Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրիստոնեությունն ինձ սովորեցրեց սիրել, չլինել անտարբեր»

Դեկտեմբեր 10,2013 14:41

vahan1«Մի անգամ շարքով ճաշարան գնալիս մի երեխա տեսավ մեզ եւ բացականչեց.
-Վա՛յ, նայեք, էջմիածինները…»: «Էջմիածինները» Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներն են: «Մեր առօրյան սկսվում է մարմնամարզությամբ, այնուհետեւ՝ ժամերգություն, ճաշարան, դասեր, ազատ ժամ, սերտողություն…», – նշում է ճեմարանի վեցերորդ լսարանի սան Վահան սարկավագ Սահակյանը:

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետում: «Դեռ առաջին կուրսում որոշել էի հոգեւոր ծառայության անցնել, նույնիսկ դասերով քիչ էի զբաղվում` անհետաքրքիր էին դարձել…»,- պատմում է Վահանը: «Հոգեւոր կյանքում իմ առաջին ուսուցիչներն են եղել Սուրբ Պողոս առաքյալն իր նամակներով եւ Սուրբ Եփրեմ Ասորին իր աղոթքներով: Այս որոշման մեջ մեծ դեր խաղացին նաեւ ուխտագնացությունները, դրանց շնորհիվ հոգեւոր գիտելիք ձեռք բերելը, եկեղեցի հաճախելը, այստեղ ես գտա ինձ. Աստծուն ծառայելն ինձ համար նպատակ դարձավ»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նախքան ճեմարան գալը, նա կատարել է պարտքը՝ ծառայել բանակում: «Հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքն առաջին հերթին վկայությունն է առ Աստված ունեցած մեր սիրո: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ նետում, ապշում ու հիանում եմ իմ Աստծո ողորմածությամբ, քանի որ ծառայությանս ընթացքում դժվարություններ չեմ ունեցել, ամեն պահ զգացել եմ Նրա ներկայությունը, քանի որ Տերն ինքն էր ամենուր հարթում եւ մինչ օրս էլ հարթում է իմ ճանապարհները»,- ասում է մեր զրուցակիցը:

«Երբ նա եկավ ճեմարան, կարելի է ասել, արդեն ձեւավորված էր որպես հոգեւորական՝ գիտակցության առումով: Վահանը կարծես ներքին կարգապահություն ունի իր մեջ: Իսկ մարդկային հարաբերությունների մեջ իրեն դրսեւորում է իսկական քրիստոնյայի պես», – նշում է ճեմարանի գործավար-քարտուղար տեր Ղեւոնդ քահանա Տյոմկինը:
«Հաճախ ես նրան հանդիմանում եմ իր ինքնամփոփության համար. նա կարող է հանդուրժել ինչ-որ բան, որ իրեն դուր չի գալիս եւ այդպես էլ չասել այդ մասին, – ասում է Վահանի համակուրսեցին` Լեւոն սարկավագ Բադիրյանը, -բայց նա նվիրված է, ամեն հարցում պատրաստ օգնել բոլորին»:

Լեւոնն ու Վահանն այցելում են դպրոցներ եւ կազմակերպում հոգեւոր զրույցներ, իսկ «Հուսո Այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի գրասենյակում, ինչպես նաեւ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հ/կ-ում քրիստոնեական ուսուցման դասընթացներ են անցկացնում, որոնց ծրագրերն ու նյութերը կազմում են հենց իրենք: Ի դեպ, վերջինին մասնակցում է նաեւ Վահանի եղբայրը՝ Լեւոն սարկավագ Սահակյանը, որը նույնպես ճեմարանի վեցերորդ լսարանի սան է՝ իր համակուրսեցին: Այս տարի նրանք որոշել են այդ դասերի մի մասն անցկացնել եկեղեցում, եւ այժմ ամեն շաբաթ Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցում երիտասարդները մասնակցում են Երեկոյան ժամերգությանը, որից հետո տեղի է ունենում հոգեւոր զրույց:

Դպրոցներ եւ տարբեր կազմակերպություններ այցելելու համար Վահանն ու իր ընկերներն իրենք են դիմել տեսչությանը՝ ժամեր հատկացնելու խնդրանքով: «Վահանն իր կողմից ծրագրեր է առաջարկում: Եվ, փա՛ռք Աստծո, Վահանի պես ուսանողները շատ են», – նշում է ճեմարանի վերակացու Գարեգին սարկավագ Սողոմոնյանը:

«Փորձում ենք սովորել նաեւ ժեստերի լեզուն` խուլերի հետ խոսելու եւ նրանց հասկանալ կարողանալու համար», – ասում է Վահանը: Նա մասնակցում է նաեւ ճեմարանում գործող տարբեր խմբակների՝ գերմաներեն, գրաբար, երգ, դաշնամուր, թարգմանական եւ այլ: Իսկ երեկոյան աղոթքից հետո ուսանողները նաեւ Սուրբ Գրքի սերտողություն են կազմակերպել: Ճեմարանականները պարբերաբար մասնակցում են նաեւ համերգների, տարբեր միջոցառումների, գիտաժողովների, ինչպես նաեւ թատրոն են հաճախում: Ճեմարանի բոլոր սաները` առաջինից մինչեւ վերջին լսարան, ըստ էության, հավասար են: Սակայն տարբերություն կա տարիների փորձառության առումով. ավագ ուսանողները միշտ պետք է օրինակ լինեն կրտսերների համար: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ գերաշնորհ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նշում է, որ բոլոր ուսանողներն էլ իր համար սիրելի են, սակայն յուրաքանչյուրն իր տեղն ունի ճեմարանում. «Վահանը նրանցից է, որը չի բավարարվում պահանջվածով, այլ փորձում է անել ավելին. ես դա շատ եմ քաջալերում»:
Վահանը նաեւ տիրապետում է որոշ խոհարարական հմտությունների: Աշխատում է չասել, թե որեւէ բան չի կարող անել. գիտի, որ ամեն ինչ հնարավոր է այն մարդու համար, ով հավատում է, պարզապես, պետք է աշխատել, փորձել…:

«Քրիստոնեությունն ինձ սովորեցրեց սիրել, չլինել անտարբեր, ազատության ճիշտ ընկալումը բերեց, սովորեցրեց համբերել նեղություններին, չհուսալքվել, սովորեցրեց խոսել, բացվել մարդկանց առաջ եւ լսել, հաղորդ դառնալ նրանց խնդիրներին, սովորեցրեց ապրել կենդանի կյանքով, զգալ աշխարհի գեղեցկությունն ու Աստծո սերը», – ասում է Վահանը:

Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031