«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապադատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»:
Եթե դուք կարծում եք` որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչի կամ ուժի հայտարարություն է վերոբերյալը, ապա կարող ենք միայն ասել, որ դուք խորապես սխալվում եք: Այս գնահատականը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանինն է, ով մեր կարծիքով լիովին ճշմարտացի լինելով իր գնահատականներում, այնուամենայնիվ մի փոքր սխալվել է, քանի որ պետության տարբեր կառուցվածքներում առկա մեղքերը վերագրել է միայն մեկ համակարգի:
Միայն դատական համակարգի խնդիրները վերհանելուն ձեռնամուխ լինելով` ողջ երկրի համակարգային խնդիրները նա փաստորեն վերագրում է Վճռաբեկ դատարանի երեք պաշտոնյայի, որոնք, բոլորն էլ գիտեն, միայն օրենսդրությամբ եւ թղթի վրա են անկախ, իրականում կախված են մեր երկրի ողջ օլիգարխիկ հիերարխիայից, ինչպես եւ ցանկացած այլ համակարգ ու բնագավառ:
Բոլոր դեպքերում արժանին մատուցենք արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, որ ներկայացվեց երեկ, եւ առանձնացնենք այդ զեկույցի մի քանի առանցքային եզրահանգումներ` այդպիսով սատար կանգնելով միտումին:
Կարդացեք նաև
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում