«Ռոբերտ Քոչարյանից սկսած`ով եկել ա, մասնատել ա, բաժանել ա. հայրենակցական միություններ սարքին, տո չգիտեմ ինչ միություններ: Եթե դու անցյալ չունես`չես կարա ապագա ունենաս, եթե ապագա ես ուզում ձեւավորես, պիտի անցյալ ունենաս: Իրանք իրանց ապագան ձեւավորեցին մասնատման վրա, բաժանեցին`տիրեցին: Դա իրանց հաջողվեց: Ի՞նչի համար եմ ես այդ հարցն այսօր բարձրացնում, հատկապես ազատամարտիկների հետ կապված: Որովհետեւ այս տարիների ընթացքում բոլորն են հասկացե, թե ինչքա՞ն են իրանք խաբված եւ մենք պարտավոր ենք, էսօր նորից ազգի հարց ա առաջ եկե, պետության, պետականության, մենք պարտավոր ենք համախմբվել: Մենք կռվողներս, մի մորից չենք ծնվե, բայց մի արգանդից ենք ծնվե, նույն բախտին ու ճակատագրին ենք արժանացե: Թողենք մեր նեղացկոտությունները, ինտրիգները, խաղերը. պարտավոր ենք մենք միանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, Սասուն Միքայելյանը ազատամարտիկներին համախմբման կոչ էր արել: Ասուլիսից հետո Aravot.am-ը Սասուն Միքայելյանի հետ զրույցում փորձեց հասկանալ`ի՞նչ եւ ո՞ւմ նկատի ուներ բանախոսը: Մեր դիտարկմանը, որ ներկայումս կարծես Երկրապահ կամավորականների միությունում էլ խնդիրներ կան, պարոն Միքայելյանը հիշեցրեց, որ ինքը վաղուց է դուրս եկել այդ կառույցից եւ չի հետաքրքրվել ԵԿՄ-ի խնդիրներով:
Հարցին`իր հնչեցրած համախմբման կոչն իրեն չի՞ վերաբերվում, քանի որ ԵԿՄ-ում էլ իր մարտական ընկերներն են, չի՞ փորձելու ինքը քայլ անել, Սասուն Միքայելյանն ասաց. «Համախմբման կոչ ես անում եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են`ի՞նչ ճիշտ ու սխալ են էս ժամանակաշրջանում: Ազատամարտիկները շատ ազնիվ մարդիկ են: Եթե մարդը գնում ա ինքնազոհության, ուրեմն իրա մեջ ազնվություն կա, սրբություն կա, մեծություն կա: Էն մարդկանց ա հատկապես իմ կոչը վերաբերվում, ովքեր հավատացել են ուրիշների եւ խաբված են դուրս եկել»: Անուններ, մեր զրուցակիցը չցանկացավ հնչեցնել:
Պատասխանելով հարցին`առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ում կողքին ժամանակին Սասուն Միքայելյանն էր` ինչպե՞ս է վերաբերվում այս նոր կառույցի ստեղծմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես իմ գաղափարախոսությունն ու պայքարի տեսակն ունեմ, որը չի համընկել էդ մարդկանց հետ: Ես պրոբլեմ չունեմ: Նեղացել ա՞, թե`չէ, իրան հարցրեք: Ես իրանից նեղացած չեմ իրանից: Ես էդ չափանիշների մեջ չեմ կարացե մնամ ընդեղ»:
Պարոն Միքայելյանից նաեւ հետաքրքրվեցինք`արդյոք ավելի արդյունավետ չէր լինի համատեղ պայքարը`մի կողմ թողնելով միմյանց հետ ունեցած նախկին անհամաձայնությունները, մանավանդ, որ ինքն էլ է համախմբման կարեւորության մասին խոսում: «ՀԱԿ-ը ձեւավորվել ա տասնյոթ կուսակցությունների համախմբման արդյունքում եւ ես ամբիոն եմ եկել, եկել եմ էն հարթակ, որտեղ ժողովուրդն ա»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց իր բոլոր ընտրությունները`փաստելով. «Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան`ես ոչ դաշտ եմ փոխել… ՀՀԿ-ի մեջ լինելով, ես իմ պայքարն եմ տարել: Ես չեմ գնացել մաս կազմել իրանց գործունեության`ի դեմս մեր ժողովրդի, մեր պետության, ի փառս իրանց շահի: Պարզ ա, հայտնվել եմ այն հարթակում…որ մարդիկ ինձ վստահել են էդքան ժամանակ ձայն են տվել, ես հաշվետու եմ միայն ժողովրդին: Ես հիմա էլի ժողովրդի կողմին, նույն հարթակում, նույն պայքարը տանում եմ. ո՞վ ումից նեղացե, ի՞նչ ա արել`էդ երկրորդական, երրորդական բան ա: Մենք մեր պայքարի ձեւն էս ձեւ ենք գտե ու տանում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր հարցերին`առաջին նախագահի հետ հանդիպում չի՞ ունեցել կամ միջնորդավորված զրույց, Սասուն Միքայելյանն ասաց. «Ես ոչ մեկի չեմ հանդիպում, ոչ մեկի հետ էլ չեմ խոսում: Ես նրան հարգում եմ առաջին նախագահ, հիմնադիր նախագահ ու հարգելու եմ: Բայց էդ ի՞նչ կապ ունի, որ մեր գաղափարական տեսակետները չի համընկե կամ իրանք ուրիշ ձեւ են մտածում, ես ուրիշ ձեւ կամ իմ ընկերներն ուրիշ: Բայց մեր պայքարի արդյունքում մենք էլի պայքարում ենք հանուն արդարության, հիմնականում, էսօրվա շրջանում հանուն արտագաղթի կանգնեցման»:
Սասուն Միքայելյանը նաեւ տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլոր համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է: Հարցին`նախաձեռնության ո՞ր մարմնում է իրեն տեսնում, մեր զրուցակիցն ասաց. «Ստեղ տեղ չկա, որ ես ստեղ գնամ, ընդեղ գնամ: Որոշումները կոնսենսուսով են կայացվում: Մենք գործ ենք անում մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ