«Փիառը լավ բան է, բայց ցեղասպանության զոհերի հիշատակի հաշվին փիառ անելը որքանո՞վ է լավ բան՝ չգիտեմ: Սեփական կամ վարչախմբի փիառը ապահովելու համար, եթե խոսքը վերաբերում է ցեղասպանության զոհերի հիշատակին, որքանո՞վ է բարոյական դա անելը, դատեք ինքներդ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը արձագանքելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար Երևան այցելել պատրաստվող Դավութօղլուին ուղղված՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Շավարշ Քոչարյանը հայտարարել էր. «Դավութօղլուն սադրիչ հայտարարությունների փոխարեն թող այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր»:
Շարունակելով նույն թեման՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Դավութօղլուին պետք էր ինչ-ինչ բաներ հասկացնել: Գուցե Շավարշ Քոչարյանն իր հայտարարությամբ փորձում էր հասկացնել Դավութօղլուին, բայց պետք չէր շոշափել ցեղասպանության զոհերի հիշատակը: Եթե բան ես ուզում հասկացնել, ապա պարզ, հստակ ասա, որ Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկել Ղարաբաղի ժողովրդի հետ, քանի որ այնտեղ կա կայացած պետականություն և ինքնորոշված ժողովուրդ»:
Այնուհետև ամփոփեց. «Պետական պաշտոնյան, այն էլ այդ մակարդակի, իրավունք չունի նման հայտարարություններ անել, եթե գոնե տեսականորեն չի նշմարվում այդ հայտարարություններից բխող գործնական արդյունքը»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Շավարշ Քոչարյանը զբաղվում է «էժանագին փիառով» ու հավելեց. «Մեզանում այս կվասային հայրենասիրությունը, այսինքն՝ պսեվդոհայրենասիրությունն է ծաղկում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ