Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի գավառն է»

Դեկտեմբեր 09,2013 18:39

«Այս հայտարարության հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը գավառ է, ծայրամաս ռուսական կայսրության համար»,-Aravot.am-ի հարցին՝ ռուսական կողմից Հայաստանի վերաբերյալ՝ ֆորպոստ բնութագրումները ինչի՞ մասին են վկայում, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան ՍաՖարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը օրեր առաջ այսպիսի հայտարարությամբ  էր հանդես եկել. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ինքնատիպ ֆորպոստ Կովկասում եւ հասկանալի է, որ այն քաղաքական գործընթացների պայմաններում, որ ընթանում են բուն Հայաստանում, Վրաստանում կամ արդեն իրականացել են, ամեն դեպքում Ռուսաստանը ունի խիստ որոշակի վերաբերմունք Վրաստանի կապակցությամբ ու այդ պայմաններում Հայաստանը հանդիսանում է որոշակի ֆորպոստ Ռուսաստանի համար Կովկասում»:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ «խաղը չի ավարտվել սեպտեմբերի 3-ով, այլ ՌԴ-ի համար այն նոր-նոր է սկսվել»: Այնուհետև մանրամասնեց. «Այս կտրվածքով ռուսական կողմը չի զլանալու հայտարարություններ անել և ՀՀ-ին ճնշի մինչև Եվրասիական միության լիարժեք անդամակցություն, քանի որ ՀՀ-ն դեռ չի միացել, այլ ընդամենը հայտարարություն է արել Մաքսային Միության անդամակցության մասին»: Մեր այն դիտարկմանը, թե ռուսական կողմից եկող ճնշումները սաստկանալու՞ են, պարոն Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Եթե Երևանը փորձի կասկածի տակ դնել Մաքսային Միությանն իր անդամակցությունը, ապա անշուշտ ճնշումներն ուժեղանալու են»:

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ տեղին չէ Ռուսաստանից նեղանալը ու շեշտում. «Երբ երկրները իրար հետ հարաբերություններ են հաստատում, ամեն մեկը մյուսի համար դառնում է մի ինչ-որ բան: Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, մենք էլ կարող ենք ասել, թե Ռուսաստանը մեզ համար մի մահակ է դարձել, որով կարող ենք խփել մյուսների գլխին: Այլ երանգներ պետք չէ տեսնել: ՌԴ-ն Կովկասում խոշորագույն ռազմական միավորում է ստեղծում և դա ավելացնում է ՌԴ անվտանգությունը ու կտրուկ ավելացնում նաև ՀՀ անվտանգությունը»:

Իսկ այն դիտարկմանը, թե ռուսական կողմից հնչող նման «խոստովանությունները» չե՞ն վկայում այն մասին, որ սեպտեմբերի 3-ի որոշումն իսկապես ճնշման ներքո է կայացվել, պարոն Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Անկասկած, ճնշման ներքո է կայացվել»:

Ղարաբաղ կոմիտեի անդամը կարծում է, որ այս խաղը մեզ հետ կապ չունի՝ դա ՌԴ-Ամերիկա հարաբերություններին է վերաբերում, երբ «մեկը հաղթում է մյուսին»: Այնուհետև հավելում. «Նեղանում ենք, որ ի՞նչ: Դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Ինչպես ասում են՝ մենք ենք, մեր սարերը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031