Ազատության հրապարակում սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀԱԿ-ի ամենամյա բողոքի երթը: Նախքան ԵԽԽՎ գրասենյակ շարժվելը՝ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց. «Այսօր մեր ուժը ցույց տալու օրն է… Մարդու իրավունքների համար պայքարելը ամենակարեւոր պայքարն է: Հենց այնպես ոչ մի իշխանություն ոչինչ չի տալիս: Բոլոր երկրներում իրավունքները նվաճում են պայքարով:
Այսօր շատ են խոսում՝ պե՞տք է Մաքսային միությանն անդամակցել, թե՞ ոչ, Եվրաասոցացման համաձայնագիրը պե՞տք է, թե՞ ոչ եւ արդյոք այդկերպ մենք չե՞նք կորցնի մեր ինքնիշխանությունը: Մենք մեր ինքնիշխանությունը կորցրել ենք, երբ թույլ ենք տվել կեղծել ընտրությունները: Մինչեւ արտաքին ասպարեզում ինքնիշխանության մասին խոսելը եկեք նվաճենք ինքնիշխանությունը մեր սեփական երկրում»:
Պարոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք այսօր տարբեր հարցերի համար պայքարում են: Նա ասաց, որ պայքարի օրակարգը բազմազան է, բայց ոչ մի հարցում ոչ մեկը չի կարող արդյունքի հասնել: Նա հիշեցրեց 1988-ի նախաձեռնությունները եւ ասաց, որ բոլորին միավորում էր հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի սկզբունքը: Դա էր, որ անպարտելի էր դարձնում նախաձեռնություններին: «Հայաստանում ոչինչ չի փոխվի, մինչեւ չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից»:
Այսօր ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին են փոխանցելու իրենց ուղերձը, որ մինչ փոխանցելը պարոն Զուրաբյանը կարդաց Ազատության հրապարակում եւ ստացավ հավաքվածների համաձայնությունը ուղերձում նշված կետերի վերաբերյալ: Ուղերձը ՀԱԿ-ի ամենամյա հաշվետվությունն էր Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ իրավունքների պաշտպանության մասին:
Եվ ամենավերջում պարոն Զուրաբյանը կոչ արեց հետեւողական պայքարել ժողովրդավարության հիմնարար իրավունքների համար եւ ազատվել բռնապետերից:
Այս պահին ՀԱԿ ակտիվիստները Մաշտոցի պողոտայով քայլում են՝ սուլելով եւ «Սերժիկ, հեռացիր» գոչելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ