Ս.թ. դեկտեմբերի 13-ին Նյու Յորքի Չիպրիանի սրահում տեղի կունենա Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հերթական տարեկան ճաշկերույթ-դրամահավաքը, որը հոբելյանական` թվով տասներորդն է: Ներկայացուցչական միջոցառման ընթացքում, որին մասնակցում են հիմնադրամի նվիրատուներն ու աջակիցները, անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք, կազմակերպվում է հիմնական դրամահավաքը, որի արդյունքում, ինչպես նաև այլ հանգանակություններից գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզերի առավել կարիքավոր համայնքների զարգացման ծրագրերին:
Այս անգամ միջոցառման գլխավոր վարողներն են ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող «Screen Actors Guild» մրցանակակիր դերասան Վիկտոր Գարբերն ու «Tony», «Emmy» հեղինակավոր մրցանակների արժանացած դերասանուհի Անդրեա Մարտինը, ով, ի դեպ, հայկական արմատներ ունի: Միջոցառման մասնակիցներին իրենց կատարումներով կներկայանան Հայաստանից հատուկ այդ նպատակով ժամանած դպրոցականները` ջութակահար Պոլինա Շարաֆյանը, դաշնակահար Սուսաննա Էլոյանը և վոկալ կատարումով` Նարեկ Բալդրյանը: Իրենց համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կատարվող աշխատանքները կներկայացնեն 16-ամյա Անահիտ Վարդանյանն ու Ներսես Խաչատրյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից:
«Տասը տարի է, ինչ COAF-ն իր շարունակական ամենատարբեր բնույթի զարգացման ծրագրերն է իրականացնում հանրապետության գյուղական համայնքներում, որոնց թիվն այժմ հասնում է 11-ի: Առաջիկա հոբելյանական ճաշկերույթ-դրամահավաքով մեկնարկ է տրվելու հիմնադրամի նոր նպատակային ծրագրին, որի հեռագնա խնդիրն է լինելու հաջորդ տասը տարիների ընթացքում շահառու համայնքների թիվը հասցնել 100-ի», – ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Մամլո հաղորդագրություն