Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը հերքում է մեղադրանքները

Դեկտեմբեր 10,2013 14:28

«Առավոտը» դեկտեմբերի 3-ին հրապարակել էր «Հանուն Տավուշի առողջ ապագայի» նախաձեռնության բաց նամակը: Արձագանքելով ահազանգին՝ մենք փորձեցինք նամակում ներկայացված բողոքների առնչությամբ պարզաբանումներ ստանալ Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանից:

Վերջինս իրեն հասցեագրված գրեթե բոլոր մեղադրանքները մեկ առ մեկ հերքեց՝ հավատացնելով, թե իր մասնագիտական գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում, որից վերջին 25 տարին՝ Բերդի բուժմիավորման տնօրեն և գլխավոր բժիշկ, մշտապես առաջնորդվել է բժշկի կոչմանն հավատարիմ մնալու սկզբունքով:

«Աշխատել եմ պատերազմի ժամանակ և անհետաձգելի ամեն տեսակի վիրահատություն իրականացրել եմ, հիմնական բեռը եղել է իմ և իմ կոլեկտիվի վրա: Այն ժամանակ մենք չէինք կարող ասել, թե, օրինակ` կրծքի վիրաբույժ է մեզ անհրաժեշտ, որպես ընդհանուր վիրաբուժության մաս, անում էինք ամեն ինչ՝ ցանկացած տեսակի վիրահատություն»,- պատմեց Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իր դեմ հրապարակված նամակը ուղղորդված է. դրա հետևում կանգնած են Բերդի առողջապահական ոլորտի որոշ նախկին աշխատակիցներ, որոնց նպատակները շատ ակնհայտ են:

Պարո՛ն Հարությունյան, նամակ է հրապարակվել, որտեղ մեղադրանքներ կան Ձեր դեմ. ասվում է, որ բազմաթիվ մարդիկ տուժել և հաշմանդամ են դարձել Ձեր կատարած վիրահատությունների հետևանքով, կույրաղիքի փոխարեն երիտասարդ աղջիկների ձվարաններ եք հեռացրել, կեղծել եք անալիզի արդյունքներ, կան մահվան դեպքեր, դատական գործեր: Ի՞նչ պատմություններ են սրանք: Ստացվում է, որ Դուք պնդում եք, որ աշխատել եք բարեխիղճ և պրոֆեսիոնալ, այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ Ձեզնից դժգոհ:

– Մահվան դեպքեր կարող են լինել ցանկացած հիվանդանոցում՝ նայած հանգամանքներին ու հիվանդության բարդության, բայց իմ 40 տարվա գործունեության ընթացքում չի եղել նման դեպք, որ ես կույրաղիքի փոխարեն ձվարան հեռացնեմ կամ անալիզ կեղծեմ: Ներկայացված դեպքերը չեն վերաբերում ո՛չ ինձ, ո՛չ իմ ղեկավարած հիվանդանոցին: Նման բան չի եղել. այն, ինչի մասին խոսվում է, մեր հիվանդանոցում չի եղել, բայց վերագրվում է մեզ:

Ձեր նշած մահվան դեպքերը (խոսքը 3 մահվան դեպքերի մասին է), անցել են դատական պրոցեսներով, այդ դեպքերի առնչությամբ կան դատական գործեր, վճիռներ, եզրակացություններ:

Ե՛վ որպես մարդ, և՛ որպես մասնագետ խորը ցավում եմ այդ դեպքերի համար: Բազմիցս իմ զորակցությունն եմ հայտնել հարազատներին, որոնց վիշտը, ցավոք, որոշ շատ կոնկրետ մարդիկ պարբերաբար փորձում եմ շահարկել և օգտագործել իրենց ճղճիմ նպատակների համար:

Զարմանալի զուգադիպությամբ այս թեմաները պարբերաբար ակտիվանում են և որոշ ԶԼՄ-եր ներթափանցում Բերդի հիվանդանոցի տնօրենի մրցույթից մրցույթ:

Այժմ էլ ամեն ինչ շատ պարզ է. փորձել վարկաբեկել ինձ և մեր կոլեկտիվը, որպեսզի նման կեղտոտ և անբարո ձևով «մաքրել» սեփական ճանապարհը:

Ես պատրաստ եմ ազնիվ և բաց մրցակցության, մասնագիտական գիտելիքների և փորձի հիման վրա, այլ ոչ թե ԶԼՄ-ում ակնհայտորեն ուղղորդված ապատեղեկատվություն տարածելու դաշտում: Ե՛վ Հայաստանը, և՛ հատկապես, Բերդը շատ փոքր են, բոլորը ամեն ինչ տեսնում, իմանում և հասկանում են:

Լավ, եթե Դուք որևէ առնչություն այդ դեպքերի հետ չունեք, եթե աշխատում եք պրոֆեսիոնալ, ինչո՞ւ են այդ մարդիկ դժգոհում Ձեզնից:

– Ես համաձայն չեմ, որ մարդիկ ինձանից դժգոհում են, ճիշտ հակառակը, գուցե, անհամեստ հնչի, բայց ստիպված եմ ասել, որ ինձանից և մեր կոլեկտիվից մարդիկ գոհ են: Գիտե՞ք՝ ես քանի՜ մարդու շնորհակալական նամակ ունեմ, բազմաթիվ մեդալներ ունեմ՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ քաղաքացիական կյանքում աշխատելու համար:

Արդեն ասացի, որ նման հարձակվողական ապատեղեկատվության իրական պատճառը իմ` այսօր զբաղեցրած պաշտոնի նկատմամբ նկրտումներն են, որոնք ես առաջարկում եմ դրսևորել ազնիվ և տղամարդավարի մրցության մեջ, այլ ոչ թե մարդկանց վիշտը շահագործելով, հերյուրանքներով և անհարկի մեղադրանքներով, ԶԼՄ-ներում տեղեկատվական պատերազմ մղելով: Վերջիվերջո բուժհիմնարկի տնօրենի աշխատանքը բժիշկի և կառավարիչի, այլ ոչ թե, կներեք, տեղեկատվական տեռորիստի աշխատանք է:

Ինձ մեղադրում են նաև շտապօգնության համար, իբր այն վճարովի է: Չկա նման բան, վճարովի է միայն Երևան-Բերդ «Ռեմոբիլը», որը, ինչպես ողջ հանրապետությունում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, վճարովի է: Իսկ Բերդի տարածքում շտապօգնությունն օրվա ցանկացած ժամի աշխատում է անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031