Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեաս Ղուկասյան. «Գազի թանկացման գործի բանավոր քննումը դիսկոմֆորտ է իշխանությունների համար» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2013 14:01

gaz-dataran varchakan-dataran

Այսօր «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները ՀՀ վարչական դատարան հանձնեցին մոտ 15 հազար քաղաքացիների ստորագրություններն ու անձնագրային տվյալները, որոնք պետք է դատարանի համար հիմք հանդիսանան գազի սակագնի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ գործի քննության համար:

Նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի ներկայացմամբ` նախաձեռնությունն ունի այն բոլոր փաստարկները, որոնք կարող են հիմք լինել դատարանի համար, նախ` գործը բանավոր քննել, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ համարել. «ՀայՌուսգազարդի» ներկայացրած փաստաթղթերն ի սկզբանե չեն համապատասխանել օրենսդրության պահանջներին, փաստաթղթերի զգալի մասը ռուսերեն էին, կնքված եւ ստորագրված չէին լիազորված անձի կողմից, ինչը հանձնաժողովի պահանջն է: Նման դեպքում հանձնաժողովը պարտավոր էր հետ վերադարձնել հայտը: Բացի այդ, բուն սակագինը հաշվարկված է ոչ սահմանված մեթոդիկաներով, ինչը հակասում է էներգետիկայի մասին օրենքի դրույթներին»: 

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Ղուկասյանի խոսքերով` գազի թանկացման գործում շատ մութ կողմեր կան՝ սկսած Սերժ Սարգսյանի, դեռ որպես նախագահի թեկնածու այն հայտարարությունից, իբր գազի թանկացման մասին լուրերը հերյուրանք են, ապա մարտին Ռուսաստան այցելության ժամանակ արդեն բանակցում էր 1000 խմ-ի դիմաց 270 դոլարի շուրջ, վերջացրած` բարձրաստիճան պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններով: 

Aravot.am-ի այն հարցին, հաշվի առնելով, որ «ՀայՌուսգազարդի» հետ կապված բոլոր պետական գործողությունները քաղաքական որոշումներ են, արդյոք այս գործը քննելը կարո՞ղ է անաչառ լինել, եւ ի՞նչ արդյունք է սպասում նախաձեռնությունը, պարոն Ղուկասյանն ասաց` «Ես գտնում եմ, որ մեր երկրի քաղաքացիները ստեղծել են այն իրավական հիմքը, որպեսզի դատարանը պաշտպանի իր անկախությունը քաղաքական ազդեցություններից` քննելով այս գործը բանավոր ընթացակարգով: Դա առաջին հերթին հենց դատարանին է անհրաժեշտ. բոլորս գիտենք, որ դատական համակարգը անկախ չէ, ես վստահ եմ, որ մեր դատավորները ազնիվ քաղաքացիներ են եւ սույն գործով շահագրգռված են, որպեսզի լինի հայանպաստ որոշում: Այստեղ  ոչ միայն գազի գինն է, այլեւ երկու պետությունների հարաբերությունների հարցերի կիզակետն է»:

Նախաձեռնության անդամները գտնում են, որ բանավոր գործը քննելը հնարավորություն կտա միմյանց հարցեր ուղղել, ինչպես հանձնաժողովին, այնպես էլ որպես 3-րդ կողմ ներգրավված «ՀայՌուսգազարդին»: Դատարանին հանձնված 15 հազար քաղաքացիների ստորագրությունները, ըստ նախաձեռնության  անդամների, բավարար հիմք են, որպեսզի դատարանը որոշում կայացնի հենց բանավոր գործը քննել:

Պարոն Ղուկասյանի խոսքերով`  «Սա հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ շատ բաների մասին: Բնականաբար, բանավորը իշխանությունների համար դիսկոմֆորտ է: Երկու բան կա` կամ պիտի արձանագրեն, որ դատական համակարգը անաչառ չէ, տվյալ դեպքում ենթատեքստը քաղաքական է, կամ էլ` պարզապես դիսկոմֆորտ ապրեն, որովհետեւ այդ բոլոր սուր հարցերը կհրապարակվեն դատական պրոցեսի ընթացքում ու բոլորը կտեսնեն, թե իրականում ինչ է եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031