Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուրսանտի գործով գրավ կիրառելու դեմ բողոք բերած դատախազը փոխվեց

Դեկտեմբեր 10,2013 12:20

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվելու էր պաշտպանության նախարարության N զորամասի առաջին գումարտակի առաջին վաշտի հետախուզական դասակի կուրսանտ Լեւոն Գզողյանի դեմ հարուցված քրեական գործը՝ զինվորական կայազորից դատարանին հայտնեցին, որ մեղադրանքը պաշտպանող Ռ. Էլիզբարյանի փոխարեն մեղադրանքը կպաշտպանի Տիգրան Հարությունյանը: Ինչպես տեղեկացրեց դատավոր Դավիթ Հարությունյանը, իրեն նաեւ հայտնել էին, որ Տիգրան Հարությունյանը այսօր մասնակցում է մեկ այլ գործի քննությանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում եւ չի կարող ներկայանալ:

Մինչ այդ դատարանը նշանակված դատական նիստը ընդմիջել էր եւ հայտնել, որ նախկին դատախազը բողոք է բերել նախորդ դատական նիստում ամբաստանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեմ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 500.000 դրամի չափով գրավ կիրառվեց Լեւոն Գզողյանի նկատմամբ, իսկ այսօր անդորրագիրը նրա պաշտպան Գագիկ Պապոյանը հանձնեց դատարանին:

Հիշեցնենք, որ Լեւոն Գզողյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 359 հոդվածի 1-ին մասով: Նա անցյալ տարվա նոյեմբերի 7-ին իրենց դասակի ննջարանում բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման հետ կապված վիճել էր իր համածառայակից, տուժող Հարություն Քոթանջյանի հետ (բերման որոշում էր կայացվել նրա նկատմամբ եւ նա այսօր ներկայացել էր դատարան) եւ զինվորական ճտքակոշիկով հարվածել էր որովայնին (փայծաղին): Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, զինվորին պատճառվել է առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ըստ արդեն իսկ փոխված դատախազի առարկության, ծանր հանցագործության մեջ մեղադրվելու պայմաններում, որը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին որոշումն անհիմն էր: Դատախազն ակնարկել էր Գզողյանի կողմից թաքնվելու հնարավորությունը, նաեւ գրել էր. «Իսկ դատարանի հետեւությունն այն մասին, որ գրավը կարող է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ Լեւոն Գզողյանը չի խախտել կիրառված խափանման միջոցի պայմանները՝ դրսեւորելով պատշաճ վարքագիծ, անհասկանալի է այնքանով, որ ինչ էր ակնկալում դատարանը ամբաստանյալից՝ նրա կողմից դրսեւորած վարքագծից՝ դիմել փախուստի, թե թաքնվել խցում կամ մեկուսարանի մասնաշենքում: Գտնում եմ, որ քրեական գործով չեն վերացել ամբաստանյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Դատարան էին ներկայացել 5 զինվորներ, որոնք վկա են այս գործով:

Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 10-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031