Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» խմբի անդամները տուգանելու փաստում քաղաքական ենթատեքստ են տեսնում

Դեկտեմբեր 09,2013 20:52

«Այն, որ տուգանքներ են ներկայացվում մեքենաներով բողոքի երթ-ակցիայի մասնակիցներին, վկայում է այն մասին, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ: Տարբեր ձևերով ու միջոցներով փորձում են կասեցնել այս՝ օր օրի աճող շարժումը»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այն փաստը, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի կազմակերպած մեքենաներով բողոքի երթ-ակցիայի մասնակիցների նկատմամբ տուգանքի որոշ ակտեր են կազմվել, այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության հետ համատեղ պայքարող «Ստոպ» նախաձեռնության անդամ, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով բողոքի երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին, տուգանքի որոշ ակտեր են կազմվել երթի որոշ մասնակիցների նկատմամբ՝ ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար։ Մասնավորապես նախաձեռնող խմբից տեղեկացնում են, որ ակցիայի մասնակիցներից մեկի տուն են այցելել ճանապարհային ոստիկանությունից և ակտ ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել:

Խմբի հաղորդագրությամբ բոլոր մասնակիցներին, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, հորդորում են պարտադիր կերպով տեղեկացնել, գրելով՝ [email protected] էլ. հասցեին:

Գերասիմ Վարդանյանը տուգանքների կապակցությամբ նկատեց. «Օրինակ՝ Հանրապետության հրապարակում բազում հարսանիքներ են լինում, նույն կերպ Հրապարակի շուրջ պտտվում, բայց չեն տուգանում, այնինչ սրա համար տուգանում են»:

«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաստատ որևէ դեպքի մասին խոսել չի կարող ու մանրամասնեց. «Մենք այդ հայտարարությունը համենայն դեպս ենք դրել, որ մարդիկ իմանան, որ եթե մի բան էլ լինի, մի տուգանք էլ գա, ապա թիմով ենք փակելու: Իսկ հայտարարության հետ կապված մանրամասները պետք է ճշտվեն,  խնդրել ենք, որ ակտը, եթե լինի, մեզ ցույց տան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031