Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Երեւանի կառույցի մոտեցումները Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրի եւ բյուջեի նախագծի վերաբերյալ

Դեկտեմբեր 10,2013 12:58

Հանրային  քննարկման են առաջարկված Երևանի զարգացման 2014 թ. ծրագիրը  և մայրաքաղաքի  բյուջեի  նախագիծը։ Երկու կարևոր,  հիմնաքարային փաստաթղթեր, որոնք  կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի զարգացման հեռանկարը՝ պայմանավորված  այն հանգամանքով,  որ այսօր Երևանում է կենտրոնացրել ոչ միայն հանրապետության ազգաբնակչության գրեթե կեսը, այլև որոշ դեպքերում արտադրական, գիտական ու հոգևոր մշակութային ռեսուրսների մինչև 70%-ը։ 

Խորապես համոզված լինելով,  որ   երկրի առջև ծառացած սոցիալ տնտեսական, ներքին ու արտաքին  քաղաքական մարտահրավերների հաղթահարումը  միայն համակարգային  փոփոխությամբ ու միանգամայն նոր որակի իշխանությամբ են պայմանավորված, ՀՅԴ Երևանի կառույցն, այնուամենայնիվ,  ներկայացնում է նախագծերի վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները՝  նախ հանրությանը իրազեկելու համար,  նաև հնարավոր համարելով մատնանշած խնդիրների առնչությամբ մայրաքաղաքի իշխանության ուշադրությունը սևեռել։

ՀՅԴ Երևանի կառույցը ծառացած խնդիրների լուծման կարևորագույն նախապայման է համարում հասարակության տեղեկացվածության ապահովումը, հիմնախնդիրների վաղ բացահայտումը,    պրոբլեմների լուծման մեջ հանրային կարծիքի և շահի հաշվառումը և ոչ թե հանրային ճնշումների ու ընդվզումների արդյունքում իրականացվող քայլերը, երբ հաճախ գրեթե հնարավոր չի լինում վերականգնել քաղաքացուն և հանրության հասցված վնասը:

Ընտրվել է Երևանի 2014 թ բյուջետավորման   անարդյունավետ  մոդել.   Այն, այնուամենայնիվ, ՙմուտքային՚ է.  չի որդեգրվել ՀՀ կառավարության կողմից  վերջին տարիներին իրականացվող ըստ ծրագրերի ֆինանսավորման եղանակը, ինչը թույլ կտար բյուջետային գործընթացների բոլոր փուլերում ապահովել թափանցիկություն և,  ամենակարևորը՝ չափելի արդյունքներ ակնկալել։

Աշխատանքների գնահատման և չափման համակարգի, ինչպես նաև բյուջեի նկատմամբ վերահսկողություն իրականացնող  ավագանու մշտական մարմնի բացակայությունը ևս չի կարող նպաստել միջոցների արդյունավետ ծախսմանը։

Բյուջեի ծախսային մասի ռիսկայնությունը կնվազեր և առավել թափանցիկ կդառնար, եթե քաղաքապետարանը և նրա ենթակայությամբ ձեռնարկությունները գնումներն իրականացնեին <<Գնումների մասին ՀՀ օրենքի>> համաձայն։

Ըստ էության,  ներկայացված է իրավիճակային ծրագիր և բյուջեի նախագիծ, որը կարճաժամկետ և իրավիճակային խնդիրներ է լուծում` չպատասխանելով Երևանի զարգացման հեռանկարային մարտահրավերներին։ Դրա վառ օրինակը տրանսպորտային հիմնախնդրի լուծման հայեցակարգային լուծման բացակայությունն է, երբ առաջարկվող տեղային և մասնակի ծրագրերը ոչ միայն չեն լուծում քաղաքի խնդիրները, այլև իրենց հերթին ձևավորում նորերը,  որոնք հեռանկարում  յուրահատուկ ականներ են:

Թեև 2014թ. բյուջեի նախագծի ծախսային մասն անվանական 4.7% աճ է ներկայացնում, սակայն հաշվի առնելով 2013թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 7.1%-անոց գնաճը բյուջեի ծախսային մասի գնողունակությունը նվազել է 2.4%-ով։

Բավարար հիմնավորված չէ բյուջեի եկամտային մասը, մասնավորապես  արդարացված չէ գույքահարկի, հողի հարկի հավաքագրման ներկայացված ցածր մակարդակը, ինչն, ըստ ամենայնի,  Երևանի անշարժ և շարժական գույքի  ուսումնասիրված չլինելու արդյունք է։

Նկատելի է խզումը Երևանի զարգացման ծրագրում հայտարարված գերակայությունների և վերջինիս բյուջեական արտացոլանքի միջև։

Այսպես` գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումն ամրագրված է իբրև գերակայություն, սակայն  գործարարությանը, ներդրումային բարենպաստ միջավայրին ուղղված հասցեական ծրագրեր և գործողություններ չեն նախատեսված։ Հասկանալի չէ, թե գործարարության որ ուղղությունների մասով է քաղաքը տեսնում իր հեռանկարը և ինչ համապատասխան միջոցառումներ են ծրագրված կոնկրետ բնագավառի ձեռնարկությունների համար մայրաքաղաքի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: Լինելով հռչակագրային, այդ մոտեցումը ընդհանրապես չի ապահովում աշխատատեղերի ստեղծման մեխանիզմներ, չի ներկայացնում կոնկրետ թիրախային ցուցանիշներ և աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ:

Քաղաքաշինությունը մայրաքաղաքի ամենաչկանոնակարգված ոլորտներից մեկն է։ Երևանի կետային կառուցապատումը շարունակվում է՝ հարուցելով բնապահպանական, տրանսպորտային, սոցիալ- մշակութային  փոխշաղկապված խնդիրներ։

Ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ անբավարար վերահսկողության և քաղաքաշինական նորմերի ոտնահարման, ինքնակամ շինությունների արդյունքում խաթարվել է մայրաքաղաքի պատմամշակութային դիմագիծը, անհարմարավետ ու անհրապույր է դարձել քաղաքը թե նրա բնակիչների, թե զբոսաշրջիկների համար։

Քաղաքաշինական վերահսկողությունը որպես հիմնախնդիր չի արժևորվել և համապատասխան միջոցներ և ծրագրեր այս ուղղությամբ հստակեցված չեն։ Ու, թեև շարունակ հայտարարվում է մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու կարևորությունը (նաև ծրագրում իբրև հիմնախնդիր է թվարկված), սակայն իրականում գործադրվում է հակառակ մոտեցումը։

Մայրաքաղաքի կենտրոնի գերծանրաբեռնվածությունը, տարածքի երկրաֆիզիկական  որակները,  նրա վարչական ու մշակութային նշանակությունն ու  հատկապես  երևանցիների համար տանելի կենսամիջավայրի ապահովումը անհետաձգելիորեն պահանջում են կենտրոնը սահմանել որպես ճարտարապետական հատուկ պահպանման գոտի և քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակության մասնակցության գործուն մեխանիզմներ։

Բարձր սեյսմիկ գոտում գտնվող մայրաքաղաքի բնակֆոնդի գրեթե 70%-ը սեյսմակայուն չէ, ինչը բնակչության անվտանգության տեսանկյունից խիստ մտահոգիչ ու անհետաձգելի խնդիր է, հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանում ուժգին երկրաշարժերի կրկնվելու հավանականությունը։

Քաղաքի զարգացման 2014թ ծրագրում բնակֆոնդի ամբողջական  անձնագրավորման, սեյսմիկ ռիսկերի վերհանման, կանխման ու բնակֆոնդի վերականգնման ու պահպանման համալիր ծրագիրն իբրև անհետաձգելի առաջնահերթություն չի դիտարկվում։

ՀՅԴ Երևանի կառույցը հավատարիմ լինելով կուսակցության կողմից Երևանի հեռանկարային զարգացման վերաբերյալ նախկինում ներկայացված ռազմավարական մոտեցումներին, պնդում է Երևանի փոքր կենտրոնում շինարարության սահմանափակման, հատկապես` բնակարանային շինարարության արգելման դրույթը: Քաղաքաշինությունը, հանդիսանալով մարդկային զարգացման և կյանքի որակի բարձրացմանն ուղղված ոլորտ, այսօր վերածվել է շարքային քաղաքացիներին տագնապեցնող  գործոնի: Կտրված լինելով իր բուն նպատակից` մարդուն ծառայելուց, Երևանում տարվող շինարարությունը վերածվել է քաղաքացիների ահաբեկման և աղքատացման մեխանիզմի: Չկանոնակարգված և անհեռանկարային շինարարությունը ոչ միայն արժեզրկում է գործարար հանրության կողմից կատարվող ներդրումները, այլև արժեզրկում քաղաքացիների ունեցվածքը, էլ ավելի խորացնում անդունդը մեծահարուստների և շարքային քաղաքացիների միջև, վերջիններիս դատապարտելով անխուսափելի աղքատության և չքավորության:

Քաղաքաշինությունից ածանցվող ու մայրաքաղաքի տնտեսության ու կենսագործունեության համար  բացառիկ կարևորություն ունեցող տրանսպորտային հիմնախնդիրը  նույնպես հայեցակարգային համալիր կարգավորման (ներառյալ դիֆերենցված սակագների նախատեսումը) անհետաձգելի անհրաժեշտություն ունի։

Ներկայիս տրանսպորտային քաղաքականությունը պարզապես ուղղված է առկա համակարգի պահպանմանը, որին պատանդ են դարձել ինչպես այդ ոլորտի ընկերությունները, այնպես էլ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները: Ոլորտը մտել է փակուղի: Ներկա համակարգի պահպանումը հեռանկար չունի: Միայն մայրաքաղաքի իշխանությունների կողմից ոլորտի անմիջական կառավարումը և տրանսպորտային համակարգի բարեփոխման հարցում հանրային մունիցիպալ կառույցների մասնակցությունը կարող է ապահովել բավարար չափով ներդրումներ, արդյունավետ կառավարում, տնտեսական արդյունավետություն և մատչելի ու որակյալ փոխադրումը:

Մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտային ենթակառուցվածք ձևավորելու նպատակով անհրաժեշտ է ընդունել և գործադրել հանրային տրանսպորտի կառավարման միասնական համակարգ։

Լոկալ լուծումները՝ գծանշում,  կամայական ասֆալտապատումը կամ   հանրային տրանսպորտային միջոցների փոխադրավարձի թանկացումն առանց ոլորտի համապարփակ քաղաքականության մշակման` հղի է սոցիալական, տնտեսական և բնապահպանական ճգնաժամի հետագա խորացմամբ։

Հատկապես բնապահպանական նկատառումները թելադրում են ոլորտի  օպտիմալացման և էլեկտրատրանսպորտի ցանցի զարգացման հեռանկարային ծրագրի  որդեգրում՝  2.5%- ից այն հասցնելով նվազագույնը  10%-ի։

Հանրային տրանսպորտը բավարար հարմարեցված չէ տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար, ինչը թելադրում  է բոլոր երթուղիներում նվազագույնը մեկ տրանսպորտամիջոցի հարմարեցում։ Այսօր շահագործվող վերելակ ունեցող 2 տրոլեյբուսներին 2014-ին մեկ ավտոբուս գումարելով անկարելի է տանելի միջավայր ապահովել վերոհիշյալ սոցիալական խմբի համար։

Երևան քաղաքի զարգացման ծրագրերից առհասարակ դուրս են մնացել երիտասարդությանն ու նրանց խնդիրներին ուղղված աշխատանքները, այնինչ երիտասարդության շրջանում սպառնալի մակարդակի հասնող արտագաղթի  գլխավոր պատճառը զբաղվածության և բնակարանային ապահովման  խնդիրներն են։

Համոզված ենք, որ քաղաքապետարանը կարող էր մշակել ու գործադրել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ-քաղաքականություն՝ բնակարանային շինարարության ծավալների նվազագույնը 10%-ը տրամադրելով երիտասարդ, բազմազավակ և կարիքավոր ընտանիքների։

Գերակայությունների թվարկման մեջ հիշատակվում է նաև մշակութային ժառանգության  պահպանման, վերարտադրման ու զարգացման ուղղությունը, սակայն  2013-ի համեմատ  9.000.0 հազ. դրամով պակասել են հատկացվող միջոցները՝ հասցվելով  26.000.0 հազ. դրամի, մինչդեռ դրոշների տեղադրման համար նախատեսվում է 87.000.0 դրամ կամ կամարակառուցումների և գունազարդման համար 110.000.0 հազ. դրամ, ինչը արդյունավետ ծախս կամ գերակայություն համարելը խիստ թեական է։

Նույնքան էլ անարդյունավետ կամ ոչ մշակութային առաջնահերթություն կարելի է համարել եռաչափ նկարների նախատեսումը, ինչը արդարացված չէ թե ծախսերի, թե քաղաքի գեղագիտական կոնցեպտի համատեքստում։

Առհասարակ հաշմանդամների շրջանում աղքատության վերացման և նրանց սոցիալական սպասարկմանն ուղղված որևէ ծրագիր նախատեսված չէ, թեև իբրև հիմնախնդիր առանձնացված է։

Տարիներ շարունակ իրականացված չհամակարգված և սոսկ բիզնես մոտիվացում ունեցող քաղաքաշինական քաղաքականությունը մայրաքաղաքում ծնել է բնապահպանական և սեյսմիկ   լրջագույն ռիսկեր։ Չկանոնակարգելով տրանսպորտային ու քաղաքաշինական խնդիրները՝ փորձ է արվում  պայքարել հետևանքների հետ, միաժամանակ ընթացիկ սիտուացիոն քաղաքականությունը շարունակում է պատճառներ ծնել ու խորացնել վիճակը։ Այսպես, կենտրոնի կետային գերկառուցապատումը  հանգեցրել է նրան, որ կենտրոնի տրանսպորտային ուղիների մակերեսը 1/3 –ով պակաս է քաղաքաշինական նորմերից, իսկ անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ անհրաժեշտ կանաչ տարածք։

Ծրագրում իբրև կանաչ տարածքների ընդլայնում և վերականգնում հիմնախնդիրը հարկ է լուծել ոչ այնքան ծաղկազարդմամբ, թփերի ձեռքբերմամբ ու սիզամարգերի վերանորոգմամբ (ինչն ինքնին դրական է), այլ  համատարած Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների  վրա արգելք դնելով,  Գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծամասշտաբ կանաչ տարածքները վերականգնելով,  Նորքում, Մոնումենտում, Ավանում  գտնվող անտառածածկ գոտու, ինչպես նաև  Դալմայի այգիների   պահպանման հատուկ ծրագրեր մշակելով։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են երաժշտական և արվեստի 26 դպրոցներ, որոնք շատ կարևոր՝ գեղարվեստական կրթության և դաստիարակության խնդիր են իրականացնում։  Օրենսդրական կարգավորման, նաև քաղաքական կամքի բացակայության պատճառով վերոհիշյալ դպրոցների  ուսուցիչները  մանկավարժի կարգավիճակ չունեն, սակայն վճարվելով  համայնքային բյուջեից  նրանց միջին աշխատավարձը չի գերազանցում 45 000 դրամը, ինչը հանրապետության նվազագույն աշխատավարձի շեմն է։  Դիվերսիֆիկացված չեն նաև աշխատավարձերը՝  անկախ մասնագիտական ստաժից և փորձառությունից, վարձատրության միևնույն չափն է հաստատված։

Զգալի է տարբերությունը նաև պետական   և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանների աշխատակիցների աշխատավարձերի միջև։

Կարծում ենք որոշ ոչ առաջնահերթություն ներկայացնող միջոցառումների կամ զարդարման աշխատանքների համար հատկացված գումարներ նպատակահարմար կլինի ուղղորդել մայրաքաղաքի  մշակույթի  ոլորտի աշխատավարձերի բարձրացմանը, ինչը  կնպաստի աղքատության նվազեցմանը, որակյալ ծառայությունների խթանմանն ու  սոցիալական համերաշխությանը։

Աղբահանության  արդիականացումը շարունակում է մնալ  մայրաքաղաքի առաջնահերթություններից մեկը՝ ինչպես նշված է ծրագրում։     2014 թ. ապրիլի 1-ից  մեկնարկելու է  նոր օպերատորների կողմից Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսների) ծառայությունների մատուցման աշխատանքները, սակայն այս ուղղությամբ  նախապատրաստական ծրագրային աշխատանքներ  նախատեսված չեն, ինչը հղի է նոր համակարգի ներդրման ռիսկայնությամբ։  Այդպես էլ թղթի վրա է  մնացել 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանի և  ճապոնական “Շիմիձու” ընկերության միջև կնքած համաձայնագիրը, որով  Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագիր պիտի իրականացվեր։

Անշարժ գույքի կառավարման ոլորտում տեսանելի խնդիր է  արտադրական նշանակության անշարժ գույքի անարդյունավետ օգտագործումը։ Վերջինիս օգտագործման արդյունավետության բարձրացմանն  ուղղված քաղաքականություն չի առաջարկվում։

Կարծում ենք  անհրաժեշտ է հանդես գալ հողերի արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակմամբ՝ ներառյալ օրենսդրական դաշտում փոփոխությունները։ Մայրաքաղաքի չօգտագործվող անշարժ գույքի համար պետտուրքի սահմանումը կարող է աշխուժացնել անշարժ գույքի շուկան ու համալրել տեղական բյուջեն։

Քննարկման ներկայացված երկու փաստաթղթերն էլ` Երևանի զարգացման 2014 թ. ծրագիրը  և մայրաքաղաքի  բյուջեի  նախագիծը,  շատ ավելի շահեկան  կլինեին, եթե աշխատանքների ծավալների ու ժամկետների մասով ամրագրված պարտավորություններ ունենային։ Հանգամանք, որը կբարձրացներ թե վերահսկելիության, թե հաշվետվողության, թե կոռուպցիոն ռիսկերի բացահայտման մակարդակը։

ՀՅԴ Երևանի կառույցը հավատարիմ է իր կողմից քաղաքի ավագանու ընտրություններում ներկայացված նախընտրական ծրագրի դրույթներին և հետևողական է լինելու քաղաքի իշխանությունների առջև Երևանին և երևանցիներին առնչվող խնդիրների ներկայացմանը, հանրային շահի պաշտպանությանը, ինչպես նաև մեր մայրաքաղաքի արդիականացմանն ու քաղաքացիների կյանքի և կենսագործության համար լավագույն վայր դարձնելու ռազմավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031