Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. Հայաստանում խիստ եվրոպական ուղղվածություն չկա. «168 ժամ»

Դեկտեմբեր 10,2013 11:30

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից:

Ինչո՞ւ ՀՀում Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ժողովուրդը, ընդդիմությունն այնպես ոտքի չկանգնեց, ինչպես Ուկրաինայում է։

– Հայաստանում նմանատիպ խիստ եվրոպական ուղղվածություն չկա։ Բացի այդ, Ուկրաինան ու Հայաստանն իրար հետ ինչպե՞ս համեմատենք… որտե՞ղ է գտնվում Ուկրաինան, քաղաքական, սոցիալական ի՞նչ վիճակում է գտնվում, համեմատությունն ուղղակի տեղին չէ։ Հայաստանում չկա նման քաղաքական ուղղվածություն։ Իհարկե, կան մարդիկ, առանձին խմբեր, քաղաքական միավորներ, ուժեր, բայց… Ես չեմ տեսնում հեղափոխական ալիք, որը կարող է բխել այս խնդրի շուրջ։

Համեմատականները բարդ են, ու Ուկրաինայի իրադարձություններում խորացած լինելով ես հասկացա, որ Մայդանում կանգնած 70 տոկոսը ոչ թե Եվրաասոցացմանն է դեմ, այլ՝ ուզում են Յանուկովիչից ու իր ընտանիքից ազատվել։ Այս հարցում Ուկրաինան շատ նման է մեզ. ՀՀ-ում Սերժ Սարգսյանի կլանն է, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի կլանն էր, այնտեղ Յանուկովիչի ընտանիքն է, ինչպես իրենք են անվանում։

Իմ կարծիքով՝ ԱՊՀ երկրներն այս առումով նման են իրար՝ իշխանությունը թալանչի է, ժողովուրդն էլ չի ուզում համակերպվել թալանին։ Թե ի՞նչը կատալիզատոր կհանդիսանա, որ մարդիկ դուրս կգան փողոց, դա կլինի եվրաինտեգրացիա՞ն, Ղարաբաղի խնդի՞րը, ուղեվարձի թանկացո՞ւմը, թե՞ մեկ այլ բան, ժամանակը ցույց կտա։ Ես համոզված եմ, որ Հայաստանում էլ ինչ-որ պահի հետ կապված՝ կատալիզատոր կլինի, բայց դա չի լինի Եվրաինտեգրացումը, որովհետև թե բնակչությունը, թե քաղաքական ուժերի մեծ մասը չէին հասկանում՝ ինչի՞ համար է այդ եվրոինտեգրացիան։ Ուղղակի Սերժ Սարգսյանը եվրոպացիների գլուխները տանում էր լեգիտիմության խնդիրները լուծելու համար։ Ես տեղյակ եմ նաև այն ամենի մասին, ինչի մասին դուք տեղյակ չեք, այն, թե Հայաստանը ի՞նչ է բանակցել Եվրոպայի հետ, ինչքա՞ն փող են ուզել Եվրամիությունից, և այլն…

Եվ որքա՞ն է ուզել Հայաստանը Եվրոպայից, ի՞նչ է բանակցել։

– Կարող եմ միայն ուկրաինականն ասել, իսկ հայկականը կթողնեմ ավելի ուշ։ Ուկրաինացիները 160 մլրդ եվրո են ուզել։ Եվ միանշանակ հասկանալի է, որ նման փող ուզելը նշանակում է՝ եվրոպացիներին ծաղրել։ Կարծում եմ, եթե ժամանակին Բրյուսելում նստած չինովնիկները Մարտի 1-ի հետ կապված հարցերը քաղաքական առք ու վաճառքի առարկա չդարձնեին, այսօր ԱՊՀ տարածքը նման վիճակ չէր ունենա… Եթե սպանությունները նորմալ դատապարտվեին, նորմալ գործընթաց գնար, այսօր այդ վիճակը չէր գնա։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031