ ԱՆՈՒՆԸ “ԱՐԱՅԻ ԴԱՆՍ-ՇՈՈՒ” է.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031