Հատված արձակագիրների «Կայարան» գրական ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից:
– Ի՞նչ չափանիշով և ովքե՞ր են առանձնացնելու գրական միջավայրի լավագույն անունները:
– Ցանկացած դեպքում չափորոշիչը տաղանդն է։ Բայց, ինչպես խորհրդային տարիներին մի հեղինակի գովերգում էին, մյուսներին անտեսում, նույնն էլ այսօր է։ Մերօրյա գրականագետները հիմնականում պատվերով են գրում։ Երբ կարդում ես ռուսական մամուլում հեղինակին ներկայացնող գրականագետի խոսք, զգում ես, որ ամեն ինչ արվում է հեղինակին բարձրացնելու, ճիշտ մատուցելու համար։ Մեր գրականագետները գրողների գործերի մասին գրելուց ավելի շատ իրենք իրենց աչքում են ինքնահաստատվում գրողին վարկաբեկելով, թերությունները մատնացույց անելով, կամ ասում են՝ դա ի՞նչ գրող է, որ ես իր գրքի մասին խոսեմ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք եկել խցկվել գրողների միություն, նստեք գրականության ինստիտուտում և ինչքան ուզում եք աշխատություններ գրեք դասականների կամ գրական փաստերի մասին։ Իսկ եթե ձեր վարկը բարձրացնում եք գրողների միության անդամ լինելով, ուրեմն բարի եղեք գրական ընթացքին մասնակցել։
ՀԳՄ-ում 60-ից ավելի անդամ կա, որոնց անվան դիմաց գրված է գրականագետ, բայց տարվա ընթացքում գոնե 20 նորմալ գրականագիտական հոդված կարդո՞ւմ ենք լույս տեսած գրքերի մասին։ Չենք կարդում։ Արդյունքում գրական պրոցեսն է խեղաթյուրվում, հեղինակն է թևաթափ լինում, հասարակության աչքում ընկնում է գրողի վարկը։ Գրական միջավայրի գնահատականը պետք է քեզ օծի գրող կամ չօծի, ոչ թե գիրքը տպագրես ու սկսես ինքդ պատվիրել գրախոսականներ, ինքդ կազմակերպես քո փառքը։ Այդ ամենը էժանացնում է գրականությունը և գրողին։ Մեր երկրի պարագայում, կարող եմ ասել, ոչ երկրի ներսում է ըստ արժանվույն պրոպագանդվում գրականությունը, ո՛չ դրսում։
Կարդացեք նաև
– Քիչ առաջ ակնարկեցիք գրական մրցանակների անաչառ չլինելու մասին։ Գրականության, հրապարակախոսության ոլորտում տրվող պետական մրցանակի հանձնումը, ասում էին, այս տարի հնարավորինս օբյեկտիվ է լինելու։
– Եթե ասում են՝ այս տարի պիտի օբյեկտիվ լինի, նշանակում է՝ նախորդները կարելի է անվավեր ճանաչել։ Այսինքն, բոլորս էլ գիտակցում ենք, որ այսպես շարունակել չի կարելի։ Ըստ իս, հանձնաժողովի կազմը հուշում էր, որ չի կարող օբյեկտիվ լինել։ Մրցանակի հանձնաժողովում ընդգրկված գրականագետների մեծ մասը բոլոր նախորդ հանձնաժողովներում կար։ Այսինքն, ես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք նույն մարդիկ կամ անպայման մրցանակ տան, կամ մրցանակ ստանան։ Արդյո՞ք այլ գրականագետներ չկան, մի հսկայական գրականության ինստիտուտ ունենք։ Չգիտեմ՝ ով և ինչպես է որոշում հանձնաժողովի կազմը։ Դա երկրի բարձրագույն մրցանակն է, և այն շնորհելը նույնքան պատվաբեր է, որքան ստանալը։ Ո՞ր վաստակի համար են մարդիկ հայտնվում այդ հանձնաժողովում։ Այդ կազմը ինչպե՞ս է հաստատվում, ինձ համար անհասկանալի է։
Մենք մրցանակակիրներին ենք ասում՝ պտտվում են։ Մինչդեռ չենք նկատում, որ 20 տարի շարունակ մրցանակը պտտվում է, որովհետև նույն մարդիկ են հանձնաժողովում, պտտվում ու կրկնվում են հանձնաժողովի անդամները։ Գրողների և գրականագետների ավագ սերունդը «սեփականաշնորհել» է այդ մրցանակը տալու և ստանալու մենաշնորհը։
– Ի սկզբանե խոսակցություններ կային, որ Էդուարդ Միլիտոնյանին է տրվելու մրցանակը։
– Ես տեղյակ եմ ինչ գրքեր են ներկայացված, մի մասն էլ կարդացել եմ։ Պիտի ասեմ, որ եթե ես հանձնաժողովում լինի, իմ ձայնը կտայի Միլիտոնյանին։ Նա մեր տաղանդավոր պոետներից է, առավել տաղանդավոր մանկագիր և գրական դաշտի լուրջ գործիչ։ Մյուս գրողները, ովքեր պայքարում էին այդ մրցանակի համար, ոչ մի կտրվածքով չեն գերազանցում նրան։ Որպեսզի ասածս կեղծավորություն չթվա, «Գրանիշը» շատ խելացի բան է անում՝ իր կայքում ներկայացնում է հատվածներ այդ գրքերից, կարող եք մտնել և կարդալ։ Մարդը գործող գրող է, կրակն ընկա՞վ, որ գործազուրկ չէ կամ պաշտոն ունի։ Թող հանձնաժողովը ազնիվ լինի և ոչինչ հաշվի չառնի, տաղանդից բացի։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://granish.org-ի