Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպելուց հետո ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը հյուրընկալվեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ: Դեսպանն այս կառույցում խոսեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը, հայտարարելով Մաքսային միությանը իր անդամակցելու մասին, բացարձակ ճշմարիտ որոշում է կայացրել: Երբ ինձ հարցնում են` ինչո՞ւ Հայաստանը կատարեց այդպիսի շրջադարձ վերջին պահին` 180 աստիճանով, այս հարցը ինձ միշտ զարմացնում է` ի՞նչ շրջադարձ, Հայաստանն ու Ռուսաստանը միշտ միասին մեկ ուղղությամբ են շարժվել, և ոչ մի շրջադարձի մասին`180 աստիճան լինել չի կարող: Միանգամայն ակնհայտ է, որ մենք դարեր շարունակ միասին ենք եղել, առաջ շարժվել, դարեր առաջ միասին ենք սկսել այդ շարժումը և հիմա շարունակում ենք այդ ուղղությամբ: Իսկ Մաքսային միությունը, իմ կարծիքով, կբերի շատ մեծ ունեցվածք և առևտուր, Հայաստանը կարող է զարգացնել իր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը… Եթե հաշվի առնենք բոլոր պլյուսները, Մաքսային միությունը մեծ բարելավում կլինի ձեր երկրի հետագա զարգացման համար, այնպես որ ես լավատեսորեն եմ նայում մեր համագործակցության ուղղությանը և Հայաստանի` Մաքսային միության անդամակցելուն» ,- ասաց դեսպանը:
Նա նաև շեշտեց, որ Հայաստանը արագ, գրագետ ու բարձր մակարդակով է նախապատրաստվում Մաքսային միության անդամակցությանը:
Սամվել Բալասանյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ ամենագլխավորն այն է, որ հայկական բրենդները լավ են ճանաչում Ռուսաստանում, իսկ ռուսականը` Հայաստանում: Իսկ եվրոպական շուկան նոր է ու հարաբերություններ ձևավորելու խնդիր կա: Թեև, ըստ Գյումրու քաղաքապետի, աշխարհում ո՞վ չի ճանաչում հայկական կոնյակը:
Կարդացեք նաև
«Նախորդ օրը ֆրանսիացիների հետ հանդիպեցինք, նրանք իրական մի դեպք պատմեցին, հանդիպել են ղազախների հետ, ղազախները նրանց նվիրել են հայկական կոնյակ, ո՞վ չգիտի հայկական կոնյակը: Կարծում եմ, Մաքսային միությունը մեծ պլաններ կբերի մեզ, մեր քաղաքի համար նույնպես, այստեղ կզարգացնենք թեթև արդյունաբերությունը: Կարևորն այն է, որ մաքսային խոչընդոտներ չեն լինի », -ասաց քաղաքապետը:
Գյումրու քաղաքապետը նաև ասաց, որ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսի միջոցով սկսել են համագործակցություն ռուսական Դոմոդեդովո քաղաքի հետ: Իսկ ինչո՞ւ հատկապես այս քաղաքի, Սամվել Բալասանյանի պարզաբանմամբ, պատճառն այն է, որ այն օդանավակայնին կպած է ու կազատվեն մոսկովյան խցանումներից:
Հանդիպումից հետո լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Վլադիմիր Պուտինի այցից հետո ուզում են բնակելի թաղամաս կառուցել Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինվորականների համար և ի՞նչ է լինելու 8-ր թաղամասում, Գյումրիում հայտնի «Վոսմոյ գառադոկում» ապրող այն գյումրեցիների հետ, որոնց տեղահանում են` նրանց բնակարանները ռուս զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար:
Դեսպանը խուսափեց այս հարցերին պատասխանել` նշելով, որ ինքը քիչ հետո պատրաստվում է այցելել 102-րդ ռազմաբազա և 8-րդ թաղամաս, իր աչքերով տեսնելուց հետո նոր միայն կարող է խոսել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ