Երիտասարդ գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը գրողների միությունից դուրս գալու դիմում է գրել, նշեց, որ այլեւս միությունում անելիք չունի. «Արդեն շուրջ 10 տարի գրականության մեջ ենք ու առանց գրողների միության էլ բազմաթիվ գրական նախաձեռնությունների մեջ ենք: Այս դեպքում միությունը մեր կարիքն ավելի շատ ուներ` նորը ստեղծելու ու փոխելու առումով, բայց չօգտագործեց այդ առիթը: Ինքս հոռետես չեմ, երբեք չեմ ասել, որ միությունը չպետք է լինի, բայց այսօր նման կառավարման համակարգի պայմաններում, կարծում եմ, Գրողների նման միություն ավելի լավ է չլինի»:
Ըստ նրա, Է.Միլիտոնյանն իր գիրքը ներկայացրել է պետական մրցանակի, երբ դեռ միության նախագահ չի եղել: «Երբ նա ընտրվեց միության նախագահ, մեծ աղմուկ բարձրացավ: Այդ խոսակցություններից զերծ մնալու, ժամանակակից գրականությունը պաշտպանելու համար կարծում էի, որ Միլիտոնյանը կհանի իր թեկնածությունը, բայց Միլիտոնյանը դա չարեց: Մի աղմուկը չմարած` երկրորդ աղմուկին նպաստեց: Թե ես, թե Արքեմնիկ Նիկողոսյանը համոզված ենք` նման միությունում այլեւս անելիք չունենք: Միլիտոնյանի` պետական մրցանակի արժանանալը բարոյական հաղթանակ չեմ համարում: Այլեւս միությունում որեւէ բան անելու նպատակ չենք տեսնում, այդ պատճառով դուրս ենք գալիս: Դա մեր վերջին հուսահատ քայլն է»,- ասաց Հ.Հակոբյանը:
Իսկ թե ով է արժանի գրականության գծով պետական մրցանակի արժանանալուն, երիտասարդ գրականագետն ասաց. «Իհարկե հետաքրքիր ու մրցանակի արժանի գրքեր կային: Օրինակ, Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը, Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը, Ալիս Հովհաննիսյանի վեպը»: Եթե ազնիվ քննարկում լիներ, այդ գրքերը կարող էին իրենց արժանի տեղը գրավել:
Անդրադառնալով նաեւ Է. Միլիտոնյանի «Է» ժողովածուին` Հասմիկ Հակոբյանը նշեց. «Միլիտոնյանի գիրքը վատ գիրք չէ, բավական հետաքրքիր բանաստեղծությունների ժողովածու էր: Կարող էր մասնակցել քննարկումների, եթե չլիներ նախագահ»:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://granish.org-ի