Դեկտեմբերի 11-ին բացառիկ նախագծով կեզրափակվի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարը: Փակման համերգին միասին հանդես կգան «Կամերատա Զալցբուրգ» աշխարհահռչակ նվագախումբը եւ «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանը: Կհնչեն Ստրավինսկու, Մոցարտի եւ Բեթհովենի գործերից:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը՝ իրենց փառատոնի իմաստն ու առաքելությունն է նման «տրամաչափի» երաժիշտներին Հայաստան բերելը. «Այդպիսով, բացի բարձրորակ երաժշտություն ունկնդրելուց, ի դեմս իրենց մենք ունենում ենք փառատոնի ընկերներ եւ դեսպաններ երկրի համար, ինչը Հայաստանի պարագայում շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է Պինկաս Ցուկերմանին, ցանկացած երկիր ջանք չէր խնայի նրան իր բարեկամ համարելու համար: «Կամերատա Զալցբուրգը» Եվրոպայի լավագույն խմբերից է, իրենց՝ Հայաստան գալը թե՛ մշակութային, թե՛ քաղաքական առումով մեծ իրադարձություն է: Եվ ընդհանրապես եթե նայեք, ամբողջ տարվա ընթացքում մենք հրավիրել ենք միայն աշխարհահռչակ երաժիշտների, որոնք հանդես են գալիս նաեւ որպես հասարակական գործիչներ»:
Հետաքրքրվեցինք՝ երկա՞ր են տեւել բանակցությունները «Կամերատա Զալցբուրգ» եւ Պինկաս Ցուկերմանի հետ: «Որոշ դեպքերում արտիստների հետ բանակցությունները տեւում են 4-5 տարի, կան երաժիշտներ, որոնց հետ երկու տարի ենք բանակցում: Ցուկերմանի դեպքում նախաբան կար: Ժամանակին շատ երկար աշխատել էինք, որ նա 2010-ին գար Հայաստան՝ իր հետ բերելով «Ցուկերման կամերային կատարողներ» փոքր խմբին: Դա առաջին ջանքն էր, որ նրան ընդհանրապես կարողանայինք բերել մեր երկիր: Հետո երկու տարի էլ համոզեցինք, որ նա որպես մենակատար հանդես գա Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բնականաբար անծանոթ նվագախմբի հետ այդ կարգի մենակատարը ցանկություն չուներ հանդես գալու, բայց մեր բանակցությունները դրական արդյունք տվեցին: Եվ այն, որ Ցուկերմանը նվագեց Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, այլեւս արձանագրված փաստ է մեր ֆիլհարմոնիկի կենսագրության մեջ: Հասել ենք նրան, որ Ցուկերմանը հիմա էլ առանց երկար բանակցությունների «Կամերատա Զալցբուրգի» հետ կգա Երեւան: Մենք լուրջ ծրագրեր ունենք Պինկաս Ցուկերմանի հետ կապված, որպեսզի հետագայում ինչ-ինչ աջակցություններ եւ ծառայություններ մատուցի Հայաստանին, որպես փառատոնի ընկեր եւ երկրի բարեկամ»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ