Ծաղկաձորում գործում են շատ մատչելի հյուրանոցներ, որտեղ կարելի է անցկացնել ամանորյա հանգիստը՝ սկսած մեկ անձի համար 130 հազար դրամից, որը իր մեջ ներառում է ամանորյա խնջույք և 3 անգամյա սնունդ մինչև հունվարի 6–ը։ Այս մասին նշեց Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանը՝ «Հենարան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ընթացքում։
Նա հավելեց նաև , որ Ծաղկաձորում չկան վատ հյուրանոցներ, ամենաէժան հյուրանոցները ևս մատուցում են բարձր որակի ծառայություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշում է , որ Հայաստանում տարեցտարի աճում է ներգնա զբոսաշրջությունը և ոչ միայն Ամանորին։ Նա նշեց, որ Հայաստան ժամանում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից, ԱՄՆ–ից և այլ երկրներից։ Մ. Ապրեսյանի պնդմամբ՝ Հայաստանում զբոսաշրջիկը շատ ջերմ ընդունելության է արժանանում, և մեկնելով այստեղից՝ գովազդում է Հայաստանը իր երկրում։
Ըստ նրա, այս տարի ներքին զբոսաշրջության ոլորտում ևս աճ է արձանագրվել. անցած 9 ամիսների տվյալներով՝ ներքին զբոսաշրջությունը 38,2% –ով աճել է՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վրաստանում հանգիստն ավելի մատչելի է, ապա պարոն Ապրեսյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ հյուրանոցների գները 10%–ով բարձր են, քան Հայաստանում։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ