Այսօր վաղ առավոտից մինչև ուշ երեկոյան բավական ընդգրկուն ծրագրով Գյումրիում էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ով սկզբում հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, այնուհետ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Մարզի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելիս էլ դեսպանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին բարձր մակարդակով ընդունելու համար: Պարզ է, որ դեսպանի շուրթերով խոսեց ՌԴ նախագահը:
«Ես երախտապարտ եմ, որ այստեղ ընդունեցիք մեր նախագահին, նրա այցը անցավ մեծ հաջողությամբ, գնահատականները շատ-շատ բարձր են: Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, իր բովանդակությամբ ամեն ինչ իրականացվեց ամենաբարձր մակարդակով, և դրա համար շնորհակալություն: Քաղաքը շատ լավ էր նախապատրաստվել Ռուսաստանի նախագահի այցին, և ես կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, ճիշտ ընտրություն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղավ ձեր մարզում »,- ասաց պարոն Վոլինկինը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի առանձնասենյակում քննարկեցին այս մարզում ներդրումներ կատարելու ու աշխատատեղեր ստեղծելու հարցը: Քանի որ սա դեսպանի առաջին այցն էր Գյումրի, մարզպետը բավական մանրամասն, անչափ գրագետ, վարժ ռուսերենով ներկայացրեց Գյումրու պատմությունը`մինչ երկրաշարժն ու երկրաշարժից հետո` հասկացնելով, որ գործազուրկ այս քաղաքին աշխատատեղեր ստեղծելու կոնկրետ ու փոխշահավետ բիզնես առաջարկներ են պետք, այլ ոչ թե խոստումներ:
Կարդացեք նաև
Մարզպետը շեշտեց, որ գյումրեցիները աշխատասեր ու կարող մարդիկ են: Դեսպանն իր հերթին ասաց, որ պատրաստ է սատարել, իրենից կախված ամեն ինչ անել ներդրողներին գրավելու ու Գյումրի ուղղորդելու համար:
Խոսք ընկավ նաև Գյումրիում Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական 3-րդ ֆորումի մասին, որի կապակցությամբ դեսպանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ ֆորումից հետո անհրաժեշտ է ստեղծել մարզային, տեղական համագործակցություն: Մեզ պետք չէ վերևներում ազդանշաններ տալ ,թե մենք ու դուք համագործակցում ենք, երբ կլինեն բիզնեսմեններ տարբեր շրջաններից ու կտեսնեն, թե ինչ կա հետաքրքիր, ինչ կարելի է ընդունել իր հողում, սա միանգամայն ճիշտ կլինի »:
Շիրակի մարզպետն էլ թեև նշեց, որ ֆորումը մարզային համագործակցության ամենավստահելի ու կարճ ճանապարհն է, քանի որ ոչ մեկը չի կարող հրահանգներ տալ գործարարներին ինչպես վարվել, այդուհանդերձ իր դժգոհությունը հայտնեց, որ Գյումրիում կայացած ֆորումը հապճեպ տեղի ունեցավ, մարդիկ նույնիսկ չհասցրեցին մեկը մյուս հետ պայմանավորվել, տեսնել, թե ինչ կարել է արտահանել, ինչ ներմուծել:
Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ Գյումրին եղել է տեքստիլարդյունաբերության խոշոր կենտրոն, որի դազգահները բերվել են Ռուսաստանից, ապրանքը եղել է բարձորակ, իրացվել է տարբեր վայրերում, իսկ որ ամենակարևորն է, Գյումրու այս ձեռնարկությունում աշխատելու համար բազմաթիվ ռուսներ են տեղափոխվել ապրելու Հայաստանի երկրորդ քաղաք: Նկատենք, որ մինչ երկրաշարժը այդ ռուսները բնակվում էին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, այդտեղ գտնվող հանրակացարաններում, մեծամասամբ կանայք էին, որոնք մինչև օրս գյումրեցիների հիշողության մեջ մնացել են որպես Ֆեզեի ռուսներ:
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպման վերջում ևս մեկ անգամ ասաց, որ անհարժեշտ է փնտրել շրջաններ, որոնք իրենց գործարարներին կուղղորդեն Շիրակի մարզ, ՌԴ դեսպանն էլ իր հերթին տնտեսական համագործակցության առումով առատ խոստումներ տվեց Շիրակի մարզպետին: Նա ասաց, որ կկապվի իրենց առևտրաարդյունաբերական պալատի հետ` տեսնելու` ինչ է հնարավոր անել: Ֆելիքս Ցոլակյանը դեսպանին Սամվել Բալասանյանի մոտ ճանապարհելիս նրան խորհուրդ տվեց Գյումրու քաղաքապետի հետ խոսել ավելի բաց ու անկեղծ:
Գյումրու քաղաքապետարանում ՌԴ դեսպանը խոսեց Հայաստանի մաքսային միությանը անդամակցելուց:
Այս մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ