Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճում են «սխալ թեմաներով»

Դեկտեմբեր 10,2013 14:25

Մեզ շատ է խանգարում կասկածամտության մթնոլորտը: Այս շրջանում քաղաքականացված մարդիկ իրար մեղադրում են կա՛մ «ռուսական իմպերիալիզմի», կա՛մ էլ «այլասերված Արեւմուտքի» գործակալ լինելու մեջ: Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, անկեղծորեն, առանց որեւէ դավադրության մասնակցելու՝ լինել այս կամ այն տեսակետի կողմնակիցը:

Վստահություն չկա նաեւ ընդդիմադիր շրջանակներում: Ենթադրենք, որեւէ ընդդիմադիր երդվում է՝ «կյանքիս նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»: Մյուս ընդդիմադիրը հակադարձում է. «Չէ՛, եղբայր, ես քեզ չեմ հավատում, դու միայն ասում ես, իրականում դու Բաղրամյան 26-ի նախագիծն ես: Այ, ես՝ ուրիշ բան, ես հոգով-սրտով պայքարում եմ իշխանափոխության համար: Տես, թե ինչ ուշունց եմ տվել Սերժ Սարգսյանին»: Դրան առաջին ընդդիմադիրը պատասխանում է. «Քո ուշունցը բավականին թույլիկ էր՝ հիմա կտեսնես, թե ինչ հայհոյանքներ են իմ ակտիվիստները գրելու Ազատության հրապարակի ասֆալտին: Սկի կոմունիստների ժամանակ հասարակական զուգարանների պատերին նման բաներ չէին գրում»: «Դա հեչ՝ իմ ակտիվիստներն այնպես են թռնելու ոստիկանների վրա, որ նրանց մի քանի ժամով քաղմաս կտանեն: Այ, այդպես են պայքարում իշխանափոխության համար»:

Այդ տենդագին մրցավազքը, բնականաբար, ձեռնտու է իշխանավորներին, որոնք, նման խոսակցությունները ականջի ծայրով լսելով, իրենց՝ հերթական անգամ «քրտինքով աշխատած» փողերն են հաշվում: Իսկ ամենակարեւորը՝ այդ վեճերը խորացնում են կասկածամտության, անվստահության մթնոլորտը, որը պետք չէ ոչ մեկին՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ մեզ՝ անկուսակցական քաղաքացիներիս:

90-ականներին ՀՀՇ-ականներն ինձ մեղադրում էին թաքնված դաշնակցական, ՀՅԴ-ականները՝ ՀՀՇ-ական լինելու մեջ: Չնայած երկու կուսակցություններին էլ ես, ընդհանուր առմամբ, հարգանքով եմ վերաբերվում, որովհետեւ նրանք թեկուզ երբեմն փորձում են (եւ փորձում էին) բացատրել, թե ինչու են ձգտում իշխանափոխության կամ «իշխանապահպանության»: Մնացածը կրկնում են ընդհանուր ձեւակերպումները՝ «թալանի» կամ «նվաճումների» մասին, որոնք այլեւս ոչինչ չեն ասում: Երբ որեւէ արժեքային խնդիր չի դրվում, ես, օրինակ, անտարբեր եմ դառնում՝ կփոխվի իշխանությունը, թե կմնա նույնը: Կարծում եմ՝ ոչ միայն ես: Թող գոնե ասեն՝ նրանք, բացի իշխանությունից, ուզո՞ւմ են, որ Հայաստանը մնա անկախ երկիր, թե՞ նրանց համար մեկ է:

Չնայած անկախությունն էլ է մեզանում երբեմն շատ սպեցիֆիկ ձեւով հասկացվում: Օրինակ՝ երեկ իմացա, որ Ռուսաստանն իր կայսերական հավակնություններով նպաստում է Հայաստանի ինքնիշխանությանը: Այո՝ ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ը՝ Հաիթիի ինքնիշխանությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Եվ այս ամենի արդյունքը՛ իր գագաթնակետին հասած համատարած հիասթափությունն է։ Դադարում ես հավատալ բոլորին, անկախ քաղաքական ուղղվածություններից։ Ցավալի է՛, բայց դա է ճշմարտությունը։

  2. Seyran says:

    Ամենասարսափելին կլինի, երբ այլևս իշխանւթյուն չի լինի:Իսկ իմ կարծիքով մեր հասարակության մի մասին ուղորդում են այդ ուղղությամբ՝որքան թուլացվեն գործող իշխանության դիրքերը,այնքան հեշտ կլինի ,,պղտոր ջրում ձուկ որսալը,,: 2008 թ.նախագահական ընտրություններին ասպարեզում հայտնվեց ,,քաղաքականությունից հեռացած,,առաջին նախագահը,ում պատվիրել էին իշխանությունը վերցնել,կամ վատագույն դեպքում,այնպես ցեխոտել գործող կամ նոր եկող իշխանությանը,որ եվրոկառույցներում մենք պաշտպանվողի կարգավիճակում լինենք,որի արդյունքը ,,մարտի 1-ը,,եղավ; 2013 թ. Եվրոպային ձեռք էր տալիս Սերժ Սարգսյանը,դրա պատճառով նոր,, խաղացողների,,չփնտրեցին,համոզված լինելով,որ Հայաստանը դեպի Եվրոպա է գնում:Հիմա,երբ դա տեղի չունեցավ,նորից հին խաղաքարտերը խաղի մեջ են քցում՝ՀԱԿ-ը զեկուցում է ԵԽ-ին,որ հակակառավարական գործողությունները սկսված են և անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն: ԵՎ նրանք կստանան այդ օժանդակությունը: Ոչ Եվրոպային,ոչ էլ Ռուսաստանին պետք չեն անկախ զարգացող երկրներ՝այն դեպքում,երբ ամենադեմոկրատական Եվրոպայում տնտեսությունը հետաճ է ունենում, իսկ տոտալիտար երկրներում՝Իրաքում,եգիպտոսում,Լիբիայում,Սիրիայում,շրջափակված Հայաստանում տնտեսական աճ էին գրանցում,նույնիսկ երկանիշ թվերով:Ինչ կմտածի եվրոպացի ընտրողը՝որ դեմոկրատիան դեռևս ամենակատարյալը չէ և կասկածի տակ կդնի նրա արժեքները:Այդ նպատակով վերընշված երկրներում խառնաշփոթ ստեղծեցին,որպեսզի իրենց ընտրողների առջև արդարանան՝՝տնտեսական աճ չունենք,բայց հո խաղաղ ենք: Այնպես,որ ես չէմ հասկանում մեր Առաջին նախագահին,որին թվում է,թե ժողովուրդը հավի հիշողություն ունի և մոռացել է,թե ով ինչ է արել:Ես հարգել եմ և հարգելու եմ իմ երկրի նախագահներին,հատկապես առաջին նախագահին՝անկախության առաջին կերտողին,բայց հորդորում եմ դուք էլ հարգեք միմիանց….:

  3. Վալոդ says:

    Լավագույն փաստարկը ժողովրդավարության դեմ հինգ րոպեանոց զրույցն է միջին ընտրողի հետ: Համոզված եմ՝ Չերչիլի այս փաստարկը շատերի սրտով է: Սակայն ժողովրդավարության իմաստը փոխվստահության ներուժ կուտակելն է: Երբ այն չկա, պետության ծառը սկսում է փտել, քանի որ արմատները չեն սնուցում ծառը: Չկա նախաձեռնողականություն հասարակ մարդկանց կողմից, քանի որ չկա փոխվստահություն, ամեն թեթև փորձ դաժանորեն ճնշվում է: Այսպես վախճանվեց սովետը, հիմա էլ, ըստ Ասանժի և այլոց, հերթը արևմուտքինն է:

    Այս առումով իշխանափոխությունը Հայաստանում հրատապ է, քանի որ նույնիսկ հինգ հազար դրամով կաշառված մարդիկ նրանց չեն վստահում: Այս պարագայում մյուս թեմաները՝ արևմտամետ թե ռուսամետ, մաքսային միություն թե ասոցացում և այլն, դառնում են վերացական ու անկշիռ:

  4. Armen says:

    Հարգելի Արամ,

    Լուրջ մտածում եք, Հայաստանը անկախ պետություն է?
    Իմ մոտ այն տպավորությունն է ձևավորվել, որ Հայաստանի նույնիսկ Ազերբաջանից է
    կախված, եթե այդպես չլիներ արդեն 20 տարի է Արցախը անկախությունը կճանաչեր ու չէր կանգնի խաչմերուկում և սպասում, երբ է կարմիր լույսը կանաչով փոխարինվում, այսպես ասած Ադրբեջանի դաբրոին է սպասում, ինքնիշխան պետությունը ռրբեք այդպես չէր վարվի:
    Կամ էլ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը նույն պատճառով չի գործում:
    Ես հարց եմ տալիս ինքս ինձ, մի պետությունը, որը նույնիսկ կախված է թշնամի պետության դաբրոից ու թշնամի պետությունը ինչ ասես անում է այդ պետության քաղաքացինռրի հետ և անպատասխան մնում, իրավունք ունի անկախ կոչվելու?????

  5. Armen says:

    Ինչ մնում է քաղաքական գործիչներին, ցավոք սրտին մեծամսսամբ չունեն պետական մտածելակերպ, համարիա բոլորը տարված են նեղ անձնական հարցերով, դրա համար էլ ոչ մի բան չի ստացվում:

  6. Maxim says:

    Ոճռագործությունների և դավադրութրունների ճանապարհով իշխանությունը զավթած՝ երկրորդ և
    երրորդ նախագահ կոչեցյալները ամեն ինչ անելու են, որ իրենց գողանը պահպանեն։ Նրանց
    գենետիկորեն չի տրված այն մարդկային որակները, որոնք կոչվում են՝ բարոյական նորմեր։ Իրենց
    շուրջը համախմբելով իրենց նմաններին՝ ,,որոնք, պարզվում է, որ մեր ազգում քիչ չեն, քանի որ մենք իրոք հին ազգ ենք, այն էլ շատ հին,, ստեղծեցին այս հանցագործ՝ կուռ համակարգը, որից
    ազատվելը, չափազանց դժվար կլինի։ Իսկ ժողովուրդը կորցրել է հավատը, քանի որ անհավատ ազգ ենք, որի վառ ապացույցն է ազգի՝ առաջին, երկրորդ, երրորդ,… հավատ քարոզողները, և բավարարվում ենք նրանով, որ իբր առաջին քրիստոնիաներն ենք։ Հետո՞ ինչ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031