Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեհրանում հիմնված Հայ մշակութային «Սիփան» միությունը տոնում է իր հիսնամյակը

Դեկտեմբեր 10,2013 11:05

samvel bascet _--------- scautԻրանի ավելի քան քսան հայկական միություններից «Սիփան» միությունը այս տարի տոնում է իր հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով միջոցառումներ են նախատեսված Թեհրանում, Երևանում և Լոս-Անջելեսում: Հոբելյանական գլխավոր  հանդիսությունը կայանալու է 13 դեկտեմբերի 2013 թվականին Թեհրանում, որին հրավիրված են մեծ թվով հյուրեր Իրանի հայկական համայնքներից, պետական դեմքեր,  Հայաստանի հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, թեմական-համայնքային ղեկավարներ, հայ հոգևորականներ, քույր միությունների անդամներ, արվեստի և սպորտի նշանավոր վարպետներ և հյուրեր արտասահմանից ու Հայաստանից:

Միության հիսնամյակը իրենց պատգամներով շնորհավորել են ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարները, իսկ հայրենիքից մեկնող հյուրերի շարքում են միության հիմնադիր կազմի անդամ և հերթական վարչության նախագահներ Նորայր Էլսայանը և Սերոժ Սուքիասյանը: Հիսնամյակի հոբելյանական հանձնախմբի  և գործող վարչության որոշումով միության նորակառույց դահլիճը  անվանակոչվելու է միության հիմնադիր անդամ Ն. Էլսայանի անունով:

«Սիփան»-ի հիսունամյա ուղին և նրա դաստիարակչական դերն ու արժեքը գնահատելու համար պետք է մտովի վերադառնալ 1960-ական թվականներ՝ Թեհրանի արևելյան հատվածի հայկական թաղամասեր: 1946-7 թվականների մեծ հայրենադարձության հանկարծակի դադարեցումից հետո Թեհրանի որոշ թաղերում ու այդ շարքում արևելյան Նարմաք-Զարքեշ-Վահիդիե  թաղերում հաստատվել էին երկրի կենտրոնական շրջաններից եկած հայեր, որոնք գյուղերում վաճառել էին իրենց ունեցվածքը Հայաստան տեղափոխվելու համար և հիմա ճարահատյալ պատրաստվում էին մայրաքաղաքային այդ ժխորում նոր կյանք սկսել: Նրանց գերակշռող մասի մոտ տիրում էր տնտեսական անմխիթար վիճակ, իսկ համախմբվածության առումով մոտակայքում չկային հայկական դպրոցներ, չկար եկեղեցի  և մշակութային կյանք:

Թեհրանի համայնքային ղեկավարները և գավառներից եկած առավել երևելի ու ազդեցիկ դեմքերը որպես սփյուռքյան պայմաններում գոյատևելու կարևոր կռվաններ հիմնում են հայկական դպրոց, եկեղեցի և միություն: Հայ մշակութային «Սիփան» միությունը հիմնադրվում է 1963 թվականին և ձեռնամուխ է լինում կենտրոնատեղի կառուցման: Սկզբնական շրջանում  միության շենքն ուներ երեք սենյակ և բակ, ապա դա մի քանի փուլով ընդարձակվեց և ստացավ այսօրվա հոյակապ շենքի և արդիական հարմարությունների տեսքը:

Միությունը համախմբում է շրջանի երիտասարդներին. կազմվում է գրադարան, գրական և արվեստից խմբեր, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական և մարզական խմբեր, հետագայում նաև երեցների բաժին: Միությունը գրանցվում է երկրի մարմնակրթական ընդհանուր կազմակերպությունում, մասնակցում է համաքաղաքային և համերկրային մրցաշարերի և Իրանի համահայկական խաղերին: Միության վարչությունը կապ է պահպանում  Խորհրդային Հայաստանի «Սփյուռքահայության հետ կապի կոմիտե»-ի հետ և պարբերաբար ստանում է հայկական գրականություն և մամուլ. Հայաստանի անկախացումից հետո այդ կապերն ավելի սերտանում են և «Սիփան»-ի անդամները Հայաստանի Հանրապետության Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների հրավերով մասնակցում են բազում փառատոների, խորհրդաժողովների և բանակում-ճամբարների: Միություն են այցելում նաև մեծ թվով հայաստանյան մարզա-մշակութային պատվիրակություններ: Սերտ կապեր է հաստատվում նաև սփյուռքի գրական, մշակութային, մարզական և սկաուտական շրջանակների հետ:               Յոթանասունական թվականներին, երբ դեռ երիտասարդները չունեին այսօրվա բազում զբաղումներն ու հաղորդակցման նորագույն միջոցները, «Սիփան»-ի մարզիկների յուրաքանչյուր ելույթը տոն էր թաղի երիտասարդների համար: Մրցաշարը պետական ստադիոնում լիներ թե հայկական ակումբներում, երկրպագուներն այնտեղ էին, որպեսզի քաջալերեն «Սիփան»-ի մարզիկներին: Բռնցքամարտի կամ բասկետբոլի համապետական մրցույթների ժամանակ պարսիկ հայրենակիցները և պետական այրերը զարմացած  էին թե ինչպես կարելի է թաղային մարզական մի ակումբ այսքան կողմնակից հավաքել իր շուրջ:

1979 թվականի Իրանի հեղափոխության փոթորկալի օրերին «Սիփան»-ը շրջանի երիտասարդների օգնությամբ և քաղաքային նորաստեղծ իշխանության աջակցությամբ կազմակերպեց հայկական թաղերի պաշտպանության գործը: «Սիփան»-ը  որպես հայկական իրավունքների և ազգային հաստատությունների պաշտպան դարձավ մայրաքաղաքի հայության իրավունքների պաշտպանության միջնաբերդը:

«Սիփան»-ն ունեցել է  և ունի ավելի քան հազար անդամ, իսկ հարյուրավոր թաղեցիներ ու հյուրեր ևս մասնակցել  են միության տարբեր միջոցառումներին: Համազգային կամ համայնքային որևէ ամյակ կամ առիթ չի վրիպել միության պատասխանատուների աչքից: 1964 թվականի ապրիլին միությունում առաջին անգամը լինելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանդիսություն է կազմակերպվել, ամեն տարի անխտիր կերպով տոնվել է Հայ մշակույթի օրը, ոգեկոչվել է հայոց պետականության հիմնադրման և անկախության տոն՝ մայիսի 28-ը, մեծարվել են հայ գրողներն ու մշակույթի մյուս գործիչները, միության հարկի տակ իրենց առաջին փորձերն են կատարել ապագա գրողներն ու բանաստեղծները, դերասաններն ու երգիչները և քաջալերվել է գիտությունն ու կրթությունը: Իրանի համալսարաններ ընդունվող երիտասարդները մեծարվել են առանձին կերպով: «Սիփան»-ի վաստակավոր մարզիչների հմուտ ձեռքերով կերտվել են Իրանի և Ասիայի բռնցքամարտի, թեթև ատլետիկայի, բասկետբոլի և ֆուտբոլի առաջատարներ:

Կատարյալ զոհողություն և հերոսություն կարելի է համարել սփյուռքյան պայմաններում հասակ նետած սերնդի աշխատանքը: Հիանալ կարելի է այն սերնդի վրա, որն օրվա աշխատանքի ավարտին կտրվելով իր տնից ու հանգստի ժամից, զբաղվել է միութենական աշխատանքով, առանց նյութական ակնկալիքի հավաքական գործի է մասնակցել, օրեր շարունակ հերթապահել է համահայկական ու նահանգային մրցումներին, սկաուտական բանակումներին, գրադարանում և գրական խմբակներում, երգչախմբային ու թատերական բեմադրություններին, շենքի շինարարության, սբ Թադեի վանքի ուխտագնացության կամ Ամանորի ու սբ Զատկվա տոներին և զանազան տոնավաճառներին ու դաշտահանդեսներին և դեռ ինքն էլ  ֆինանսապես օգնել է: Ուժ, եռանդ ու կորով մաղթենք միությունը իրենց ամուր ձեռքում պահող շնորհաշատ նոր սերնդին և նրանց  ցանկանանք բեղմնավոր աշխատանք ու նորանոր հոբելյաններ:

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031