Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթափվե՛ք, պետականություն ենք կորցնում»

Դեկտեմբեր 10,2013 14:28

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ԱԺ-ն Սերժ Սարգսյանին անվստահություն
հայտնելու եւ նրա պաշտոնանկությունը սկսելու գործընթաց պետք է նախաձեռնի:

– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի շրջանակներում Գյումրիում հայտարարեց, որ Ռուսաստանը Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, ավելին՝ ՌԴ-ն պատրաստվում է ամրապնդել դիրքերն Անդրկովկասում: Պարոն Շահնազարյան, սա պաշտոնական Մոսկվայի կողմից կարելի՞ է նոր քաղաքականության մեկնարկ համարել:

– Պուտինը, ըստ էության, այցելեց ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստանի ռազմակայան ու նրա մերձակա տարածքները: Պուտինը հստակ ամրագրեց Ռուսաստանի նոր նպատակները, համաձայն որոնց՝ ՌԴ-ն էլ ավելի է ամրապնդվելու Հարավային Կովկասում, եւ որ այդ քաղաքականության մեջ մեծ դեր է հատկացվում ռուսական 102-րդ ռազմակայանին։ Ակնհայտ է, որ այսօր Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող հիմնական գործոնը հենց Ռուսաստանի քաղաքականությունն է եւ Գյումրիի ռազմակայանը: Դա, նախեւառաջ, վտանգ է մեր պետականությանը, եւ կարծում եմ, որ Ռուսաստանի այս նոր քաղաքականությունը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ Վրաստանի նկատմամբ: Հաջորդը՝ Պուտինի ոչ հարգալից պահվածքը Հայաստանի ղեկավարության հանդեպ անընդունելի եմ համարում, որովհետեւ դա ոչ հարգալից վերաբերմունք է մեր բոլորի՝ մեր պետության եւ հասարակության նկատմամբ: Պակաս ամոթալի չէր ՀՀ ղեկավարների բրեժնեւյան ժամանակներին բնորոշ քծնանքը Պուտինի հանդեպ:

– Պուտինի այցը նշանավորվեց Երեւանի կենտրոնում բողոքի ակցիայով, որին իշխանությունները բավական կոշտ արձագանքեցին։ Ընդդեմ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի ակցիան արդյունավե՞տ եք համարում:

– Դեկտեմբերի 2-ի առավել նշանակալի իրադարձությունն այն էր, ինչ տեղի ունեցավ Երեւանի փողոցներում, երբ մի քանի հարյուր երիտասարդներ ապացուցեցին, որ մենք արժանապատիվ ժողովուրդ ենք եւ ռուսական կայսրության կողմից Հայաստանը զավթելու քաղաքականությունը չենք հանդուրժելու: Մենք կարող ենք հպարտանալ այդ երիտասարդներով: Դատապարտում եմ իրավապահների պահվածքը՝ խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ եւ, մասնավորապես, առանձին ոստիկանների գործողությունները, որոնք հանդես էին գալիս որպես կայսերապաշտական Ռուսաստանի շահերը պաշտպանողներ, այլ ոչ թե որպես ՀՀ ոստիկաններ: Իսկապես հպարտ եմ, որ մենք ունենք այսպիսի երիտասարդներ եւ կասկած չունեմ, որ մեր հասարակությունը չի հանդուրժելու այն, ինչ տեղի է ունենում այսօր:
Սեպտեմբերի 3-ից Սերժ Սարգսյանի կողմից սկսված Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու հակասահմանադրական գործընթացի իրավական գնահատականը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը սկսել է հանցագործություն ՀՀ-ի ինքնիշխանության դեմ: Այսինքն՝ այն գործընթացը, որը սկսվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի օրոք, երբ Հայաստանի էներգետիկ ողջ անվտանգությունը տրվեց Ռուսաստանին, շարունակվում է այսօր. այժմ Սերժ Սարգսյանը մեր պետականությունն ու ինքնիշխանությունն է վաճառում Ռուսաստանին՝ հանուն իր իշխանության:

– Եվ ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում:
– ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ Ազգային ժողովը պետք է սկսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու եւ նրան պաշտոնանկ անելու գործընթացը: Միայն այդ ճանապարհով կարող ենք կանգնեցնել ընդդեմ պետության այն հանցագործությունը, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին: Կոչ եմ անում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, պատգամավորներին՝ սթափվե՛ք, պետականություն, ինքնիշխանություն ենք կորցնում: Պետք է վեր կանգնել անձնական ու կուսակցական շահերից:
Այս իշխանությունը լիովին տապալվել է բոլոր ուղղություններով, որեւէ ձեռքբերում չի ունեցել, որեւէ դրական բան չի արել, միակ դրական քայլը, որն արվում էր, ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ծրագիրն էր:

– Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի վերջին օրերի ակտիվությունը, նրա մի քանի հայտարարությունները՝ Հայաստանի իշխանությունների հետ գազի գնի բանակցությունների թեմայի շուրջ, տարբեր մեկնաբանությունների առիթ տվեցին: Կարելի՞ է այդ ազդակները կապել ՌԴ նախագահի այցի եւ, առհասարակ, վերջին ամիսներին ծավալված գործընթացների հետ:

– Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ արդեն ստացել է Հայաստանի արտաքին եւ տնտեսական ոլորտները ղեկավարելու իրավունք, ավելին՝ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն սահմանել Հայաստան-Իրան հարաբերություններում, եւ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները հենց այդ համատեքստում եմ դիտարկում:

– Այսինքն՝ Իրանը վտա՞նգ է զգում մեր տարածաշրջանում Ռուսաստանի աճող ազդեցությունից:

– Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները չափազանց կարեւոր են հատկապես հիմա, երբ Իրանի եւ «վեցյակի» միջեւ ծավալվում են վերջին գործընթացները: Դա կարեւոր է ընդհանրապես՝ ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլեւ գլոբալ անվտանգության առումով: Այս միտումից առավելապես անհանգստացած է Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունը ընդամենը նավթի գներից է կախված, եւ եթե վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցները, նավթի գները ընկնելու են, ինչը կաթվածահար է անելու Ռուսաստանի տնտեսությունը: Իրանի հետ մեր հարաբերությունները չափազանց կարեւոր են, չպետք է թույլ տալ, որպեսզի Ռուսաստանը շարունակի վերահսկել այդ հարաբերությունները։ Բայց այս իշխանությունները ի վիճակի չեն դրան հասնել եւ ընդհանրապես առանց Կրեմլի համաձայնության որեւէ լուրջ, ինքնուրույն քայլ կատարել այլ երկրների հետ հարաբերություններում:

Մերձկասպյան տարածաշրջանից Եվրոպա տարվող եւ նախագծվող բոլոր գազատարները անցնում են Թուրքիայի տարածքով, եւ, ըստ էության, Թուրքիան կասպյան տարածաշրջանից Եվրոպա արտահանվող գազի նկատմամբ քաղաքական վերահսկողության հնարավորություն է ստանում: Մինչդեռ առանց իրանական գազի՝ բոլոր ծրագրերը, ըստ էության, այնքան էլ արդյունավետ չեն: Եթե Իրան-Արեւմուտք փոխհարաբերություններում քաղաքական խնդիրները կարգավորվեն, ապա ամենաարդյունավետը կլինի Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա գազատարը: Այս ծրագիրը դեռեւս տարիներ առաջ փորձագիտական մակարդակով քննարկվել է եվրոպացի եւ ամերիկացի մասնագետների կողմից, ինքս էլ առիթ եմ ունեցել դեռ մի քանի տարի առաջ դրա հնարավորությունների շուրջ կարծիքներ փոխանակել Բրյուսելում: Ռուսաստանը նաեւ ապագայում նման ծրագրեր կյանքի կոչելու հնարավորությունը թույլ չտալու նպատակ է հետապնդում, որն ըստ Պուտինի Հայաստանում արած հայտարարության՝ որոշել է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Կրեմլը ամբողջական վերահսկողություն է հաստատում մեր տարածաշրջանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. karen says:

    Առաջարկը՝ նախագահին անվստահություն հայտնելու առնչությամբ վաղուց է հասունացել, սակայն միթե այդքան քաղաքական փորձառություն ունեցող գործիչը հավատում է,որ այս պառլամենտը նախագահի նկատմամբ իմպինչմենտ կկիրառի կամ կարող է կիրառել:Իրականում նման տեսակետի օգտին կքվեարկեն10-13 պատգամավոր միայն,իսկ մնացած մասը իր սեփական շահը գերադասում է ժողովրդի շահից:Այ ,եթե յուրաքանչյուր պատգամավորի ախորժակին համապատասխանպող փող առաջարկեն,ապա համոզված եմ,որ այդ գաղափարն իրականություն կդառնա՝դեպուտատների մեծագույն մասը պառլամենտի նախագահի գլխավորությամբ այդ ծրագիրը կիրականացնի,իսկ մի քիչ էլ ավելաի շատ փող տան ՝ Հայաստանն էլ կծախեն:

  2. Լևոն Մելքումյան says:

    Հիանալի հնարավորություն է ստեղծվում Հայաստանը տարածաշրջանում լուրջ գործոնի վերածելու: Եթե այս իշխանական հանցավոր խմբավորումը դրանից չի օգտվելու, ապա դա կլինի Հայաստանի դագաղի վերջին մեխը: Հասկանում եմ՝ շատ մռայլ հեռանկար է, բայց դա է ճշմարտությունը: Ճշմարտությունից խուսափողի վերջը վատ է և շատ մոտ…

  3. Լևոն Մելքումյան says:

    Ուզում եմ ավելացնել նաև, որ հազարավոր անգամ որպես մեր դժբախտությունների պատճառ նշվել է մեր աշխարհագրական դիրքը: Ես միշտ էլ համաձայն չեմ եղել այդ փաստարկի հետ: Մեր աշխարհագրական դիրքը ունի նույնքան դրական կողմեր, որքան որ բացասական: Եկել է մեր աշխարհագրական դիրքի դրական կողմերից օգտվելու ժամանակը: Դե հիմա կտեսնենք, թե մենք ինչի ենք ընդունակ:

  4. Նորիկ Եղիազարյան says:

    Հարգարժան պարոն Շահնազարյան, ամբողջովին կիսելով Ձեր տեսակետներն ու մտահոգությունները, միաժամանակ կարծում եմ, որ պետք է գտնել խնդրի լուծման այլ ուղի, քանի որ գործող Ազգային ժողովի և սահմանադրական դատարանի անձնակազմերի պարագայում ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու գաղափարն անիրագործելի է և ի սկզբզնե դատապարտված է ձախողման: Հետևաբար, նման գործընթացի մեջ մտնելը պարզապես ժամանակի կորուստ է, որը մենք թույլ տալու իրավունք չունենք: Չէ որ, ինչպես Դուք եք ասում, պետականություն ենք կորցնում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031